Միակ երկիրն է, որտեղ ինձ անվանում են Խան ջան

04/11/2010

Օրերս Հայաստանում էր ԱՄՆ Վիրջինիա Թեք/Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտի եւ պետական համալսարանի Հյուրընկալության եւ զբոսաշրջության կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Մահմուդ Խանը, ով արդեն 30 տարի ներգրավված է հյուրընկալության եւ զբոսաշրջության կառավարման ոլորտում հետազոտությունների անցկացման, դասավանդման, ղեկավարման աշխատանքներում: Հայաստանում նա հանդիպումներ ունեցավ այնպիսի ռեստորանների եւ հյուրանոցների ղեկավարների հետ, որոնցից են՝ «Սքուեր Ուան», «Բրավո» ռեստորանները, «Ջազզվեն», «Կակտուսը», «Կաֆե Ցենտրալը», «Քլաբը», «Արթբրիջը», «Լըբուշոնը», «Բաոբաբը», «Արթուրզ» հանգստյան տունը, «Գոլդն Թուլիփ Հոթել Երեւան» եւ «Վայք» հյուրանոցները: ՀՀ-ում գտնվելու ընթացքում հանդիպեցինք Մահմուդ Խանի հետ, որի արդեն չորրորդ այցելությունն է մեր երկիր:

– Ի՞նչ ծրագրով եք գտնվում Հայաստանում:

– Ինձ այստեղ է բերում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը: Այցելություններիս նպատակն է` հղկել, մշակել, զարգացնել Հայաստանում հյուրընկալության ոլորտի աշխատողների հմտությունները:

– Ի՞նչ փոփոխություններ եք նկատում Հայաստանում` Ձեր նախորդ այցելությունների համեմատ:

– Քանի որ իմ այցելությունների միջեւ եղած ինտերվալը շատ մեծ չէ` հաճախ եմ գալիս Հայաստան (երկու տարվա ընթացքում արդեն չորրորդ այցելությունս է), փոփոխություններն էական չեն, շատ փոքր ու չնչին են: Այնուամենայնիվ, զրուցելով մարդկանց հետ, տեսնում եմ, որ նրանք որոշակիորեն կիրառում են նախորդ վերապատրաստումների արդյունքում ձեռք բերած հմտությունները, բացի այդ, նրանց մոտ նաեւ վերաբերմունքի որոշակի փոփոխություն եմ նկատում:

– Հայաստանում տուրիստական ո՞ր վայրերում են առավել զարգացած ենթակառուցվածքները եւ ինչո՞վ է դա պայմանավորված:

– Եթե համեմատեմ, ապա ընդհանուր գծերով Հայաստանում տուրիզմի եւ հյուրընկալության ոլորտի ենթակառուցվածքները շատ նման են ցանկացած զարգացող երկրի ենթակառուցվածքներին: Սակայն Հայաստանում զարգացման պոտենցիալը շատ մեծ է, որն անհրաժեշտ է օգտագործել` համակարգային փոփոխություններ կատարելով ոլորտում:

– ՀՀ-ում տուրիզմի զարգացման ի՞նչ հեռանկարներ կան:

– Ընդհանուր առմամբ Հայաստանում կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է աշխատուժի զարգացման համար: Սակայն առաջնահերթ կարեւոր է մտածելակերպի, գիտակցության փոփոխությունը, որպեսզի համակարգում փոփոխությունները հնարավոր դառնան, օգտագործվի ամբողջ ներուժը` այն իր նպատակին ճիշտ ծառայեցնելով:

– Ինչպե՞ս հասնել այդ փոփոխություններին:

– Ընդհանուր առմամբ այստեղ ամեն ինչ շատ կարծրացած եւ խիստ է: Հաճախ հյուրանոցների աշխատակիցներին հարցնում ես. «Որտե՞ղ ես եղել, ի՞նչ ես տեսել»: Պարզվում է` իրենք զարգացած տարբերակը չեն տեսել, լավագույնը չեն տեսել, որպեսզի համեմատելու հնարավորություն ունենան: Այդ պատճառով շատ կարեւոր է, որպեսզի նրանք գնան արտերկիր, շատ բան տեսնեն, համեմատելու հնարավորություն ունենան, վերապատրաստման դասընթացներ ունենան: Պետք է զարգանա նաեւ այցելուների, հաճախորդների սպասարկման մակարդակը եւ շեշտադրվի հյուրընկալությունը, որը կաղում է:

– Փաստորեն, հայերը, համարվելով հյուրասեր, հյուրընկալ ազգ, կաղում են այդ հարցում: Հակասություն չե՞ք նկատում:

– Իհարկե, հակասություն կա: Դա պայմանավորված է նրանով, որ «հյուրընկալություն» ասվածի մեջ տարբեր իմաստներ ենք դնում: Այն, ինչ հյուրընկալություն է համարվում Հայաստանում, կարող է որպես հյուրընկալություն չընկալվել տարբեր ազգերի կողմից: Պատճառն այն է, որ Հայաստանում բազմամշակութային ասպեկտը չկա` ծանոթ չենք տարբեր մշակույթներին, որպեսզի կարողանանք համապատասխան մոտեցում ցուցաբերել տարբեր ազգերի ներկայացուցիչների նկատմամբ:

– Այս տարվա հոկտեմբերին հատուկ դասընթաց վարեցիք, որն ուղղված էր Հայաստանի ռեստորանների, սննդի սպասարկման եւ հյուրընկալության ոլորտներում աշխատուժի համապատասխան հմտությունների զարգացմանը: Դասընթացի ժամանակ ի՞նչը Ձեզ ուրախացրեց, զարմացրեց եւ տխրեցրեց:

– Ինձ ուրախացրեց խմբի մասնակիցների, հատկապես՝ ուսանողների մոտիվացված, հետաքրքրված լինելը, նրանք կարծես սպունգ լինեն` «քաշում են» ամբողջ ինֆորմացիան: Ես երեկ եմ վերադարձել Ջերմուկ քաղաքից, որտեղ առավոտից երեկո դասախոսություն էի կարդում Պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի տուրիզմի բաժնի ուսանողների համար: Զարմացած եմ ուսանողների խանդավառությամբ, հետաքրքրվածությամբ, անգլերենի իմացությամբ, նոր բան սովորելու շահագրգռվածությամբ: Ինձ ուրախացնող երկրորդ փաստն այն է, որ վերապատրաստումներից հետո իմ հաջորդ այցերի ժամանակ, երբ խոսում եմ մասնակիցների հետ, նրանք նշում են, որ ստացած գիտելիքները կիրառել են. դա ինձ համար ամենաերջանիկ պահն է: Ինձ տխրեցրել է այն, որ այս ոլորտի որոշ աշխատակիցներ եւ ղեկավարներ լուրջ վերաբերմունք չեն դրսեւորում հարցի նկատմամբ. թվում է` վերապատրաստման դասընթացի մասին հայտարարելուց հետո ավելի շատ մարդիկ պետք է շահագրգռված լինեն մասնակցելու: Սակայն նրանցից շատ-շատերը, ապահովելով այն, ինչ իրենց անձամբ պետք է, չեն ձգտում ավելիին: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մեծ ընկերություններ կարող են «գալ» շուկա, իսկ դա անխուսափելի է, եւ այդ մրցակցության պայմաններում ներկայիս ընկերություններից շատերը վերապատրաստումների պակասի, դրանից բխող հետեւանքների արդյունքում ուղղակի կարող են ոչնչանալ: Տխրեցնող հանգամանք է նաեւ այն, որ Հայաստանում շատ լավ վայրեր կան, որոնք չեն լուսաբանվում, աշխարհը չի իմանում դրանց մասին, եւ ստացվում է, որ դրանք թաքնված հրաշքներ են, որոնք լուսաբանման, ճիշտ ներկայացման, գովազդի եւ մարքեթինգի կարիք ունեն: Զարմացնող հանգամանքներից մեկն արդեն նշեցի` սովորելու նկատմամբ հետաքրքրվածությունն է: Երկրորդը` մարդկանց ջերմ վերաբերմունքն է, բարյացակամությունը, որի շնորհիվ գերազանցվեցին սպասելիքներս առաջին անգամ Հայաստան գալու ժամանակ: Չեմ կարող չնշել նաեւ մարդկանց գեղեցիկ արտաքինը, որն ինձ եւս հաճելիորեն զարմացրեց:

– Զբոսաշրջիկների համար արդյոք մատչելի՞ են հայաստանյան գները: Եթե ոչ, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Անձամբ ինձ համար գները մատչելի են տարբեր պատճառներով, սակայն միջին տուրիստի համար գներն այստեղ թանկ են: Ի դեպ, ինձ այստեղ շատ է զարմացնում այն հանգամանքը, որ երեկոյան ժամերին, երբ շրջում եմ քաղաքում, սրճարաններն ու ռեստորանները լի են մարդկանցով, ովքեր դրսում են սնվում եւ կարողանում են օգտվել թանկ հաճույքներից: Իհարկե, դա ինձ մոտ մեծ տարակուսանք է առաջացնում, երբ համեմատում եմ` մարդիկ որքան են վաստակում եւ որքան են ծախսում:

Իհարկե, թանկ գները խանգարում են Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Միջին տուրիստը, որ պետք է գա Հայաստան, տեսնելով, որ նմանատիպ որեւէ այլ երկրի համար կարող է վճարել ավելի քիչ գումար, կգերադասի գնալ այնտեղ: Կլինեն նաեւ դեպքեր, երբ մարդիկ կգան Հայաստան եւ նախատեսվածից ավելի կարճ ժամանակ կմնան այստեղ: Այսինքն` բարձր գները սահմանափակող հանգամանք կարող են հանդիսանալ: Բայցեւ, չնայած այդ ամենին, եթե մարդը Հայաստան գալու շարժառիթներ եւ մեծ ցանկություն ունենա, ապա գումարը խոչընդոտ չի կարող հանդիսանալ:

– Հայաստանում ո՞ր վայրերն եք սիրում հաճախել: Ծանո՞թ եք արդյոք հայկական խոհանոցին, եւ ո՞ր ճաշատեսակն է Ձեզ հատկապես դուր եկել:

– Բավական հետաքրքիր վայրերում եմ եղել: Երեկ, ինչպես ասացի, Ջերմուկում եմ եղել, դուրս շատ է եկել, դրանից 2 օր առաջ Եղեգնաձոր էի այցելել, այնտեղ նույնպես շատ հետաքրքիր էր, իսկ մինչ այդ ավելի փոքր քաղաքներում եմ եղել: Հայաստանում իմ հաճախած բոլոր վայրերն էլ շատ եմ հավանել: Ինչ վերաբերում է ուտելիքներին, ինձ շատ է դուր գալիս հատկապես սննդի թարմությունը` թարմ մրգերը, բանջարեղենը, շատ եմ հավանել նաեւ լավաշը: Մեծ հույս ունեմ, որ չեք սկսի ներմուծել դրսի մթերքներ` մասնավորապես մրգեր ու բանջարեղեն, այլ կպահպանեք դրանք ինչպես ունեք` որակյալ եւ թարմ:

– Ի՞նչ տպավորություններ, հիշողություններ ունեք հայաստանյան Ձեր այցերից:

– Կարեւոր բանը, որ տանում եմ ինձ հետ, մարդկանց ջերմությունն է: Լինելով 36 երկրներում եւ համեմատելու լայն հնարավորություն ունենալով` կարող եմ ասել, որ շատ երկրներում թեեւ մարդիկ ժպտերես, ընկերական եւ հյուրընկալ են երեւում, բայց այդ ամենը շատ արհեստական եւ մակերեսային է: Այստեղ այն համոզմունքն ունեմ, որ մարդիկ շատ անկեղծ են, կարճ ժամանակ ճանաչելուց հետո նրանք դառնում են ընտանիքիդ անդամը: Ինչպես ձեր միրգն ու բանջարեղենն են թարմ ու համեղ, այնպես էլ մարդիկ ու նրանց հարաբերությունները: Բոլոր այն երկրներում, որոնց հետ ես համագործակցել եմ, ինձ անվանում են պրոֆեսոր Խան, պարոն Խան, դոկտոր Խան, եւ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ինձ անվանում են Խան ջան: Սա նույնպես վկայում է մարդկանց միջեւ եղած մտերմության մասին:

Լիլիթ ՊԵՏԱՆՅԱՆ