Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանը հանել է Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից: Ըստ թուրքական լրատվամիջոցների, անցած շաբաթվա ընթացքում այդ երկրի Ազգային անվտանգության խորհուրդը վերանայել է որպես «Կարմիր գիրք» հայտնի հիշյալ ցանկը, որը կոչվում է նաեւ «գաղտնի սահմանադրություն»: Հարեւան երկրների հետ հարաբերություններին վերաբերող այս փաստաթուղթը, որպես կանոն, վերանայվում է հինգ տարին մեկ անգամ: «Jerusalem Post» պարբերականը եւս, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների շաբաթօրյա հրապարակումները, գրում է, որ Թուրքիայի համար սպառնալիք համարվող երկրների ցանկից հանվել են Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Սիրիան, ինչպես նաեւ Իրանը, որին պաշտոնական Անկարան նախկինում համարում էր հիմնական սպառնալիք ներկայացնող պետություն: Այս տարի Թուրքիան առաջին անգամ իր համար սպառնալիք երկիր է համարել Իսրայելը: Փաստաթղթում նշվել է, որ Իսրայելի գործողությունները տարածաշրջանում կարող են հանգեցնել սպառազինությունների մրցավազքի: Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի փաստաթղթում նաեւ նշվել է, որ Մերձավոր Արեւելքը պետք է միջուկային զենքից զերծ տարածաշրջան լինի: Սպառնալիքների ցանկում Թուրքիան ավելացրել է նաեւ օնլայն ահաբեկչությունը եւ երկրագնդի գլոբալ ջերմացումը: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա հիշեցնենք, որ Թուրքիայի հարաբերությունները այդ երկրի հետ խիստ սրվեցին այս տարվա մայիսին, երբ Իսրայելի զինված ուժերը գրոհեցին Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի վրա, արդյունքում` թուրքական նավի վրա 9 մարդ սպանվեց, բոլորը` ազգությամբ թուրքեր: Իսկ անցած շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը տեղեկացրել է, թե բոյկոտելու է Աթենքում անցկացվելիք կլիմայի փոփոխությունների հարցերով միջազգային համաժողովը, քանի որ դրան մասնակցելու է Իսրայելի վարչապետը: