Ինֆեկցիան սոցիալական խնդիր է

21/10/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր աշխատակիցն օրերս ստամոքսի սուր ցավերի պատճառով շտապ օգնություն է կանչել, իսկ այցելած բժիշկները շտապել են տեղեկացնել, որ ցավերի պատճառը ստամոքսի գաստրիտ հիվանդությունն է, թեեւ «հիվանդը» բացառում է այս հանգամանքը: Մի քանի օրից մեր աշխատակցի բնակարան են եկել սանէպիդկայանի աշխատակիցներ եւ առանց որեւէ մեկնաբանության բնակարանում առկա իրերից քսուկներ վերցնելով հեռացել են: Բնականաբար, բժիշկների այս պահվածքը ենթադրությունների տեղիք է տալիս, մանավանդ այն դեպքում, երբ օրեր առաջ Աբովյան քաղաքում ջրի պատճառով քաղաքացիների մոտ սուր փորացավ էր սկսվել եւ աղմուկ էր բարձրացել, իբր համաճարակ է տարածվել: Մյուս կողմից էլ` թռչնի գրիպի տարածման հնարավոր վարկածը մարդկանց ակամայից վախի մեջ է պահում: Փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ են մարդիկ արժանացել համաճարակաբանների այսչափ ուշադրությանը: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանն ասում է. «Ընդհանուր ֆոն, աղիքային խանգարման երեւույթներ ամբողջ աշխարհում կան եւ միշտ էլ եղել են: Եթե նույն հասցեից մի քանի դեպքերի ահազանգ է լինում, ուրեմն հնարավոր է հարուցիչ լինի, դրա համար մենք վերահսկողություն ենք իրականացնում, որպեսզի անմիջապես կանխարգելենք: Ոչ մի համաճարակ չկա, ես հերքում եմ այդ խոսակցությունները, իբրեւ թե թունավորումների դեպքերը շատացել են: Սնկային կամ բոտուլիզմի թունավորումներն ամեն տարի էլ լինում են: Քարոզչություն ենք անում, որ չի կարելի անտառներից կամ չվերահսկվող վայրերից սունկ հավաքել: Բոտուլիզմի համար բազմիցս տնային տնտեսուհիներին կոչ ենք արել, որ անհրաժեշտ է պահածոյացված մթերքը եռացնել, նոր օգտագործել»: Պրն Վանյանը, մեզ հետ զրույցում բացառելով թունավորումների շատացման դեպքերի մասին լուրերը, վստահեցրեց, որ նման միջադեպերի ժամանակ հասարակությանն իրենք կիրազեկեն: Մոտ օրերս տեսչությունը հուշաթերթիկներ է տարածելու այն մասին, թե աղիքային խանգարման երեւույթներից, հարուցիչներից զերծ մնալու համար մարդն ինչ պետք է անի: Ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում պրն Վանյանը կարեւորեց անհատի դերը, որն ինքը պետք է հիգիենիկ հսկողություն իրականացնի: Այս խնդիրը մասնավորապես մեծ է գյուղական բնակավայրերում: «Ասենք, գյուղում ինֆեկցիայի դեպք կա, բայց բնական է, եթե երեխան կեղտոտ պայմաններում, առանց լվացվելու սնվում է՝ ինֆեկցիա է անցնում: Սա սոցիալական խնդիր է, որը պետք է կարգավորվի քարոզչության միջոցով: Բայց ձեր ենթադրությունները զանգվածային դեպքերի մասին են, որոնք կարող են ջրամատակարարումից, սննդամթերքից լինել, իսկ մեզ մոտ նման բան չկա, եթե նման դեպք լիներ` մենք հարյուրներով, հազարներով հիվանդներ կունենայինք»,- ասաց պրն Վանյանը: Նա նաեւ շատ բացասաբար է տրամադրված այն մարդկանց հանդեպ, ովքեր նման թյուր տեղեկություններ են տարածում եւ մարդկանց մեջ անտեղի անհանգստություն են առաջացնում: Ինչ վերաբերում է բնակարանների իրերից քսուկներ վերցնելու հանգամանքին, ապա նա բացատրում է. «Ենթադրենք` հարցականով ինֆեկցիա կա, հիվանդին բերում են հիվանդանոց, որը դեռեւս ախտորոշված չէ: Հարցական ինֆեկցիա է, որը կարող է լինել դիֆթերիա կամ մեկ ուրիշ բան: Անկախ ինֆեկցիայի հաստատումից` մենք անմիջապես միջոցառում ենք իրականացնում, որպեսզի կոնտակտ չգնա: Կարող է հաստատվի, որ սովորական աղիքային ինֆեկցիա է, բայց, անկախ դրանից, մենք պետք է միջոցառում իրականացնենք»: Պրն Վանյանի խոսքերով՝ այս տարի տուբերկուլյոզ հիվանդության աճ կա, իսկ ինֆեկցիաների դեպքերի հաճախականությունը չի փոխվել, եղածն էլ հիմնականում սոցիալական խնդիր է: