«Արվեստն ու իշխանությունները տարբեր մոլորակներ են»,- ասում է «Ակվարիում» խմբի հիմնադիր, երաժիշտ ու բանաստեղծ Բորիս Գրեբենշչիկովը

02/11/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ձեւավորման 300-ամյակի հոբելյանի առիթով Երեւանը նվեր ստացավ: Հոկտեմբերի 31-ին Բորիս Գրեբենշչիկովն (ԲԳ) ու «Ակվարիում» խումբը նրբաճաշակ ու վառ համերգային ծրագրով ներկայացան երեւանցիների առջեւ: Այն երաժշտությամբ, որի առաջին իսկ ակորդներից նկատվում է մեծ գեղագետ ԲԳ-ի ձեռագիրը: 28 ալբոմների հեղինակ ԲԳ-ն յուրաքանչյուր համերգի ժամանակ իր հին ու նոր երգերի կոլաժն է ստեղծում: Երեւանյան կոլաժում տեղ գտան արդեն ծանոթ երգերն ու մի քանի նոր կոմպոզիցիաներ, որոնք պետք է ընդգրկվեն «Կարմիր գետ» ալբոմի մեջ: ԲԳ-ն կելտական սրինգի երկրպագու է եւ «Ակվարիումի» ելույթին էր հրավիրել իռլանդացի սրնգահար Բրայան Ֆինեգանին, ում հզոր էներգետիկան ու վարպետությունը համերգի զարդը դարձան: Մեկ երգ իր կատարումով ամբողջացրեց նաեւ համաշխարհային համբավ ունեցող դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ում հետ աշխատելը ԲԳ-ն մեծ պատիվ է համարում: Եվ քանի որ «Ակվարիումի» համերգը համընկել էր հին կելտական Սրբերի տոնի հետ (որը հետագայում վերածվել է Halloween-ի), ԲԳ-ն առաջարկեց հիշել սրբերին: «Այսօր իրական ու անդրշիրիմյան աշխարհները բաժանող սահմանագիծը հազիվ նշմարելի է դառնում: Այդ օրն ամեն ինչ հնարավոր է»,- ասաց նա:

Բ. Գրեբենշչիկովը զարմանալի երեւույթ է երաժշտական աշխարհում. նրան դժվար է լավ կոմպոզիտոր համարելը, իսկ նրա հեղինակած երգերի խոսքերն առանձին վերցրած` բնավ մեծ ներգործություն չեն ունենում, սակայն բավական է լսել նրա երգերը (եւ մանավանդ` կենդանի կատարմանը հետեւել), որպեսզի ամեն բան իր տեղն ընկնի: Նրա էլեգանտ կատարումն ու երգերի տողատակերում շաղ տված իմաստնության հատիկներն արթնացնում են լսարանի ներուժը: Եվ շատ հաճախ նրա կատարումները դրդում են սեփական կյանքում ու սեփական մտքերում նոր բան գտնելուն: ԲԳ-ն չի սիրում, երբ իրեն «ռուսական ռոքի լեգենդ» են անվանում, քանի որ իր խորին համոզմամբ` Ռուսաստանում այլեւս ռոք չկա: «Այն երաժշտությունը, որը կատարում են ռոքի անվան տակ, վաղուց արդեն որեւէ նոր բան չի ասում»,- ասում է նա:

Մեր բլից-հարցազրույցը Բորիս Գրեբենշչիկովի հետ տեղի ունեցավ «Բյուրոկրատ» գրախանութում, որտեղ առաջին անգամ ներկայացվեց ԲԳ-ի բանաստեղծական ժողովածուի օտարալեզու տարբերակը: Բանաստեղծությունները հայերեն թարգմանել է գրող, բանաստեղծ Արմեն Շեկոյանը (կարելի է ասել` փոխադրել ու տեղ-տեղ նոր շեշտադրումներով է օժտել ԲԳ-ի բանաստեղծությունները): Բորիս Գրեբենշչիկովը` գրախանութի այցելուների համար հայերեն գրքի վրա ինքնագրեր բաժանելով` նկատեց, որ հաճելիորեն զարմացած ու շոյված է իրեն զգում: «Ոչ ոք դեռ չի հանդգնել թարգմանել իմ գրածները, եւ ես հիմա ստորագրում եմ մի գրքի վրա, որի մեկ տառն անգամ ինձ հասու չէ: Եվ դա զարմանալի` ազատ թռիչքի պես մի բան է»,- ասաց նա: Արմեն Շեկոյանն էլ, իր հերթին, նկատեց, որ թարգմանությունները մեծ հաճույքով է արել, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում պոեզիա չի գրել ու կարոտել է բանաստեղծական ֆորման: «Պոեզիայի նկատմամբ կարոտի մեծ խտացում կար մեջս, հիմա պատկերացրեք, թե ինչ հաճույքով եմ թարգմանել: Մեջս եղած պոեզիայի ավելցուկից ազատվեցի Գրեբենշչիկովի պոեզիան թարգմանելու շնորհիվ»,- ասաց Ա. Շեկոյանը: Բանաստեղծությունների բնօրինակների ու Ա. Շեկոյանի ստեղծած տարբերակի միջեւ մեծ տարբերություն կա: ԲԳ-ի 40 բանաստեղծությունները հնչում են հայերենով այնպես, ասես հենց հայերենով էլ գրվել են: Դրանք առանձին կղզիներ են, որոնք ստեղծել են իրարից խիստ տարբեր (կերպարով, ոճով, կենսակերպով) երկու անհատներ: Եվ հայերեն տարբերակը առանց երաժշտական ուղեկցության ինքնաբավ պոեզիայի նմուշ է դարձել: Ներկայացնենք մի հատված «հայացված» Գրեբենշչիկովից.

«Ուզում ես` հրեշտակի պես ճախրիր.
Ուզում ես հոգիդ չարին ծախիր,
Ուզում ես պատի վրայով մագլցիր
Ու առաստաղի վրայով քայլիր,
Ուզում ես` շողշողա ու փայլիր,
Ուզում ես մնա լուռ ու դինջ,
Միայն թե` մի բան հիշիր միշտ.
Աստված տեսնում է ամեն ինչ»:

Բ. Գրեբենշչիկովը սառնասիրտ հարաբերություններ ունի իշխանությունների հետ: Նա թույլ է տալիս, որ իշխանավորներն իր հետ հանդիպեն, սակայն սեփական կամքով երբեք նման հանդիպումներ չի նախաձեռնում: ԲԳ-ն տարբեր կրոնների, երկրների ու երաժշտական ուղղությունների վրայով սավառնելով` այդպես էլ որեւէ տեղ կանգ չի առել: «Կա Աստված, ու կա մարդ: Մնացածը նրանց երկխոսությունն է»,- ասում է նա:

Բլից-հարցազրույց Բ. Գրեբենշչիկովի հետ

– Սովորաբար, արվեստի մարդկանցից` ստեղծագործելուց բացի, նաեւ մի քիչ ավելին են սպասում: Վստահ եմ, որ հատկապես Ձեր խոսքին են սպասում, չէ՞ որ Դուք լեգենդ եք, ում երաժշտության ներքո մի քանի սերունդ է մեծացել:

– Իմ խոսքը երգերն են, ով ուզում է լսել` լսում է, ով չի ուզում` ուրեմն դրանց կարիքը չունի:

– Իրականում ինչպե՞ս պիտի կատարվի արվեստի մարդու ու իշխանությունների երկխոսությունը:

– Համոզված եմ, երբ արվեստի մարդիկ սկսում են իշխանական խաղերի մասնակցել` լուրջ անախորժություններ են տեղի ունենում: Երբ արվեստի մարդը գնում ու կանգնում է որեւէ քաղաքական ուժի կողքին, ապա դրանով միայն սեփական անձին է վնաս հասցնում: Իշխանություններն ու արվեստը, ինչպես նաեւ՝ իշխանություններն ու կրոնը, տարբեր աշխարհների են պատկանում: Երբ այդ երկու աշխարհներն արհեստականորեն իրար են միացնում` մեծ աղետ է սկսվում: Դրանք չեն կարող մի հարթության վրա դրվել, քանի որ տարբեր մոլորակներ են ու սեփական ուղեծիրներով են շարժվում: Քրիստոսն ասում էր` Աստծունը` Աստծուն, Կեսարինը` Կեսարին: Արվեստը կարող է դաստիարակել (ինչպեսեւ կրոնը), բայց այն չի կարող ազդել մարդկանց վրա այնպես, ինչպես իշխանությամբ օժտված մարդիկ են սովոր արվեստը ընկալել: Եվ երբ արվեստի մարդիկ թյուրիմացաբար կարծում են, թե կարող են քաղաքականության վրա ազդել, ապա դա Աստծո պարգեւած շնորհի սխալ օգտագործման է վերածվում:

– Շնորհը կորչո՞ւմ է:

– Պարտադիր չէ: Պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ երաժիշտներն ակտիվ քաղաքականությամբ են զբաղվել: «Արեա» խումբն, օրինակ, այս կամ այն ուժի անունից է ելույթ ունեցել եւ անկեղծորեն հավատացել է, որ լավ է անում: Իսկ ես համոզված եմ, որ դա չի կարելի անել: Քարոզն ու երաժշտությունը անհամատեղելի են: Երաժշտությունը ընդամենը հրավեր է: Մտորելու, ուսումնասիրելու հրավեր: Ոչ ավելին:

– Ձեր երգերի տեքստերը, եթե կարելի է ասել` «խիտ» ու հագեցած են: Չե՞ք կարծում, որ բառերը գիտակցության վրա ազդելու մեծ ուժ ունեն:

– Սովետական տարիներին մենք բոլորս փորձում էինք գաղափարախոսական բեռից ազատվել, հաղթահարել սովետականության ձգողական ուժն ու բաց տիեզերք դուրս գալ: Հիմա բաց տիեզերքում ենք, որտեղ ամեն բան անհայտ է: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե ինչպե՞ս են բառերը ազդում գիտակցության վրա: Հուսով եմ, որ ազդում են:

– Դուք միտումնավո՞ր եք երգերի տեքստերը կոդավորում, թե՞ դրանք հենց այդպես են ծնվում:

– Ընդհակառակը, ես միշտ փորձում եմ հնարավորինս շատ պարզեցնել դրանք: Միայն պարզ բառն է հաճույք պատճառում: Պարզապես ես աշխատում եմ բառերը երգի մեջ այնպես դասավորել, որ տարբեր նախադասությունների եւ ենթատեքստերի մեջ դրանք տարբեր երանգներ ստանան: Ես գիտեմ, որ ցանկացած բառ հազարավոր նշանակություն կարող է ունենալ, եւ քանի որ իմ իմացության հետ ոչինչ անել չեմ կարող (այսպես ասած` իմացությանս ձեռքը կրակն եմ ընկել), ապա ես դրանցից մի մեծ խճանկար եմ ստեղծում: Եվ երբ ասում եմ` Լուսին, ապա այդ բառի մեջ միանգամից հազարավոր իմաստներ եմ տեսնում: Եվ բոլոր այդ իմաստներն էլ նկատի եմ ունենում: Ոչինչ անել չեմ կարող, իմ երգերն այնպիսին են, ինչպիսին ես եմ: Մենք բոլորս էլ ստեղծում ենք միայն այն, ինչ ի վերուստ կա մեր մեջ: Մենք ընտրում ենք մեր սիրած խաղերն ու խաղում ենք: Եվ որքան շատ են խաղի տարրերը, այնքան ավելի վառ ու հետաքրքիր խաղ է ստացվում:

– Կյանքը խա՞ղ է:

– Իհարկե, եւ այդ խաղը տեղի է ունենում մի տախտակի վրա, որը «հավերժություն» է կոչվում:

– Իսկ կյանք-խաղը փոխվո՞ւմ է:

– Կյանքն ամեն նոր ապրած օրվա հետ` միշտ էլ ավելի լավն է դառնում: Ինչպե՞ս կարող է հակառակը լինել, եթե մենք օրեցօր ավելի շատ փորձառություն ենք ձեռք բերում ու սովորում ենք: Չէ՞ որ կյանքի իմաստը նոր բան սովորելու մեջ է, եւ ուրեմն` ամեն նոր օր նախորդից ավելի լավն է: Եվ դու էլ ինքդ քեզ հայտնագործելու նոր հնարավորություններ ես ստանում: