Չեն ուզում դառնալ շոուի մասնակից

02/11/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Պատգամավորների եւ գործադիր ու դատական իշխանությունների պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրինագծի հեղինակներն Ազգային ժողովից ետ են կանչում իրենց այդ նախագիծը:

Օրինագծի համահեղինակներից ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասում է, որ այդ նախաձեռնությունը ոչ միայն չի ընդունվում, այլ արդեն «սպեկուլյացիայի է ենթարկվում»` քաղաքական շոուների առիթ է դառնում, եւ այդ պատճառով էլ չեն ցանկանում, որ դա մնա ԱԺ օրակարգում:

Հիշեցնենք, որ 2008թ. կոալիցիայի չորս կուսակցությունների, այդ թվում` ՀՅԴ-ի անդամները համատեղ հեղինակեցին «Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որի համաձայն՝ վերը նշված խավերի ներկայացուցիչների աշխատավարձերը պետք է բարձրանային կրկնակի չափով: Ընդ որում, Ա.Մինասյանի խոսքերով, որպեսզի դա քաղաքական շահարկումների առիթ չհանդիսանար, կառավարության առաջարկով օրինագիծը ներկայացրեցին պատգամավորները: Բարձրացման մոդելը եւ չափը համաձայնեցված է եղել կառավարության հետ այն իմաստով, որ այդ համակարգում պետք է շարունակեն բարեփոխումները եւ ունենան միասնական վարձատրության համակարգ հանրային ծառայողների բոլոր մակարդակների համար` սկսած նախագահից: Եվ նախատեսվում էր այդ խավի մոտ 350 պաշտոնյաների վարձատրությունը աստիճանաբար քառապատկել: Այդ ծրագիրն իրականացվում էր կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում այն տրամաբանությամբ, որ պաշտոնյան ինչ-որ չափով ֆինանսապես անկախ լիներ: Բայց պատգամավորի խոսքերով՝ արդեն ընթացքի ժամանակ այդ ծրագիրը նախանշված ուղուց շեղվեց:

Հանրային ծառայողների աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել է 2003թ.: Սակայն հետո, որոշ դեպքերում, օրինակ, դատավորների աշխատավարձը նույն կառավարության առաջարկությամբ բարձրացվել է: «Սակայն հետագա ընթացքը ցույց տվեց, որ կառավարությունը գնում է քաղաքական շոուի տարբերակով: Նրանց ամենեւին բարձրացումը չէր հետաքրքրում, այլ ընդամենը քաղաքական ակցիա իրականացնելը, որի արդյունքում՝ ցույց տալը, որ կառավարությունը որքան ավելի շատ է շահագրգռված ՀՀ քաղաքացիների առօրյա հոգսերով: Երբ խորհրդարանում քննարկվում էր այս օրինագիծը, «Հայլուրը» մի ռեպորտաժ տվեց, որ կառավարությունը մերժում է պատգամավորների առաջարկը, բայց փոխարենը բարձրացնում է կենսաթոշակներն ու նպաստը: Սա էժանագին պոպուլիզմ էր: Իրականում չպետք է ոչ միայն հակադրություն դնել այս երկու համակարգերի միջեւ, այլ հակառակը, բարձր աշխատավարձի եւ կոռուպցիայի դեմ պայքարի հստակ քաղաքական կամքի պայմաններում էականորեն կարող են բարձրացվել թե նպաստները, թե կենսաթոշակները»,- ասում է Ա.Մինասյանը:

ՀՅԴ գործչի խոսքերով՝ իրենց նախաձեռնությունը շահարկելով` փորձում են մեղադրել պատգամավորներին, թե՝ եթե այսօր խորհրդարանը դարձել է օլիգարխների հավաքատեղի, ապա ինչպես կարելի է բարձրացնել նրանց աշխատավարձը: Եվ հեղինակները որոշեցին իրենց նախաձեռնությունը ետ կանչել: «Բոլոր այն անձինք, ովքեր դեմ են այս նախագծին, նրանք կամ չեն պատկերացնում Հայաստանում կոռուպցիայի դեմ իրական պայքարը, կամ պատկերացնելով հանդերձ` իրենք թաթախված են այդ կոռուպցիայի մեջ եւ ամենեւին չեն ուզում, որ քաղաքական որոշումներ կայացնելու մակարդակով այդ օրինագծով նախատեսված անձինք լինեն իշխանություններից որոշակիորեն ֆինանսապես անկախ: Ինչու եմ սա կարեւորում, դուք չեք գտնի որեւէ երկրորդ երկիր, որը եթե հիմնական քաղաքականություն է հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարը, երկրի կայուն զարգացումը, առաջանցիկ աճը, նրանց մոտ նման վերաբերմունք լինի ղեկավար աշխատողների վարձատրության համակարգի նկատմամբ»,- ասում է պատգամավորը:

Ա.Մինասյանի խոսքերով՝ եթե այսօր ՀՀ ԱԺ-ում կան ընդամենը 15-20 պատգամավորներ, ովքեր պառլամենտարիզմ են զարգացնում, ապա պետությունը պետք է նրանց խրախուսի նույն պառլամենտարիզմի հետագա զարգացման համար: 2008-ին երբ այս օրինագիծը քննարկվում էր ԱԺ-ում, շատերն էին այն քննադատում` որպես փաստարկ նշելով, որ անթույլատրելի է նիստերին չմասնակցող օլիգարխ պատգամավորների աշխատավարձերի բարձրացումը: Նաեւ այդ պատճառով, օրինագծի հեղինակները առաջարկում էին կիրառել մի մեթոդ, որի արդյունքում պատգամավորի աշխատավարձը բարձրանար կատարած աշխատանքի արդյունավետությունը հաշվի առնելով: Սակայն դա էլ չընդունվեց: Եվ հիմա, Ա.Մինասյանի կարծիքով, այս օրինագծի մասին երբեմն-երբեմն բարձրաձայնելով` որոշ մարդիկ քաղաքական շոու են սարքում: Բայց արդյո՞ք պաշտոնյաների աշխատավարձերը կրկնակի բարձրացնելով՝ իշխանական համակարգում կոռուպցիան կնվազի: Չէ՞ որ նախարարների, դատավորների, դատախազների ու որոշ պաշտոնյաների ունեցվածքից` առանձնատներից, ամառանոցներից, իրենց ու զավակների օգտագործած մեքենաների շքեղ մակնիշներից դատելով, նույնիսկ քառակի չափն էլ նրանց ետ չէր պահի կաշառք վերցնելուց կամ կոռուպցիայի այլ դրսեւորումներից: Այս դիտարկմանն ի պատասխան՝ պատգամավորն ասում է, թե կոռուպցիան վերացնելու համար պետք է երկու գործընթաց զուգահեռաբար իրականացնել` աշխատավարձերի բարձրացումը եւ կոռուպցիան վերացնելու քաղաքական կամքի դրսեւորումը: Միայն աշխատավարձի բարձրացումը կոռուպցիան չի վերացնի, իսկ միայն քաղաքական կամքի դրսեւորումն առանց աշխատավարձերի բարձրացման՝ նույնպես խնդիրը չի լուծի: «Արդյունքը տեսնում ենք` կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա: Որպես օրինակ՝ պետք է հիշեմ հարեւան Վրաստանը: Ցույց տվեցին, որ ի վիճակի են ներքեւի եւ միջին օղակում էականորեն նվազեցնել կոռուպցիան: Դրա հիմնարար քայլերից մեկը հանրային ծառայության ոլորտում բարձր վարձատրության համակարգն էր: Արդյունքում, մենք տեսնում ենք, որ Վրաստանում տնտեսական առաջընթաց է արձանագրվել, բյուջետային հավաքագրումներն անցել են ՀՆԱ-ի 27 տոկոսը, մեզ մոտ այն մոտ 17 տոկոս է: Մարդկանց մոտ վստահություն եւ ապագայի նկատմամբ հավատ է ձեւավորվում, որ երկրում հնարավոր է իրականացնել գործունեություն առանց բարձրագույն իշխանության հավանության: Իրականում հանրային ծառայության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը շղթայական ռեակցիայի մի օղակն է, որը կարող է էականորեն դրական բան փոխել երկրում, եթե զուգահեռաբար քաղաքական կամք է դրսեւորվում»: Ա.Մինասյանը գտնում է, որ քաղաքական կամքի առկայությամբ եւ ստվերային տնտեսությունը կրճատելու հետեւանքով շեշտակիորեն կաճեն բյուջեի մուտքերը: Նրա խոսքերով՝ միայն ընդերքի շահագործման ոլորտը հարկային դաշտ բերելու դեպքում բյուջեն տարեկան 70-80 մլրդ դրամ հավաքագրում կունենա այն դեպքում, երբ դա հիմա մի քանի միլիարդ դրամը չի անցնում:

«Մեր երկրում հանրային ծառայության վարձատրության վճարը չի անցել ՀՆԱ-ի 1,8 տոկոսը, մինչդեռ զարգացած երկրներում այն 11-12 տոկոս է, իսկ մեր զարգացվածության երկրներում` 6-7 տոկոս: Մենք այսօր ունենք այդ հարաբերությունը 4-5 անգամ բարձրացնելու հնարավորություն»,- համոզված է պատգամավորը: