Հանձնաժողովդ հանձնաժողովիս վնաս է

02/11/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այս օրերին քաղաքական ու լրագրողական շրջանակներում բուռն քննարկման առարկա են դարձել Ազգային ժողովում շրջանառվող էթիկայի նորմերի կամ հանձնաժողովի ստեղծման մասին լուրերը: Բանն այն է, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նախաձեռնել է այնպիսի փոփոխություն իրականացնել ԱԺ կանոնակարգ-օրենքում, որ ստեղծվի պատգամավորների շահերի բախման կամ նրանց` գործարարությամբ զբաղվելու հարցերը ուսումնասիրող էթիկայի հանձնաժողով: Բայց մինչ Դ.Հարությունյանի այս նախաձեռնությունը` նման օրինագծով գարնանը հանդես է եկել ՀՀ կառավարությունը: Գործադիրը նախ առաջարկում էր ընդհանուր էթիկայի նորմեր ու հանձնաժողով ստեղծել գործադիր եւ օրենսդիր իշխանությունների համար: Սակայն մեր տեղեկություններով՝ ԱԺ-ում այն բուռն դիմադրության է արժանացել: Հատկապես գործարար պատգամավորները պահանջել են ԱԺ-ն առանձնացնել գործադիր մարմնից: Նրանք առաջարկել են իրենց «հարցերը լուծել» տեղում` ԱԺ-ում: Իսկ պատգամավորների այս ըմբոստությանը օգնության է հասել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անձամբ: Դրանք այն ժամանակներն էին, երբ Հ.Աբրահամյանի ու իշխանության որոշ այլ ներկայացուցիչների, հատկապես՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարաբերությունները բավականին լարված էին: Եվ պատգամավորներին հաջողվել է կառավարության օրինագծից իրենց վերաբերող մասն առանձնացնել: Իսկ կառավարությունն առաջարկել էր էթիկայի հանձնաժողովը կազմել վարչապետի, Սահմանադրական դատարանի, գլխավոր դատախազի, Հանրային խորհրդի առաջարկած թեկնածուներից, որոնց նշանակելու է նախագահը: Այսինքն՝ այդ հանձնաժողովը ենթարկվելու էր նախագահին: Իսկ հիմա կառավարության նախագծի շրջանակներից օրենսդիր մարմնի վերահսկողությունը դուրս է եկել, հակառակ դեպքում խորհրդարանը կառավարությունից էլ ավելի կախման մեջ կընկներ: Իսկ պատգամավորները, առավելեւս՝ ԱԺ նախագահը, դա չէին կարող հանդուրժել: Կառավարության նախագիծը ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտին ընդունվել է առաջին ընթերցմամբ եւ սպասում է երկրորդ ընթերցման քննարկումներին: Իսկ օրերս Դ. Հարությունյանն իր նախագիծը ներկայացրել է Հ.Աբրահամյանին ու ԱԺ մյուս խմբակցություններին: Այն դեռ պաշտոնապես չի դրվել շրջանառության մեջ: Դ. Հարությունյանն ասում է, որ դա դեռեւս հայեցակարգային մոտեցում է եւ արտահայտում է զուտ իր եւ ոչ թե Հանրապետական կուսակցության կամ որեւէ անձի դիրքորոշումը: Փաստորեն, ԱԺ-ին հաջողվեց իր հարցերը լուծել տեղում: «Արել եմ երեք առաջարկություն: Շահերի բախումը, փորձել եմ սահմանել, թե ինչ է նշանակում դա պատգամավորի համար, ինչ քայլեր պետք է ձեռնարկի պատգամավորը, եթե առկա է շահերի բախումը: Երկրորդը` դա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքն է: Երրորդը՝ առաջարկել եմ ԱԺ-ում ստեղծել էթիկայի հանձնաժողով, որը բողոքների պարագայում կքննի այդ հարցերը, եւ եթե հանգի այն եզրակացության, որ պատգամավորը չի կատարել օրենքի պահանջները, կհրապարակի իր եզրակացությունը, եւ պատգամավորը կունենա համապատասխան քաղաքական պատասխանատվություն: Եթե խախտել է սահմանադրական արգելքը, ապա կդիմի ԱԺ-ին՝ առաջարկելով դադարեցնել նրա լիազորությունները»,- ասում է Դ.Հարությունյանը: Սա նաեւ այն նախագծերից էր, որի հետ կապված կոալիցիոն խմբակցությունների հետ համամիտ էր նաեւ խորհրդարանական ընդդիմությունը: «Պետք է ԱԺ-ում ստեղծվի հանձնաժողով, որ կքննարկի, թե արդյո՞ք պատգամավորները զբաղվում են գործարարությամբ, արդյո՞ք շահերի բախում կա նրանց քվեարկությունների եւ տնօրինած ոլորտների ու կարգավորվող հարցերի միջեւ: ԱԺ-ն արդարացիորեն մերժեց կառավարության առաջարկած ճանապարհը: Լինելով առանց այդ էլ կախման մեջ գործադիրից, անթույլատրելի էր դրսի մի մարմնի տալ այնպիսի մի գործառույթ, որով հնարավոր կլիներ էլ ավելի ստրկացնել ԱԺ-ին: Այս տարբերակը կարող է հիմք ընդունվել աշխատանքի համար: Պետք է ստեղծել մի տարբերակ եւ թույլ չտալ մի այնպիսի ընթացակարգ, որը պատգամավորներին կախման մեջ պահի, կամ թույլ չտալ մի այնպիսի ընթացակարգ, որը պատգամավորներին թույլ տա շարունակել զբաղվել իրենց համար առաջնահերթ բիզնես-գործունեությամբ: Այս օրինագծի նպատակը պետք է լինի, որ գալիք խորհրդարանի ձեւավորմանն ընդառաջ մարդիկ կողմնորոշվեն՝ կամ իրենք գործարարությամբ են զբաղվում, կամ բիզնեսը կառավարման են հանձնում որեւէ մեկի` կրելով, իհարկե, դրանից բխող բոլոր ռիսկերը եւ հետեւանքների պատասխանատվությունը, կամ որոշում են չլինել խորհրդարանում»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: