Նիկիտա Միխալկովը, պատճառաբանելով նոր ֆիլմի նկարահանումներն ավարտելու անհրաժեշտությունը, հեռացել է Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնից եւ ստեղծագործական արձակուրդ է մեկնել: Նրա տեղը ժամանակավորապես կզբաղեցնի ռեժիսոր Եվգենի Գերասիմովը:
1997-ից ԿՄ-ն գլխավորող Միխալկովի այդ որոշումը շատ կինեմատոգրաֆիստներ համարում են ԿՄ-ից նրա ընդմիշտ հեռանալու առաջին քայլը: Միխալկովի ինքնահրաժարականն առավել եւս անսպասելի է թվում` հաշվի առնելով, որ վերջին տարին նրա հակառակորդներն ամեն ինչ անում էին նրան նախագահի պաշտոնից հեռացնելու համար:
«Նկարահանումների ավարտից հետո ես անպայման կվերադառնամ Միություն,- «Իզվեստիայի» թղթակցին հայտարարել է Թել Ավիվում գտնվող Միխալկովը: -Ինձ համար հիմա ամենակարեւորը ֆիլմ նկարահանելն է: Ես ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չեմ արտասահմանում երկու ֆիլմ նկարել եւ միաժամանակ Մոսկվայում ղեկավարել ԿՄ-ն»,- բացատրել է ռեժիսորը:
Ինչով կվերջանա Միխալկովի արձակուրդը, դեռ պարզ չէ, բայց նա ճիշտ քաղաքական քայլ է կատարել. գտել է արժանի փոխարինող, որը ձեռք է տալիս թե՛ իր կողմնակիցներին, թե՛ հակառակորդներին: