Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեստերվելեն կոչ է արել հնարավորություն տալ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիներին՝ առանց վիզայի այցելել Եվրամիության անդամ երկրներ: Վեստերվելեն հայտարարել է, որ մուտքի արտոնագիր տրամադրելու համակարգում անհրաժեշտ է «հիմնարար թարմ սկիզբ»: «Արեւելյան գործընկերության երկրների ու Ռուսաստանի քաղաքացիների համար տեղաշարժվելու իրավունքը ուժգին խթան կհանդիսանա Արեւելյան Եվրոպայի երկրների սոցիալ-տնտեսական զարգացման համար»,- ասել է նա: Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված է նաեւ Հայաստանը: Գերմանիայի արտգործնախարարի ելույթի տեքստը նախօրոք տրամադրվել է մամուլին: Նա ելույթ է ունենալու Բեռլինի համաժողովում, որի կազմակերպիչը Գյոթեի անվան միջազգային մշակութային գործակալությունն է: