«Շարմի» յուրաքանչյուր նախագծում հանդիսատեսի եւ ունկնդրի ռեակցիայի ճիշտ հաշվարկ եւ գովազդի ստույգ չափաբաժին կա: Պետք է ժողովրդին զվարճացնել` պատրաստվում են ծիծաղելի հաղորդումներ եւ ֆիլմեր: Եղել են եւ լավ արձագանքներ («Մեր բակը»), եւ ոչ այդքան («Թույն կասետ»): Պետք են ավելի ինֆորմատիվ, սակայն թեթեւ հաղորդումներ` Հանրային հեռուստաալիքում հայտնվում են «Շարմի» պատրաստած նոր հաղորդումները` «Օտար, ամայի ճամփեքի վրա»-ն եւ «Հայկական տարբերակը»: Բարեբախտաբար, «Շարմը» կա, ու չնայած որոշ ժամանակվա դադարի եւ Մոսկվայում գործունեություն ծավալելու ցանկության, շարունակում է Հայաստանում նոր գաղափարներ ու ձեւեր փնտրել: Եվ իրագործել այդ գաղափարները` պարտադիր հմայքով եւ ինքնավստահությամբ:
Այժմ պատրաստվում են եւ երրորդ «Մեր բակը», եւ երրորդ «Երեւան-Մոսկվա-տրանզիտ» ձայներիզը: «Մեր բակը» մերն է, մեր նյութի եւ հերոսների վրա է հիմնված, հասկանալի եւ սիրելի է, իսկ «Երեւան-Մոսկվա-տրանզիտը» մի քիչ մերն է, մի քիչ էլ` նրանցը: Այդ պատճառով անհասկանալի է, թե ումն է: Թողարկելով արդեն երրորդ ձայներիզը, որտեղ ռուս էստրադային երգիչները երգում են հայկական հին ու նոր երգերը, «Շարմը» կարծես ասում է. «Տեսեք, ռուսները շարունակում են մեր երգերը մեր լեզվով երգել»: Երգերը հայերեն են, սակայն պարտադիր գոնե մեկ տուն ռուսերեն է երգվում, որպեսզի ռուս երգիչները կարողանան որսալ երգի բովանդակությունը: Փաստը շատ հետաքրքիր ու շահեկան է, քանի որ ռուս երգիչներն իսկապես շատ հայտնի աստղեր են եւ բոլորին ծանոթ են: Լսելով նրանց կատարումները, զգում ես, թե որքան են նրանք դժվարանում հայերեն հնչյուններ արտաբերել, եւ որքան է նրանց օգնում սեփական վարպետությունը: Հայերեն երգող Կոբզոնը, Ագուտինը, Բույնովը, Պավլիաշվիլին եւ ուրիշ ռուս մեգա-աստղեր երգում են բոլոր հայերին ծանոթ երգերը` նոր գործիքավորմամբ եւ սեփական մեկնաբանումով: Նրանց լսելը շատ հետաքրքիր է, եւ ոչ միայն զուտ հայերեն երգելու համար: Հետաքրքիր է` արդյոք կկարողանա՞ն փոխանցել երգի իմաստն ու տրամադրությունը: Կամ էլ նոր տրամադրություն ստեղծել: Կան երգիչներ, ովքեր պարզապես երգում են, եւ կան երգիչներ, ովքեր ստեղծագործում են` հիմնվելով հայ մեղեդու ու բառերի վրա: Շատ երգեր երկրորդ անգամ լսելու ցանկություն չեն առաջացնում, կոտրտված հայերենն ու վերափոխված մեղեդին դրան չեն նպաստում: Սակայն կան եւ հայտնություններ: Օրինակ, Վլադիմիր Պրեսնյակով-կրտսերի «Ով սիրուն, սիրունը» կամ Անժելիկա Վարումի «Ամպի տակից ջուր է գալիսը»: Ենթադրվում է, որ բանակցությունները եւ ձայնագրման աշխատանքները ռուս աստղերի հետ թեթեւ, արագ ու սահուն չեն եղել: Սեթեւեթ ու պահանջկոտ երգիչներին նման նախագծում ներգրավելը հեշտ գործ չէ: Իսկ համերգ կազմակերպելն ավելի բարդ է: Եվ եթե նույնիսկ շատ բան չի ստացվել, եւ զգացվում է, որ որոշ կատարումներ հապճեպ են արվել, իսկ որոշ երգերի գործիքավորումը նույնիսկ շփոթմունք է առաջացնում, նման ձայներիզ ստեղծելու փաստն արդեն ուրախալի է: «Տրանզիտ» արված երգերը մեր տրամադրությունը բարձրացնելու ու սեփական երգերով հպարտանալու, այլ ոչ թե` հետագայում ռուս երգիչների երգացանկում հայ երգերը լսելու կամ նոր բան հայտնագործելու համար են: Միտքը զվարթացնող է: Թեեւ ափսոս, որ շատ կատարումներ երկրորդ անգամ չես լսի, անորակ են: