Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրենց գնահատականները ներկայացրեցին արտարժույթի շուկայում գործող Forex Club ընկերության վերլուծաբանները։
Իհարկե, նրանց հրապարակած ցուցանիշները (մասնավորապես՝ Հայաստանի մասին) ասուլիսին ներկա տնտեսական լրագրողների համար նորություն չէին։ Ավելի շատ նորություն էր այն, որ կարելի է Հայաստանի տնտեսության մասին լավատեսական գնահատականներ հայտնել` նույնիսկ պաշտոնական վիճակագրության ցուցանիշները սխալ մեջբերելով: Forex Club-ի ներկայացուցիչները երեւի զուտ անուշադրության պատճառով ասում էին, որ նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է 15.2% տնտեսական անկում (ինչպես նշում էին բանախոսները), այն դեպքում, երբ այդ ցուցանիշը կազմել է 14.4%։
Ինչեւէ, դա երեւի այնքան էական չէ, քանի որ առավել կարեւոր է ներկա վիճակն ու ապագան։ Իսկ ներկան, ըստ Forex-ի վերլուծաբանների, բավականին հուսադրող է։ «Մեր երկրի տնտեսական աճը ընթանում է շատ վստահ տեմպերով»,- նշեց Forex Club ընկերությունների խմբի հայաստանյան վերլուծաբան Միքայել Վերդյանը: Նույն կարծիքին էր նաեւ նրա ռուսաստանցի գործընկերը՝ Forex Club ընկերությունների խմբի վերլուծական բաժնի ղեկավար Անդրեյ Դիրգինը։ Վերջինիս խոսքերով, Հայաստանի տնտեսությունը բավականին դինամիկ է հաղթահարում ճգնաժամը, բայց շատ բան կախված է նրանից, թե որքանով Հայաստանը բաց կլինի աշխարհի համար։ Դիրգինի համոզմամբ, Թուրքիայի հետ սահմանի բացումը կնպաստի տնտեսության զարգացմանը. դա է հուշում թե՛ տնտեսագիտական, թե՛ պարզ տրամաբանությունը։ Վերլուծաբանը համոզված է, որ Հայաստան-Թուրքիա տրանսպորտային բեռնափոխադրումների իրականացումը հնարավորություն կտա նաեւ թուլացնել տրանսպորտային կախվածությունը Վրաստանից, ինչն էլ կբերի Հայաստանում ապրանքների գների նվազման: Ավելացնենք նաեւ, որ Դիրգինի համոզմամբ, Հայաստանն ավելի հեշտությամբ է դուրս գալիս ճգնաժամից, քան Ադրբեջանն ու Վրաստանը։ Իսկ Միքայել Վերդյանն ավելի լավատես է, քան կառավարությունը. նա կարծում է, որ տարեվերջին տնտեսական աճը կկազմի 3.7%։ Սկսենք համեմատությունից։ Նախ՝ Ադրբեջանը ճգնաժամի մեջ այդքան խորը չէր ներքաշվել, որ հիմա էլ մրցենք, թե ով է ավելի արագ հաղթահարում։ Այս երկիրը 2009թ. ոչ միայն տնտեսական անկում չի ունեցել, այլ արձանագրել է 9.3% տնտեսական աճ։ Այսինքն՝ եթե մենք ետճգնաժամային տարում այս պահի դրությամբ ունենք 2.8% աճ ու ասում ենք, որ շատ վստահ դուրս ենք գալիս ճգնաժամից, ապա մեր հարեւանները կարող են պարծենալ, որ ճգնաժամը «խեղդել են» հենց բնում։ Ինչ վերաբերում է աճի դինամիկ լինելուն, սա հենց մեր ամենախոցելի կետն է։ Տարվա առաջին կեսին՝ հունվար-մայիսին արձանագրելով 8.8% ՀՆԱ-ի աճ, մենք աստիճանաբար թուլացրինք տեմպերը եւ այժմ ունենք 2.8%-անոց ցուցանիշ։ Ավելին, եթե ամսական կտրվածքով (տվյալ ամիսը՝ նախորդի համեմատ) մենք ողջ տարվա ընթացքում դրական միտում էինք նկատում, ապա սեպտեմբերին պատկերը փոխվել է. սեպտեմբերի ՀՆԱ-ն օգոստոսի համեմատ աննախադեպ անկում է ապրել՝ 24.6%։ Փաստորեն, մենք այնքան էլ վստահ չենք դուրս գալիս ճգնաժամից։
Մ. Վերդյանի խոսքով, գլխավոր գործոնները, որոնք զսպում են տնտեսական աճը (թույլ չեն տալիս, որ ավելի արագ աճենք), հետեւյալներն են՝ գնաճը, գյուղատնտեսության ոլորտի անկումը եւ Հայաստանի պետական պարտքի համեմատաբար բարձր մակարդակը։ Սակայն գյուղատնտեսության ոլորտի անկումը, որպես այդպիսին, չի կարող տնտեսական աճի գործոն լինել։ Այն ընդամենը կարող է ազդել ՀՆԱ աճի ցուցանիշի վրա։ Ըստ երեւույթին, վերլուծաբանը հենց դա նկատի ուներ, պարզապես ձեւակերպման հետ կապված թյուրիմացություն է առաջացել։ Սակայն մյուս երկու գործոնների եւ դրանց դերի հետ կապված՝ հաստատ կլինեն շատ տարբեր կարծիքներ։ Օրինակ՝ պետական պարտքի մասով։ Մեզանում միշտ հնչել են տարբեր մոտեցումներ պարտքի եւ արտերկրից ներգրավված վարկերի մասին, սակայն ոչ ոք երբեք չի հնչեցրել այնպիսի միտք, որ պետական պարտքի մեծացումը բացասաբար է ազդում ՀՆԱ-ի աճի վրա։ Սա շատ դժվար է հիմնավորել։ Հակառակը՝ մեր կառավարության ներկայացմամբ, եթե ներգրավված միջոցների հաշվին տնտեսության մեջ որոշ «ներարկում» չարվեր, անկումն ավելի մեծ էր լինելու։ Իհարկե՝ կարծիքների բախում պետական պարտքի ծավալների վերաբերյալ միշտ եղել է, սակայն հիմնականում այն թեմայի շուրջ, թե արդյոք այն թույլատրելի չափերի մե՞ջ է, թե՞ արդեն հասնում է վտանգավոր մակարդակի։ Պետական պարտքի մեծացումը քննադատվել է հիմնականում այն բանի համար, որ բեռը մեծանում է, եւ պետությունը դժվարությամբ է կարողանալու սպասարկել այդ պարտքը։ Սակայն պետական պարտքը հայաստանյան տնտեսագետներից դեռ ոչ ոք չի դիտարկել որպես տնտեսական աճի վրա բացասաբար ազդող գործոն։ Եվ վերջապես՝ գնաճի մասին։ Տնտեսագետներն ասում են, որ, այո, ինֆլյացիայի չափազանց բարձր մակարդակը կարող է փլուզել տնտեսությունը։ Սակայն ընդհանրապես ինֆլյացիայի մասին, որպես տնտեսական աճին խանգարող գործոն, ոչ ոք չի խոսում։ Ավելին, միշտ նշվում է, որ ինֆլյացիան տնտեսական աճի անբաժան ուղեկիցն է, կամ եթե կուզեք՝ վկան։ Ժամանակակից տնտեսության մեջ ավելի շատ մասնագետներին անհանգստացնում է դեֆլյացիան՝ գնանկումը, քանի որ դա վկայում է տնտեսական անկման կամ լճացման մասին։ Դա, ի դեպ, վառ արտահայտվեց հենց ճգնաժամի ժամանակ, հատկապես անշարժ գույքի եւ մետաղների գների դեպքում։
Գնաճն իր հերթին սերտորեն փոխկապակցված է փոխարժեքի հետ։ Իսկ փոխարժեքը Forex շուկայում խաղացողների տարերքն է։ Եվ բնական է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձվեր նաեւ այս թեմային։ Ընթերցողներին երեւի ծանոթ է «կամ փոխարժեք, կամ գնաճ» երկընտրանքը, որն առավել սրությամբ երեւան էր գալիս այն ժամանակ, երբ դրամը սրընթաց արժեւորվում էր։ Հիշեցնենք, որ դրանից դժգոհում էին հատկապես դոլարային եկամուտներ ստացող անձինք եւ արտահանողները, որոնց արտադրանքը թանկանում էր եւ միջազգային շուկայում դառնում ոչ մրցունակ։ Այն ժամանակ Կենտրոնական բանկը բաց տեքստով հայտարարում էր, որ դրամի արժեւորումը կանխելու արդյունքում կունենանք գնաճ։ Եվ նպատակահարմար էին գտել, որ ավելի լավ է տուժեն դոլարային տրանսֆերտներ ստացողները, քան ողջ բնակչությունը՝ գնաճի տեսքով։
Իսկ ի՞նչ մոտեցում է կիրառվում այսօր։ Forex Club-ի ուկրաինական վերլուծական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Իվչենկոն նշեց, որ կառավարությունը պետք է կողմնորոշվի՝ գնալ արտահանման խթանման ուղղությա՞մբ, թե՞ ապահովել բնակչության բարեկեցությունը՝ թույլ չտալով, որ գնաճի տեմպերն արագանան։ «Ես կարծում եմ, որ Հայաստանը դեռ գնում է արտահանումը մեծացնելու ուղղությամբ։ Չեմ բացառում, որ հաջորդ տարի դրամը կարող է թանկանալ, փոխարենը՝ գնաճի տեմպը որոշ չափով կթուլանա»,- ասաց Իվչենկոն։ Նկատենք, որ սեպտեմբերի տվյալներով գնաճն արդեն հասնում է 9.1%-ի, ինչը շատ բարձր ցուցանիշ է։ Մյուս կողմից, սահուն, բայց վստահորեն ուժեղանում է հայկական դրամը. նախորդ շաբաթ դոլարի գինը իջավ 360 նիշից։ Փաստորեն, մեզ մոտ «կամ փոխարժեք, կամ գնաճը» Հայաստանում շատ սահուն կերպով փոխարկվել է «եւ փոխարժեք, եւ գնաճ» իրավիճակին։