ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ քաղաքացի Թադեւոս Կարապետյանից
Իմ կողմից շատ հարգված նախագահ, Ձեզ դիմում եմ արտասովոր հարցով, քանի որ այս հարցին միայն Դուք կարող եք ճիշտ պատասխանել։ Ես 1930թ. եմ ծնվել, 80 տարեկան եմ, որից 47 տարին` 1967 թվականից աշխատել եմ նախկին ԴՕՍԱԱՖ-ի համակարգում, որպես օդամղիչ հրաձգարանի հրահանգիչ։ Իսկ 1973 թվականից աշխատել եմ Կինո «Նաիրիի» մոտ կառուցված օդամղիչ հրաձգարանում, որի կառուցմանը մասնակցել եմ անձամբ եւ բոլոր այլ ծախսերը կատարել եմ ես։ Աշխատել եմ մինչեւ 2010 թվականի մայիսի 30-ը։ 1998 թվականին ես դիմել եմ Մյասնիկյանի շրջանի ԴՕՍԱԱՖ-ին՝ կառույցը սեփականաշնորհելու համար։ Մյասնիկյանի շրջանի ԴՕՍԱԱՖ-ի խորհրդի նիստով որոշում է կայացվել հարգել իմ դիմումը եւ միջնորդել Կենտրոնական ԴՕՍԱԱՖ-ին` թույլատրել սեփականաշնորհումը։ 2003թ. սեփականաշնորհելու համար ես դիմել եմ Կենտրոնական ԴՕՍԱԱՖ-ի նախագահ Արկադի Տեր-Թադեւոսյանին։ Գեներալը մակագրել է՝ դիմումս դնել խորհրդի նիստի եւ մինչեւ 2010թ. հունիսի վերջը չեն քննարկել իմ դիմումը։ Պատճառաբանել են, որ կառույցը դեռ ԴՕՍԱԱՖ-ի կողմից սեփականաշնորհված չէ։ 2010թ. հունիսին դիմումիս պատասխանի համար դիմեցի գեներալին։ Ինձ համար շատ զարմանալի եւ անսպասելի` գեներալը պատասխանեց, որ տիրը վաճառել է մեկ ուրիշ մարդու, որ ոչ
ԴՕՍԱԱՖ-ի համակարգի աշխատող է եւ ոչ էլ կապ ունի ԴՕՍԱԱՖ-ի հետ։ Ես շատ զարմացած հարցրեցի. «Ինձ խոստացել էինք, որ ինձ եք վաճառելու, քանի որ այդ տիրում ես աշխատել եմ 37 տարի, իսկ համակարգում` 43 տարի։ Կեսդարյա աշխատանքիս գնահատականը սա՞ էր»: Նա ինձ պատասխանեց. «Ում ուզեմ` նրան կտամ, գնա, բողոքիր` ում ուզում ես»։
Հարգելի նախագահ, մի՞թե իմ կեսդարյա աշխատանքը, որ աշխատել եմ նույն հիմնարկում, նման վերաբերմունքի էր արժանի: Մի՞թե իմ կողմից արված հայրենանվեր աշխատանքը, որի ընթացքում` 37 տարի շարունակ հարյուր-հազարավոր դպրոցականների եւ ուսանողների հրաձգություն եմ սովորեցրել, եւ նրանք բանակ են գնացել՝ որպես պատրաստի հրաձիգներ, այսօր այս գնահատականին է արժանի։ Այդ խառը տարիներին շատ-շատերն են ցանկացել տիրը վերածել ուրիշ օբյեկտի, որպեսզի փող աշխատեն։ Բայց ես դա թույլ չեմ տվել՝ հանուն այն բանի, որ գիտակցել եմ իմ գործի մեծ նշանակությունը` Հայոց բանակին պատրաստի հրաձիգներ տալու գործում։
Հարգարժան նախագահ, խնդրում եմ հարցրեք գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանին, հանուն ինչի՞ նա վաճառեց այդ տիրը, որը միակ գործող տիրն էր մայրաքաղաքում։ Մի՞թե ԴՕՍԱԱՖ-ն այնքան փողի կարիք ուներ, որ դա վաճառեց` դարձնելով կերուխումի հերթական օբյեկտ։ Ո՞րն էր այս տիրի վաճառելու իմաստը։ Խնդրում եմ ձեզ, կասեցրե՛ք այս անարդարացի որոշումը։
Պարոն նախագահ, տիրում ես աշխատել եմ իմ տղաների հետ, որոնք երկուսն էլ ունեն մեծ ընտանիքներ, եւ իրենց տղաները` իմ թոռները, հենց հիմա ծառայում են հայկական բանակում։ Փաստորեն 18 շնչից բաղկացած երեք ընտանիքներ այսօր մնացել ենք անաշխատանք։
Հարգելի նախագահ, ավելացնեմ, որ մեր ընտանիքը սովետական կարգերի ժամանակ անընդհատ հալածվել է։ 1937թ. հոկտեմբերի 3-ին հորս կալանավորել են եւ հոկտեմբերի 27-ին գնդակահարել են՝ որպես Դաշնակցության կոմիտեի անդամ։ Իսկ 1949թ. մեր ընտանիքը` մորս եւ իր 6 երեխաներին, աքսորել են Ալթայի երկրամաս։ Մեծ կորուստներ կրելուց հետո վերադարձել ենք հայրենիք։ Քույրս 20 տարեկանում մահացել է աքսորավայրում։ Մեծ եղբորս դատել են այն բանի համար, որ համարձակվել է այն ժամանակվա Կենտկոմի քարտուղար Հարությունյանին անվանել Թալեաթ Փաշա։ Աքսորից վերադարձել, մի կերպ դասավորվել եւ ընտանիք ենք կազմել ու ապրում ենք մեր հայրենիքում, իսկ այսօր գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանն ինձ «բոմժ» է անվանում եւ իր տեղակալների միջոցով ինձ եւ իմ ընտանիքին ահաբեկում է, թե՝ «Եթե բողոքեք` քո եւ քո տղաների համար վատ կլինի»։ Սա նաեւ ասում եմ Ձեզ ի գիտություն, քանի որ նրանք ինձ եւ իմ ընտանիքին ահաբեկում են։
Թադեւոս ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
25.10.10թ.