«Ես զարմանում եմ բնապահպանների վրա, ովքեր հասնում են Կապան, աղմուկ բարձրացնում Կապանի հանքարդյունաբերության խնդիրների շուրջ ու գոնե մի անգամ չեն մտածում մտնել Քաջարան, տեսնել քաղաքի էկոլոգիական վիճակը: Գիտե՞ք ինչի, որովհետեւ Քաջարանի կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը էդ բնապահպան կոչվածներին փող ա տալիս, որ լռեն: Բոլորն էլ լա՜վ գիտեն: Բա լրագրողներիդ մոտ մի անգամ հարց չի՞ առաջանում, թե էս ամբողջ Սյունիքի մարզի հանքարդյունաբերությունից ո՞նց ա դուրս պրծել Քաջարանը: Չնայած ո՞վ կարա բան ասի, որ դաժե մեդալ են տալիս Մաքսիմ Հակոբյանին՝ իբր բնությունը մաքուր պահելու համար: Ու մեդալն էլ տվել ա Բնապահպանության նախարարը Կապանի Շիկահող գյուղում,- ամիսներ առաջ մեզ հետ զրույցում վրդովված ասում էր քաջարանցիներից մեկը՝ նկատելով,- Որ քաջարանցու թոքերը բացես` մոլիբդենի ու պղնձի հանք կտեսնես: Տեսնում ես՝ ի՜նչ հարուստ ժողովուրդ ենք»: Այս զրույցից օրեր անց Կապանում լուրեր տարածվեցին, թե բնակիչներից մեկը փորձում է քրեական գործ հարուցել ԶՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի դեմ, սակայն այդ ժամանակ այդ լուրերը հերքվեցին: Մինչդեռ ամիսներ անց պարզվեց, որ այդ լուրերը չափազանց հավաստի էին: 2009թ. օգոստոսի 18-ին «Նվադ» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Մկրտչյանը դիմել էր Կապանի Ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ 2009թ. օգոստոսի 8-ին Շղարշիկ բանավանում գտնվող ջրավազանում «Նվադ» ՍՊԸ-ին պատկանող 3000 տեսակի իշխան ձկները թունավորումից սատկել էին: Ի դեպ, նշենք, որ Վլ. Մկրտչյանը 25.05.2006թ. հիմնադրել է «Նվադ» ՍՊԸ-ն, որը զբաղվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ: Նա Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման կենտրոնի երաշխավորությամբ «Ակբա-կրեդիտ Ագրիկոլբանկ» ՓԲԸ-ի «Սյունիք» մասնաճյուղից 3 միլիոն դրամ վարկ է վերցրել եւ 2009թ. գարնանը Շղարշիկ բանավանի իր տնամերձ հողամասում ջրավազան է կառուցել, որտեղ էլ իշխան տեսակի ձկներ է աճեցրել: Վլ. Մկրտչյանի հավաստմամբ՝ ձկների թունավորման պատճառը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարի թունելի կողքով եւ թունելի ներսից դուրս եկող աղբյուրի ջրերն էին: Տուժող-ձեռներեցի փոխանցմամբ՝ այդ ժամանակ ավելացել էր թափոնաջրերի քանակը, որի հետեւանքով ջրերը դուրս էին թափվել թափոնատարից՝ միախառնվելով բանավանի աղբյուրի ջրին: Նա այդ դեպքից հետո ձկան եւ ձուկ պարունակող ջրի նմուշները «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոն»-ում փորձաքննության էր ներկայացրել: Տեղի փորձագետի N1428 որոշման համաձայն՝ ձուկ պարունակող ջրում եւ ձկան նմուշներում ծծմբաջրածին էր հայտնաբերվել: Սակայն, անկախ փորձաքննության արդյունքներից՝ Կապանի ոստիկանությունը մերժել է քրեական գործ հարուցելու մասին Վլ. Մկրտչյանի հայցը` պատճառաբանությամբ, թե իբր նախապատրաստված նյութերում չէր պարզվել Վլ. Մկրտչյանին պատկանող ձկներին դիտավորությամբ կամ անզգուշությամբ թունավորելու որեւէ հանգամանք, ուստի՝ բացակայում է հանցագործությունը: Այս որոշումից հետո Վլ. Մկրտչյանը դիմել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ Արշավիր Խալափյանին: Սակայն նա դիմել էր այն ժամանակ, երբ քրեական գործ հարուցելու մերժման որոշման դեմ բողոքարկման ժամկետներն արդեն անցել էին: Այդ ընթացքում Արշավիր Խալափյանը հարցումներ էր ուղարկել Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժին եւ Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Խաչատրյանին: Ի դեպ, հարցերը բավական պարզ էին, օրինակ, ձկան սատկելուց հետո, բացի ծծմբաջրածնից, ինչպիսի՞ գազային միացություններ են առաջանում, ձկան սատկելուց հետո որքա՞ն ժամանակ հետո են առաջանում դրանք, կամ ինչպե՞ս կբացատրեին ձուկ պարունակող ջրում ծծմբաջրածնի պարունակությունը: Գլխավոր մասնագետի մեկնաբանությամբ՝ ձեռներեց Վլ. Մկրտչյանի ջրավազանն իր կառուցվածքով, չափերով, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերով՝ չի համապատասխանել իշխան ձկնատեսակի բազմացման համար սահմանված նորմերին: Ըստ մասնագետի՝ դա էր ձկների մոտ քաղց առաջանալու պատճառը: Ա. Խաչատրյանը նշել էր նաեւ, որ ձկան սատկելուց հետո նրա օրգանիզմում գազային միացություններ են առաջանում, այդ թվում՝ ծծմբաջրածին, իսկ ձուկ պարունակող ջրից տհաճ հոտ է գալիս: «Որքան էլ զարմանալի լինի, Արթուր Խաչատրյանի գրությունից հետո մեզ համար պարզ դարձավ, որ նա դեպքի վայրում չի եղել եւ զուտ մասնագիտական կարծիք է հայտնել՝ օգտագործելով իր գիտելիքները: Իսկ քրեական գործի հայցը մերժելու մասին որոշմանը ծանոթանալուց հետո այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ա. Խաչատրյանը եղել է դեպքի վայրում»,- նկատեց մեր զրուցակից Խալափյանը: Գրեթե նույն պատասխանով է հանդես եկել նաեւ Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը, ըստ որի՝ «ամեն ինչ նորմալ է»: «Ի պատասխան Ձեր գրավոր հարցման՝ հայտնում ենք Ձեզ, որ Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը պարբերաբար դիտարկումներ է անցկացնում ոչ միայն ԶՊՄԿ-ի, այլեւ մարզի տարածքում առկա բոլոր թափուկատարների վիճակի ուսումնասիրությունների վերաբերյալ: ԶՊՄԿ-ի Շղարշիկ բանավանի հարեւանությամբ անցնող թափուկատարը կառուցվել է ըստ նախագծի, անցել է անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները, այդ թվում՝ նաեւ բնապահպանական: Շահագործվել է շուրջ 30 տարի: Վերջին անգամ մեր կողմից ուսումնասիրվել է 2009թ. հոկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում, եւ որեւէ վթար չի արձանագրվել, թափուկատարից գազեր չեն արտանետվում մթնոլորտ, եւ մարդու, կենդանական եւ բուսական աշխարհի համար թափուկատարը որեւէ վտանգ չի ներկայացնում»,- ասված է պատասխանում: Հաշվի առնելով մարզում ԶՊՄԿ-ի տնօրինության լծակները, անձեռնմխելիությունն ու հնարավորությունները, բնականաբար, այս երկու կառույցների պատասխանը կանխատեսելի էր, որոշ իմաստով՝ անգամ պարզ: Սակայն, փոխարենը՝ անակնկալ էր Շղարշիկ բանավանի բնակիչների անհանգստությունը: «Մենք՝ Կապանի Շղարշիկ բանավանի ներքոստորագրյալ բնակիչներս, տեղեկացնում ենք Ձեզ, որ ԶՊՄԿ-ի պոչամբարի թափոնատարի մի հատվածն անցնում է Շղարշիկ բանավանի տարածքով: Դեռեւս 1970-ական թթ. կառուցված պոչամբարի պատերը տեղ-տեղ այնքան են քայքայվել, որ ցանկացած պահի կարող են պարզապես պայթել: Թափոնատարը տեղ-տեղ մասնակի վերանորոգման է ենթարկվել, իսկ հիմնանորոգման մասին խոսք անգամ լինել չի կարող: Թափոնատարից դուրս թափվող ջրերը խառնվում են ձորով հոսող առվի եւ բանավանի ընդհանուր աղբյուրի ջրերին, որի հետեւանքով տեղի են ունեցել թունավորումներ մարդկանց եւ կենդանիների շրջանում: Կարեւոր ենք համարում նշել, որ բանավանի աղբյուրի ջուրը ձմռան ամիսներին օգտագործվող միակ պիտանի խմելու ջուրն է, պոչամբարից մթնոլորտ արտանետվող թունավոր օդը շնչելուց որոշ ժամանակ հետո գլխացավ է առաջանում, վատանում է մարդկանց ինքնազգացողությունը: Մարդկանց եւ կենդական ու բուսական աշխարհին սպառնացող վտանգը կանխելու հարցում ակնկալում ենք Ձեր աջակցությունը»,- Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահին ուղղված նամակում իրենց օգնելու խնդրանքով դիմել էր Շղարշիկ բանավանի 29 բնակիչ: Այս գրությունից հետո, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Արշավիր Խալափյանը, իրենք ահազանգեր էին ստանում, թե` «բնակիչների հետ որոշակի աշխատանքներ էին տանում»: «Այդ աշխատանքի արդյունքում բնակիչները հայտարարեցին, որ իրենք չէին հասկացել, թե ինչ գրության տակ էին ստորագրում: Ավելին՝ ասացին նաեւ, թե իբր իրենք ստորագրել էին մաքուր թղթի տակ: Ես դա կանխատեսում էի, այդ պատճառով լուսանկարեցինք ու տեսագրեցինք թափոնատարի տվյալ պահի վիճակը»,- նկատեց Ա. Խալափյանը, ում շատ չանցած փորձել են «մեղադրել» խարդախության մեջ եւ, այսպես ասած` փաստաբանի գլխին «գործ» սարքել: Բանն այն է, որ նույն ժամանակամիջոցում Ա. Խալափյանը քաղաքացիաիրավական գործի հայցադիմում էր ներկայացրել դատարան մեկ այլ քաղաքացու կողմից: Մի քաղաքացի մեկ այլ քաղաքացու որոշակի գումար էր պարտք: Ընդ որում՝ պատասխանող կողմը որեւէ առարկություն չէր ներկայացրել, դատարանը հայցադիմումը բավարարել էր, եւ վճիռը մտել էր օրինական ուժի մեջ: «Երբ կատարողական վարույթը սկսեց, պատասխանող կողմը (չեմ ուզում ասել՝ ոստիկանների ազդեցությամբ) Ոստիկանությունում հայտնել էր՝ իբր ես ու իմ վստահորդն իրեն խաբել ենք, որ իրականում ինքը պարտք չէր եւ այլն: Սա բավական լուրջ մեղադրանք էր: Ես բացահայտ հայտարարեցի, որ իրավունք ունեմ կասկածելու եւ ենթադրելու, որ դա ինձ վրա ճնշում գործադրելու փորձ է, որպեսզի ես բնապահպանական խնդրի շուրջ այլեւս չշարունակեմ իմ աշխատանքները»,- ասաց Ա. Խալափյանը: Ինչեւէ, իրավաբանին ճանապարհից հեռացնելու սցենարը չաշխատեց, փոխարենը ստեղծված իրավիճակին նոր դրամատիզմ հաղորդեցին Շղարշիկ բանավանի այն նույն բնակիչները, ովքեր հերքել էին իրենց գրավոր մտահոգությունները թափոնատարի քայքայված վիճակի մասին: Ուշագրավն այն է, որ բնակիչների բողոքներից հետո ԶՊՄԿ-ն անմիջապես լծվեց Շղարշիկի թափոնատարի վերանորոգման աշխատանքներին: Զավեշտալին այն է, որ իրենց գրությունից, այսպես ասած՝ ետ կանգնած բնակիչները, տեսնելով թափոնատարի վերանորոգման աշխատանքները, մարտի 24-ին շնորհակալական գրությամբ դիմել էին Արշավիր Խալափյանին ու ԶՄԿՊ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: «Հույս ունենք, որ ԶՊՄԿ-ի՝ Շղարշիկ բանավանի տարածքով անցնող թափոնատարի վերանորոգման աշխատանքներից հետո այլեւս մտահոգվելու պատճառ չենք ունենա»,- ասված է նամակի մեջ: Իսկ ինչ վերաբերում է «Նվադ» ՍՊԸ-ի փոխհատուցմանը, ապա գործը դեռեւս կանգնած է, եւ Կապանի ոստիկանությունն արդեն երկրորդ անգամ մերժում է քրեական գործ հարուցելու նրանց հայցը: Ի դեպ, նշենք, որ ընկերության նախագահ Վլադիմիր Մկրտչյանը մինչ թափոնատարի վերանորոգման աշխատանքները տեսահոլովակ էր պատրաստել թափոնատարի մասին եւ այն տեղադրել YouTube-ում` «Մաքսիմ Գալկին Քաջարան» վերնագրով…