Բերման են ենթարկել

30/10/2010

Երեկ Երեւանում գտնվող Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը եւ փոխնախագահ Բայբարս Օրսեքը լրագրողների հետ հանդիպմանն իրենց հնչեցրած հայտարարությունների արդյունքում բերման են ենթարկվել Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն` պարզաբանումներ տալու համար: «Նրանք ասուլիսում հայտարարել են, որ հատել են Հայաստանի պետական սահմանը: Դրա համար էլ հրավիրվել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն` պարզաբանումներ տալու»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել են ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից: «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավարը երեկ Երեւանում հրավիրած ասուլիսում եւս մեկ անգամ պնդել է, որ հոկտեմբերի սկզբին իրենք Ախուրյան գետով հատել են հայ-թուրքական սահմանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին թուրքական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը, փոխնախագահ Բայբարս Օրսեքը, կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Դյունդար Գյուլթեքինը եւ նրանց ուղեկցող պատվիրակությունը, ի նշան փակ սահմանի դեմ բողոքի, խախտել են հայ-թուրքական սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան: Մինչդեռ, հայ-թուրքական սահմանի պաշտպանությամբ զբաղվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչությունից հավաստիացրել էին, որ սահմանը ոչ ոք չի խախտել: Հակադարձելով ռուս-սահմանապահների այս խոսքերին` Թունա Բեքլեւիչը երեկ նկարագրել է Ախուրյան գետի կոնկրետ այն կետը, որտեղից, իր պնդմամբ, հատել են սահմանը: «Այդ տեղը Անիի ավերակներում գտնվող պատմական եռահարկ կամրջից մոտ 150 մետր հյուսիս է գտնվում, դա մի կետ է, որտեղ գետը բավական նեղ է եւ ծանծաղ: Գետի 2 կողմում էլ կոնֆետի թղթեր կային թափված, ինչը նշանակում է, որ այս ճանապարհը օգտագործվող ճանապարհ է»,- ասել է նա: