Զրուցակիցս «Շարմ» հոլդինգի նախագահ Ռուբեն Ջաղինյանի մայրն է` Սվետլանա Ջաղինյանը: Տիկին Սվետլանան մասնագիտությամբ բժիշկ-սրտաբան է: Հետաքրքիր եւ գեղեցիկ այս կինն այսօր ապրում է իր որդիների հաջողություններով, ինչպես նաեւ զբաղվում է Ջրվեժի իրենց ամառանոցի ծաղիկների խնամքով: Ծաղկազարդ իրենց ամառանոցը Ռուբենը կատակով անվանում է իրենց երրորդ եղբայր:
– Ես ապրում եմ Ռուբենի փառքի ճառագայթների ջերմության ներքո, իսկ մորը ոչինչ ավելին պետք չէ երջանիկ լինելու համար:
Մեր ընտանիքն այն երջանիկ ընտանիքներից է, որտեղ երեխաները ծնվում եւ ապրում են միայն մեծ սիրո մթնոլորտում: Այդպիսի սիրո արդյունք են Ռուբենն ու իր մեծ եղբայրը: Ամուսնուս մահից հետո մենք մնացինք միայնակ: Ճակատագիրն անողոք էր, բայց ես պետք է ապրեի հանուն որդիներիս: Սկսեցի աշխատել սրտաբանական ինստիտուտում: Ռուբենը փոքր հասակում «համով չարաճճի» տղա էր: Մինչեւ 8-րդ դասարանը նա բավականին կարճահասակ էր, եւ ես շատ էի մտահոգվում: Իհարկե, ինչպես տեսնում եք, մտահոգությունս տեղին չէր: Արդեն այդ տարիքում նրա մեջ երեւում էր լավ կազմակերպչի ջիղը: Դպրոցն ավարտելուց հետո կտրականապես հրաժարվեց ընդունվել թատերական ինստիտուտ, չնայած ուներ համապատասխան տվյալներ: Նույնիսկ մի առիթով Խորեն Աբրահամյանը, դիտելով ԵրՊԲԻ-ի խաղերից մեկը, առաջարկել էր նրան միանգամից նստել Թատերական ինստիտուտի 3-րդ կուրսում:
– Ռուբեն Ջաղինյանը ճանաչված դարձավ KBH-ի խաղերով: Ի՞նչ էր զգում նրա մայրն այդ ժամանակ:
– Ես սրտի թրթիռով եմ հիշում որդիներիս ամեն մի բարձունք հաղթահարելը: Հիշում եմ, թե ինչպես հուզվեցի, երբ առաջին անգամ փողոցում լսեցի` «տես, տես Ջազի մաման է» արտահայտությունը: Իմ օրհնությունը բոլոր խաղերի ժամանակ միշտ ուղեկցել է տղաներին: Իսկ նրանց առաջին բեմելը՝ կարմիր գոտիներով, իմ մտահղացումն էր, եւ ես էլ մինչեւ ուշ գիշեր կարի մեքենայով կարում էի դրանք: 90-ականների դժվար տարիներին մեր տղաները միակ լուսավոր կետն էին այդ տխուր իրականության մեջ: Իհարկե, ցավոք, այն ժամանակվա Հայաստանի իշխանությունները ոչնչով չօգնեցին ու չաջակցեցին նրանց: Նրանք փայլուն հաղթանակով վերադարձել էին, իսկ օդանավակայանում դիմավորում էինք միայն մենք՝ նրանց հարազատներն ու մտերիմները: Փոխարենը` ադրբեջանական իշխանությունները տներ ու մեքենաներ էին նվիրում իրենց թիմի տղաներին՝ երկրի պատիվը բարձր պահելու համար:
– Ո՞րն է եղել Ձեր դերը Ռուբենի կայացման գործում։
– Երբեմն ինձ հարցնում են.«Ինչպե՞ս ես նման երեխաներ մեծացրել», իսկ ես պատասխանում եմ՝ միայն անսահման սիրով: Իմ փորձից ելնելով` կարող եմ ասել մի բան. երեխան ավելի ճիշտ է դաստիարակվում, եթե նրան սիրում եւ գնահատում ես որպես անհատականություն: Ես իմ երեխաներին սովորեցրել եմ առաջին հերթին լինել ինքնավստահ, եւ դա հետագայում շատ օգնեց նրանց կայանալ եւ՛ որպես մարդ, եւ՛ որպես գործարար: Ասում են, որ տղաներս շատ կապված են ինձ հետ: Մի այսպիսի խոսք կա, որ երբ երեխան ծնվում է՝ մի ձեռքով մորն է բռնում, մյուս ձեռքով՝ հորը: Մեր դեպքում այլ էր. քանի որ ամուսնուս շուտ կորցրեցի՝ նրանց եւ հայրը, եւ մայրը ես էի: Նա շատ ջերմ որդի է, բայց ես երբեք իմ էգոն բավարարելու համար չեմ փորձել ցավ պատճառել որդուս՝ չարաշահելով նրա բնավորության այդ լավ գիծը: Նա անսահման բարի ու աշխատասեր անձնավորություն է, իսկ ինձ համար՝ կասեի անթերի: Ամեն նախագծի իրականացումը Ռուբենից ու իր թիմից մեծ ու քրտնաջան աշխատանք է պահանջում: Հենց վերջին «Երեւան-Մոսկվա տրանզիտ» ձայներիզի թողարկումն ինչպիսի՜ աշխատանքի արդյունք է, եւ ես էլ նրա հետ հուզվում եմ՝ արդյոք ամեն ինչ լա՞վ կլինի… Բայց նրա նպատակասլացությունը, աշխատասիրությունն ու իմ օրհնանքը միշտ հաջողություն են բերում: Ի դեպ, վերջերս Մոսկվայում Հեռուստատեսության եւ ռադիոյի միջազգային ակադեմիայի կողմից նրան շնորհվել է ակադեմիկոսի կոչում:
– Տիկին Սվետա, որքան գիտեմ, Ձեր հայրը, Ձեր ամուսինը ոչ պակաս հայտնի մարդիկ են եղել: Հայտնի մարդու աղջիկ, կին, հայտնի որդիների մայր, ո՞ր դերում եք Ձեզ փառքին մոտ կանգնած զգում:
– Իհարկե, մոր դերում: Թեկուզ այն ժամանակ ավելի երիտասարդ էի, բայց իմ երեխաների ձեռքբերումները ես համարում եմ նաեւ իմ աշխատանքի փոխհատուցում: Միշտ Ռուբենին ասել եմ՝ երբեք չնախանձես կողքիդ կանգնածին: Եթե նա առավել է՝ աշխատիր, հասիր ու անցիր, բայց երբեք մի նախանձիր:
– Համոզվա՞ծ եք, որ կհամակերպվեք Ռուբենի ցանկացած ընտրության հետ՝ ապագա հարսնացուի հետ կապված:
– Այո, անպայման, որովհետեւ ինչ հարցում էլ Ռուբենն իրեն լավ զգա, ուրեմն ես էլ պարտավոր եմ համակարծիք լինել նրան: Եվ բացի այդ, ընտրությունը նրանն է, ու զարմանքով եմ վերաբերվում այն մայրերին, ովքեր խանդում են իրենց որդիներին: Բոլոր մայրերը պիտի հասկանան, որ իրենց զավակի կյանքում սիրելիի հայտնվելը միայն ուրախություն է, եւ մոր հանդեպ սերը դրանից երբեք չի նվազում: Նման դեպքերում պետք է մայրերը գիտակցաբար մեկ քայլ ետ գնան: Ես արդեն նման ձեւով վերաբերվում եմ մեծ հարսիս: Ես ապրում եմ մի նշանաբանով՝ եթե ծնել ու սնել եմ զավակիս, դա դեռ չի նշանակում, որ նա պետք է դառնա իմ կամակատարը, այլ ճիշտ հակառակը, աշխատում եմ ետ պահել նրան նույնիսկ կենցաղային հոգսերից, եւ ինքս եմ հարմարվում նրան:
– Այդ դեպքում, քանի որ Ռուբեն Ջաղինյանը սովոր է հեռու մնալ ընտանիքի հոգսերից, չե՞ք կարծում, որ հետագայում կնոջ հետ խնդիրներ կծագեն:
– Այո, երբեմն ես էլ եմ այդպես կարծում ու միշտ ասում եմ՝ խեղճ Ռուբենի կին… Բայց, միեւնույն ժամանակ, լավատես եմ, որովհետեւ Ռուբենը եւս հոգատար մարդ է, եւ հնարավոր չէ` չկիսի ընտանիքի հոգսերը:
– Ո՞րն է Ձեր ծննդավայրը:
– Ես ծնվել եմ Օրջոնիկիձեում: Հայրս Ռոստովի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից է եղել: Նախահայրերս էրզրումցիներ էին: Պապս Ուկրաինայում ունեցել է շոկոլադի արտադրություն, որը ներմուծում էր Ֆրանսիայից: Նույնիսկ տղաներս իրենց համարում են «շոկոլադի բարոնի» հետնորդներ: Մենք Երեւան ենք եկել Հայրենական Մեծ պատերազմից հետո: Հայրս շատ խիստ մարդ էր, եւ դա իր ազդեցությունն անկասկած ունեցել է տղաներիս դաստիարակության գործում:
– Ինչպիսի՞ անհատականություն է Սվետլանա Ջաղինյանը եւ ի՞նչ նախասիրություններ ունի:
– Ես ինձ համարում եմ իմաստուն կին: Թող սա չհնչի որպես ինքնագովասանք, բայց ես շատ մարդասեր եւ բարյացակամ անձնավորություն եմ, եւ դրա համար է, որ չնայած այժմ չեմ աշխատում, բայց զանգահարում են մարդիկ եւ ցանկություն հայտնում, որ իրենց բուժմամբ ես զբաղվեմ: Շռայլ եմ հաճոյախոսություններ անելու հարցում, քանի որ դրանով եւս մարդուն դրական լիցքեր են հաղորդվում, իսկ ինչո՞ւ ոչ… Այսօր ես ունեմ իմ հետաքրքրությունների շրջանակը, շատ եմ սիրում լինել մեր ամառանոցում, որտեղ ամեն մի ծառի, թփի ու վարդի ձեւավորման համար խորհրդակցում եմ մասնագետների հետ: Վերջին տարիներին այն դարձել է իմ հոբբին, եւ երբեմն Ռուբենն ասում է՝ ամառանոցը մեր երրորդ եղբայրն է: Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ:
– Ինչպիսի՞ տատիկ եք դուք:
– Հարսս ասում է որ ես անչափ երես եմ տալիս թոռներիս: Ճապոնական փիլիսոփայության համաձայն, երեխաներին ամեն ինչ կարելի է եւ թույլատրելի է, որին ես համամիտ եմ: Դրանով էլ ես առաջնորդվել եմ իմ երեխաներին դաստիարակելիս, սակայն, ասում են, ժամանակները փոխվել են: Միգուցե…
– Ձեր խոհանոցով միշտ Դո՞ւք եք զբաղվում:
– Այո: Եվ Ռուբենի շնորհիվ ես այսօր չտեսնված խոհարար եմ, որովհետեւ նա սիրում է բազմազան եւ համեղ ուտել: Շատ է սիրում հավի մսով պատրաստված կերակրատեսակներ: Ինչը չեմ կարող ասել ձկնեղենի մասին: Նրա շրջապատում բոլորը գիտեն, որ եթե նույնիսկ երկու օր հետո պիտի հանդիպեն Ռուբենին, ուրեմն ձուկ չպիտի ուտեն: Երեկոյան չի սիրում ուտել, ծխում է շատ քիչ: