Վերջին մի քանի օրերի ընթացքում ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են հոկտեմբերի 16-ին Մոսկվայի կենտրոնում Եվգենի Պետրոսյանի դեմ մի խումբ ուսանողների կազմակերպած բողոքի ցույցը: Հավաքվածների դժգոհության առիթն «Առաջին ալիքով» ամեն օր եթեր գնացող «Ծուռ հայելի» հաղորդումն է:
Այդ առթիվ Ե. Պետրոսյանը հարցազրույց է տվել` հայտարարելով, որ իրենք արդեն երկու տարի է` չեն համագործակցում «Առաջին ալիքի» հետ, իսկ վերջինս համառորեն շարունակում է հաղորդումը եթեր հեռարձակել` «որպեսզի մենք բոլորին զզվեցնենք»: «Նրանք դա դիտմամբ են անում, որովհետեւ հեռացել եմ ուրիշ ալիք, իսկ նրանց սեւ PR-ից տուժում է հանդիսատեսը: Այդ ցույցը նույնպես սեւ PR է»,- հայտարարել է Եվգենի Պետրոսյանը: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե իբր Պետրոսյանը դատի է տվել եւ՛ «Առաջին ալիքին», եւ՛ «Ռոսիա»-ին` հեղինակային իրավունքների հետ կապված, վերջինիս խոսքերով` ընդամենը հերթական սուտ է: «Իսկ ցույցերն ու ագրեսիվությունը հումորի զգացում չունենալուց է ու նախանձից»,- վերջում ասել է Ե.Պետրոսյանը: