Ոչնչից ստացվում է ոչինչ

02/11/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Նախ YouTube-ում, Facebook-ում հայտնվում են տեսանյութերը` ուսուցիչը հարվածեց, կոպտեց աշակերտին, սպան ծաղրում է զորակոչիկներին: Թեմատիկան բազմազան է: Դրանք անմիջապես հասնում են բոլորիս` կից հորդորով` տարածի՛ր: Րոպեներ անց տեղեկացված է ողջ ինտերնետը: Բայց դա միայն սկիզբն է: Տեսանյութերը ստանալուն հաջորդում է արդեն քննարկումների փուլը:

Համակարգիչների ստեղները չխկչխկում են, մոդեմները գվվում են, բլոգերների սրտերն արագ բաբախում են…

Ցասում, զայրույթ, նզովք, սրամտություններ, ծաղրանկարներ… Վերջին պիտակները փակցվում են զինվորներին ստորացնող սպային, ինչ-որ մեկն անմիջապես ծավալուն վերլուծություն է տպագրում ազգային բանակում տիրող բարքերի մասին:

Իսկ հետո՞… Ի՞նչ են դառնում այդ էմոցիոնալ քննարկումները… Ո՞ւր են գնում այն ապրումները, որոնք քննարկման մասնակիցները, բլոգերներն այդքան խնամքով փոխանցել էին ցանց: Դրանք պետք է, չէ՞, ինչ-որ բանի վերածվեն: Անհնար է թվում, որ այդ ողջ էներգիան, տասնյակ-հազարավոր, միլիոնավոր մարդկանց ապրումները, ուրախությունն ու զայրույթը գնա, կորչի, ինչպես քննարկումների ընթացքում ծխված գլանակների ծուխը կամ լիտրերով խմված սուրճի գոլորշին:

Ի՞նչ են անում մարդիկ` ժամերով հայացքը համակարգիչների էկրաններին հառելուց, տեսանյութն ու դրան առնչվող մեկնաբանությունները վերամեկնաբանելուց հետո: Գնում են քնելու: Կամ աշխատանքի: Կամ գուցե սրճարան` զրույցը շարունակելու: Հայրենիքի առաջ պարտքը կատարված է, խիղճդ էլ, կարծես, մաքուր. անարձագանք չես թողել հերթական անարդարությունը:

Համացանցում հայտնի տեսանյութերի հայտնվելուց հետո մասնագետները, լրագրողները կարծիքներ հնչեցրին, թե շնորհիվ ինտերնետային սոցիալական ցանցերի` քաղաքացիական հասարակություն է ձեւավորվում: Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետներից մեկն օրերս լրագրողական ակումբներից մեկում ասաց, թե վերջին 1 տարվա ընթացքում ձեւավորվել է քաղաքացիական հասարակության սեգմենտ, որի մասին մեկ տարի առաջ հնարավոր էլ չէր երազել: Ոգեւորությունն ակնհայտորեն չափազանցված է:

1988-90 կամ 1992 թվականներին, եթե չեմ սխալվում, անգամ հեռախոսային ցանցը նորմալ չէր աշխատում. մարդիկ միմյանց ինֆորմացիա փոխանցելու մեկ հնարավորություն ունեին` անձամբ ներկայանալ հանդիպման վայր: Ազատության հրապարակում կանգնած մարդկանցից եւ ոչ մեկը համակարգիչ չուներ, Ղարաբաղյան պատերազմին մասնակցելու անհրաժեշտության մասին միմյանց Facebook-ով չէին փոխանցում: Բայց այդ շրջանում հասարակությունն իսկապե՛ս քաղաքացիական էր: Եվ երբ այսօր աշակերտները ուսուցչից գաղտնի տեսագրում են նրան` մոռանալով տեսագրել նաեւ, թե ինչն է հատկապես ուսուցչին հանում հավասարակշռությունից ու հասցնում հիստերիայի, արդեն լրիվ այլ արժեքներով են առաջնորդվում. դասարանում ուսուցչի հետ չեն պարզում պատճառները, այլ, ինչպես 1937 թվականին էր, մատնում են նրան` ողջ ինտերնետային հասարակությանը ներկայացնելով նրա` կոնտեքստից կտրված բարկությունը: Եվ քննարկումը սկսվո՜ւմ է…

Հայաստանում իրավազուրկ ենք բոլորս, քանի որ չունենք ամենակարեւորը` ընտրելու իրավունք: Որեւէ մեկն ապահովագրված չէ, որ ինքը կամ իր հարազատը վաղը-մյուս օրն ապօրինաբար անազատության մեջ չի հայտնվի: Հասարակությունը ծայրաստիճան բեւեռացված է` ֆեոդալների եւ բատրակների, հարուստների եւ թշվառների: Ինտերնետն այս իրականությանն արձագանքում է ծաղրանկարներով, սրամտություններով, բորբոքված մեկնաբանություններով, ազնիվ բարկությամբ: Ինտերնետն այլեւս հինգերորդ իշխանություն է, եթե, իհարկե, չորրորդը համարենք մամուլը: Գրող, երգահան Վահրամ Թաթիկյանը որոշեց հոկտեմբերի 20-ին անժամկետ հացադուլ սկսել` պահանջելով դադարեցնել Կոմիտասի անվան զբոսայգում դելֆինարիումի շինարարությունը: Ավելորդ է ասել, թե նրա այս քայլը սոցիալական ցանցերում ինչ բուռն արձագանք գտավ. քաջալերանքի խոսքեր, վերջին խոսքերով հիշեցին իշխանություններին, դելֆինարիումի տերերին: Ի՞նչ եղավ հետո: Հացադուլ սկսելուց 37 ժամ անց այն դադարեցվեց. մշակույթի նախարարը խոստացել էր դելֆինարիումը կառուցել այգու տարածքից դուրս: Մշակույթի նախարարությունից, սակայն, ասել էին, որ հանդիպման ժամանակ նախարարը Թաթիկյանին ոչինչ չի ասել: Վ. Թաթիկյանը բարկացած հայտարարեց, որ «Եթե նախարարն այդ աստիճան կարող է ստել, ես հացադուլից ավելի ուժեղ ֆորմատ ունեմ: Հայտարարում եմ, որ Հասմիկ Պողոսյանը ստախոս է»: Սակայն այս դեպքում էականը դա չէ, այլ այն, թե ինչպես հասարակությունն իրական կյանքում արձագանքեց Վ. Թաթիկյանի այս քայլին: Նրա կողքին հետաքրքրասեր լրագրողներից եւ լուսանկարիչներից բացի, որոնք իրենց գործն անելուց հետո շտապեցին հեռանալ, մարդ չմնաց: «Իսկ սոցիալական ցանցերում հեղափոխություն էին անում»,- դառնորեն նկատել էր Վ. Թաթիկյանը: Թեղուտի ուրանի հանքերի շահագործման թեման եւս սոցիալական ցանցերում հիթային է, իսկ Մարիամ Սուխուդյանի եւ նրա ընկերների կողքին քչերն են կանգնած` հազիվ 100 հոգի: Սակայն facebook-ում անվերջ գրում են, կարծիքներ հայտնում` կից ներկայացնելով թեմատիկ հոդվածներ: Իշխանությունների քիչ ներկայացուցիչներ են ինտերնետից օգտվում տեղեկատվություն ստանալու նպատակով: Նրանցից շատերն էլ այլ անուններով են գրանցված: Որոշ մասն այդպես էլ անհաղորդ է մնում այդ տեսանյութերին, քննարկումներին: Սակայն այդ նույն ժամանակ փողոցում մարդիկ են բողոքում` հանուն քաղբանտարկյալների ազատ արձակման: Նրա՛նք, ովքեր գիտեն, որպեսզի կյանքը փոխվի իրականում, հնարավոր չէ եւ պետք չէ վիրտուալ լինել: Ա՛յ, նրանց իշխանություններն իրո՛ք նկատում են: Եվ ոչ միայն նկատում են, այլեւ, հարվածում են մահակներով, տանում են Ոստիկանության բաժանմունքներ: Եվ այս ամենն ազատության վիրտուալ սիրահարները քննարկում են: Հասկանալի է` բլոգներում եւ սոցիալական ցանցերում:

Եվ անգամ մտահոգություններ են հնչում, թե արդյո՞ք իշխանությունների մտքով չի անցնի փակել, ինչպես ասում են որոշ վերլուծաբաններ, «դեմոկրատիայի հեղափոխություն կատարած» այս գործիքը` սոցիալական ցանցը:

Եվ խելամիտ իշխանությունն այդպիսի բան երբեք չի անի: Իրականությունն այն է, որ կյանքը որոշվում է ամենեւին ո՛չ բլոգներում: Համախմբվո՞ւմ են ընդդեմ իշխանությունների: Թող համախմբվեն: Միայն թե Ինտերնետում: Թող նզովեն կամ հիանան, միայն թե Ինտերնետում: Մեր բլոգերները կարող են չմտահոգվել` նրանք ունեն վիրտուալ ազատություն: Եվ այդ վիրտուալ ազատությունով էլ բոլորս սահմանափակվում ենք: