Սեւ փողերի հինգ տոկոսը

04/11/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Անցնող տնտեսական շաբաթվա հիմնական նորությունները պանրի թանկացումն ու կենսաթոշակային խորհրդարանական լսումներն էին: Տնտեսական մրցակցության հանձնաժողովը հայտարարեց, որ ուսումնասիրելու է պանրի շուկան: 10-15 օրից ինչ-որ բան կհրապարակվի: Բայց հույս կապել իհարկե պետք չէ: Ձվի շուկան էլ ամառն ուսումնասիրվեց: Ուսումնասիրվեց ու ոչինչ չհայտնաբերվեց: Նույնիսկ այն` ինչ գիտեին բոլորը: Փոխարենը` հետաքրքիր զարգացումներ են խոստանում կենսաթոշակային ոլորտի բարեփոխումները: Բարեփոխումների հեղինակը Կենտրոնական բանկն է: Թե «ինչո՞ւ»՝ բացատրեց Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա՝ ԿԲ նախկին նախագահ, ՀՀ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ մեծ ազդեցություն ուներ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա եւ ժամանակին Կենսաթոշակային հիմնադրամի կառավարումն իրենով արեց: Հիմա հերթը հասել է բարեփոխումներին: Խորհրդարանին առաջարկված օրենքի նախագծով կենսաթոշակային նոր համակարգ է ներդրվելու: Ինչ-որ իմաստով երկաստիճան համակարգ` կենսաթոշակների պարտադիր եւ կամավոր կուտակային համակարգեր: Պարտադիրը ներդրվելու է 2014թ.-ից: Կամավորը` 2011-ից: Կամավոր կուտակային համակարգում կարող են մասնակցել բոլոր աշխատողներն՝ առանց տարիքի սահմանափակման: Կարծում եմ, որ եկամտահարկի 26 տոկոսանոց «բեռը» եւ բազմաթիվ այլ պատճառներ աշխատանք ունեցող քաղաքացիներին հնարավորություն չեն տա կամավոր մուծումներ անել հետագա բարձր թոշակ ստանալու հույսով: Ուստի առանց պայծառատեսի դափնիներ ակնկալելու՝ կարելի է ենթադրել, որ այս համակարգը չի գործելու: Հետեւաբար՝ այն վերլուծելու վրա ժամանակ վատնել պետք չէ: Փոխարենը՝ պետք է մանրամասն վերլուծել առաջին համակարգը: Հատկապես այն պատճառով, որ ի վերջո ընդունվելու է: Մեր խորհրդարանի աշխատաոճին ծանոթ ցանկացած մարդ գիտի, որ կառավարության ներկայացրած օրենքի բոլոր նախագծերն ընդունվում են: Ընդունվում են առանց լուրջ փոփոխությունների: Իսկ կենսաթոշակային նոր հիմնադրամում մուծումները պարտադիր են լինելու: Պարտադիր` 40 տարեկանից ցածր ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Նրանք բոլորը 2014թ. սկսած պարտավոր են իրենց աշխատավարձի 5 տոկոսը կուտակել հիմնադրամում: Բայց ապագա հիմնադրամը միայն այս 5 տոկոսի հույսին չի մնալու: Հավաքագրած գումարի չափով մուծումներ անելու է նաեւ ՀՀ կառավարությունը: 5 տոկոս գումարած 5 տոկոսը, փորձագետների գնահատականով, տարեկան կազմելու է մոտ 600 մլն դոլար: «Ովքե՞ր եւ ինչպե՞ս են տնօրինելու այս գումարը» հարցը թերեւս մի քանի հոգու է հետաքրքրում: Նրանց, ովքեր կարող են այդ գումարը որեւէ մեկին տրամադրելու որոշում ընդունել: Եվ այն մի քանի օլիգարխին, ովքեր հավակնելու են առավել մեծ գումար փոխ ստանալ կենսաթոշակային պարտադիր կոչված հիմնադրամից: Թե որ օլիգարխին որքան գումար է բաժին հասնելու՝ հասարակությանը քիչ է հուզում: Հասարակությունը, լավագույն դեպքում, այն ընկալելու է որպես նոր հարկատեսակ: Վատագույն տարբերակում այն ընկալվելու է որպես խորհրդային կորած ավանդների ապագա կրկնօրինակ: Կենսաթոշակային օրենքի նախագծում, իհարկե, ահագին պուպուշ բաներ կան: Օրինակ` այն, որ 5 տոկոսը պետությունն է մուծելու, կամ, որ պետությունը երաշխավորում է ներգրավված գումարի 5 տոկոսը: Պուպուշ փաստ է նաեւ այն, որ պետությունն այդ 5 տոկոսը հենց այնպես չի երաշխավորում, այլ՝ «ճշգրտված գնաճով»: Տեսեք, թե ինչ կատարվեց: Պետությունը աշխատավարձ ստացող մարդուն պարտադրելու է իր աշխատավարձի 5 տոկոսը պահուստավորել հիմնադրամում: Խոստանում է եւս 5 տոկոս վճարել նրա փոխարեն: Բայց իր վրա պատասխանատվություն է վերցնում միայն 5 տոկոսի համար: Այս դեպքում «գնաճով ճշգրտված» արտահայտությունը համարյա իմաստազուրկ է: Նախ, այն պատճառով, որ մեր հարազատ պետությունը գնաճի հաշվարկման սեփական մեթոդաբանություն ունի: Մեթոդաբանություն, որ տնտեսագիտության եւ տրամաբանության սահմաններում բացատրելի չէ: Ամեն տարի գնաճի մի քանի տոկոսանոց ցուցանիշ է հրապարակվում, որն իրական գնաճից մի քանի անգամ փոքր է: Հետեւաբար՝ նույն այդ իրական գնաճն է խժռելու կենսաթոշակային կուտակումները: Եթե նման կասկածներ կան պետության կողմից երաշխավորվող 5 տոկոսի համար, ապա չերաշխավորված 5 տոկոսը կարելի է գնահատել խիստ ռիսկային: Ակնհայտ է, որ այդ գումարները (5 տոկոս երաշխավորվածն ու 5 տոկոս չերաշխավորվածը միասին)՝ վարկի կամ այլ տեսքով տնօրինության են տրվելու: Տրվելու են մեր խոշոր գործարարների ազնիվ դասին: Մինչդեռ եւ հարկային վիճակագրության, եւ Հայաստանի տնտեսությանը միջազգային ֆինանսական կառույցների տրված գնահատականներով՝ մեր պետությունն ահագին բարդություններ ունի խոշոր գործարարներից հարկ հավաքելու հարցում: Լրացուցիչ ու լուրջ վերլուծության խնդիր են այն պահանջները, որոնք պետությունը դնելու է կուտակային պարտադիր հիմնադրամի առջեւ: Փոխարենը ակնհայտ է, որ այդ հիմնադրամի գործարքների անհաջողությունը 50 տոկոսի չափով պետությունն «ապահովագրում» է: Իսկ պետություն ասածն այս դեպքում մենք ենք: Իսկապես մենք ենք: Ոչ այն իմաստով, որ օգտվելով սահմանադրական իրավունքից՝ ընտրությունների միջոցով իշխանություն ենք ձեւավորում: Այլ ամենաուղիղ իմաստով: Հիմնադրամի կամա եւ ակամա բոլոր անհաջողությունների համար պատասխանատու ենք մեր մուծած հարկերով: Բայց դարդ անել պետք չէ: Կենսաթոշակ Հայաստանում ստանում են միայն 65 տարին լրացած քաղաքացիները: Իսկ նրանց թիվը մեծ չէ: Մեր չինովնիկները հավանաբար հաշվի են առել այս փաստն իրենց հաշվարկներում: