«Քրիստոսն ասում էր` Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը` Կեսարին: Արվեստը կարող է դաստիարակել (ինչպեսեւ կրոնը), բայց այն չի կարող ազդել մարդկանց վրա այնպես, ինչպես իշխանությամբ օժտված մարդիկ են սովոր արվեստն ընկալել: Եվ երբ արվեստի մարդիկ թյուրիմացաբար կարծում են, թե կարող են քաղաքականության վրա ազդել, ապա դա Աստծո պարգեւած շնորհի սխալ օգտագործման է վերածվում: Քարոզն ու արվեստը անհամատեղելի են»,- մեր թղթակցին տված բլից-հարցազրույցում ասել է լեգենդար ռուս երգիչ, ռուսական ռոքի ամենավառ ներկայացուցիչներից մեկը համարվող` «Ակվարիում» խմբի հիմնադիր Բորիս Գրեբենշչիկովը, ով անցած շաբաթ Երեւանում հանդես է եկել իր ստեղծագործությունների կատարմամբ: «Համոզված եմ, երբ արվեստի մարդիկ սկսում են իշխանական խաղերի մասնակցել` լուրջ անախորժություններ են տեղի ունենում: Երբ արվեստի մարդը գնում ու կանգնում է որեւէ քաղաքական ուժի կողքին, ապա դրանով միայն սեփական անձին է վնաս հասցնում: Իշխանություններն ու արվեստը, ինչպես նաեւ իշխանություններն ու կրոնը, տարբեր աշխարհների են պատկանում: Երբ այդ երկու աշխարհներն արհեստականորեն իրար են միացնում` մեծ աղետ է սկսվում: Դրանք չեն կարող մի հարթության վրա դրվել, քանի որ տարբեր մոլորակներ են ու սեփական ուղեծիրներով են շարժվում»,- նշել է նա: Եվ չնայած մեր մշակույթի եւ արվեստի գործիչներից շատերին կամ իրենց այդպիսին համարողներին Գրեբենշչիկովի տաղանդը «չի սպառնում», այդուհանդերձ, հատկապես առաջիկա ընտրություններին ընդառաջ, նախընտրական հոլովակներում ու պաստառներին երեւալուց առաջ՝ վատ չէր լինի, որ նրանք մտածեին այդ մասին: