«Պաշտոնական Անկարան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հռչակագիրը, որ ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Աստրախանում կայացած հանդիպման ընթացքում»,- նախօրեին նման հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը: «Թուրքիան հույս ունի, որ աստրախանյան հանդիպումը դրական ներդրում կունենա Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում եւ նոր լիցքեր կհաղորդի կարգավորմանն ուղղված ջանքերին: Մենք ցանկանում ենք, որ մարդասիրական հարցերին վերաբերող քայլերը համալրվեն նաեւ կոնկրետ նախաձեռնություններով: Թուրքիան առաջիկայում եւս լիակատար աջակցելու է այն նախաձեռնություններին, որոնք կարող են կողմերի հաշտեցման համար հիմք ստեղծել»,- նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Աստրախանում ստորագրված փաստաթղթով հայկական եւ ադրբեջանական կողմերը պարտավորվել են փոխանակել գերիներին եւ վերադարձնել սպանվածների մարմինները: