Գերասիմը ստում է

30/10/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սեպտեմբերից սկսվել է խաղողի մթերումը: Իշխանություններն, ինչպես ամեն տարի, վստահեցնում էին. մթերման հետ կապված խնդիրներ չեն լինի: Գյուղատնտեսության նախարարի տվյալներով` այս տարի կունենանք 125.000 տոննա խաղող: Նվազագույն գին էր հայտարարված 120 դրամը: Երեւանի Կոնյակի գործարանը մթերման գին էր հայտարարել 130 դրամը:

Այս տարի էլ ընդունվել էր խաղողի գնման պայմանագրի ընդունելի ձեւ, որում նշվում է, թե ինչ են պարտավոր անել մթերողը եւ գյուղացիական տնտեսությունը: Լրատվամիջոցների կողմից այս ընթացքում բազմիցս են ահազանգեր հնչեցվել, որ գյուղացիները չեն կարողանում իրացնել բերքը, քանի որ մթերող կազմակերպությունները սպասում են վերջին օրվան, որպեսզի էժան գնով գնեն գյուղացուց: Որքան էլ ծիծաղելի չհնչի` գյուղնախարարը հավաստիացրել էր, որ այս տարի նման բան չի լինի:

«Խաղողի մթերումները շարունակվում են, մի քանի կազմակերպություններ իրենց դռները բաց են պահելու այնքան ժամանակ, մինչեւ վերջին կիլոգրամ խաղողը մթերվի: Մթերման միջին գինն այս տարի եղել է 124,4 դրամ 1 կգ-ի դիմաց, եւ գումարի 65% -ն արդեն կանխիկ վճարվել է: Դա կազմում է մոտ 10 մլրդ դրամ». սրանք ՀՀ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքերն են, որոնք, փաստորեն, բացարձակ սուտ են: Խաղողի մթերումների մասին այս ճառերը գյուղացիները լավ են հիշում: «Էդ պրոստո հեքիաթ ա: Էդ ե՞րբ են Կառավարության ասածները բանի տեղ դրել, որ հիմա էլ լսեն: Նախորդ տարի դաժե նախագահի՝ Սերժ Սարգսյանի ասածները հաշվի չառան, երբ նախագահն եկել էր Արտաշատի խաղողի մթերման կետ, զգուշացրեց, որ 130 դրամից պակաս գնով խաղող չընդունեն: Ու գիտե՞ք ինչ եղավ՝ նախագահը մինչեւ հասներ Նորագավիթի պոստ, գյուղացիներից խաղողն առան 70 դրամով: Սրանից վառ օրինակ կա՞: Էդ մարդիկ գազաններ են, գազաններ»,- մեզ հետ զրույցում ասացին Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչները: Նրանց հավաստմամբ՝ այս տարի գյուղացիներից շատերը խաղողը, ճարահատյալ, հանձնել էին նույնիսկ 40-50 դրամով: Ընդ որում՝ գյուղի բնակիչները դժվարացան հիշել, թե գյուղացիներից քանիսը կամ ովքեր պայմանագիր ունեն խաղողի մթերման ընկերությունների հետ: «Ով պայմանագիր ա կնքում` գալիս ա մեզնից էժան-էժան առնում ա, ու տանում-հանձնում ա: Մեզ թույլ չեն տալիս, որ հանձնենք: Մենակ պայմանագիր ունեցողները պետք է հանձնեն: 50 դրամով խաղող ենք տվել, քեզ համար ո՞նց ա, աղջիկ ջան»,- վրդովված ասաց տիկին Հռիփսիկը` հաշվելով իր 1600 մետր հողատարածքի վրա ծախսած ողջ գումարը: Ըստ գյուղացի կնոջ՝ միայն 60.000 դրամ նա ծախսել է թունաքիմիկատների համար, ընդ որում՝ տարեկան մոտ 9-10 անգամ խաղողի սրսկման համար: «Էս ամեն ինչը հատ-հատ գրի: Բացի դրանից՝ մի 6000 դրամ էլ տվել եմ տրակտորին, որ գա չիզել անի: 3 անգամ ջրել ենք: Դե մի ջրելը` մինիմում 5000դրամ ա, բայց ես էդքան չեմ տվել` չեմ կարա սուտ ասեմ: Սեփական մեքենա չունեի, ուրիշներին խնդրում էի, որ խաղողս գան տանեն: Մի անգամվա համար մեքենային տալիս էի 3000 դրամ: Էն մյուս ծախսերի մասին էլ չեմ ասում: Էդքանով հանդերձ՝ մի 400 կգ մեկ եմ տվել, 90 յաշիկ խալադելնիկն եմ դրել, էն մնացածն էլ՝ չեմ էլ իմանում ինչքան էր՝ 500կգ, թե՞ 1 տոննա, հանձնել եմ 50 դրամով: Այսինքն՝ 1 տոննայից 50.000 դրամ փող հաշվի»,- ասաց տիկին Հռիփսիկը: «Ով պայմանագիր ունի` 80 դրամով ա հանձնել, ով էլ չունի` մեզ նման խեղճ ու կրակները, 1 կգ-ը 50 դրամով տվել են: Գյուղացիք ոտնատակ եղած գնում են»,- շարունակեց գյուղացի կինը: «Տելեվիզորն ու էդ պաշտոն ունեցողներն ուրիշ բան են ասում, իրականությունը լրիվ ուրիշ ա: Ինչի՞ եք զարմանում՝ գյուղացիները դաժե 40 դրամով էլ են խաղող հանձնել: Մարդիկ պայմանագիր չեն ունեցել, անհատները եկել-առել են, ու տարել-հանձնել են գործարանին: Էսօր գյուղացու քրտինքը վաաբշե չի գնահատվում: Էս տարի ամեն ինչ թանկացրեցին՝ թունաքիմիկատները, տրակտորի փողը… Խաղողը հանձնում-պրծնում ենք, չենք էլ կարողանում մեր պարտքերը հանենք: Հենա՝ էրեխես ռետուզ չունի ներկա պահին: Էս տարի մենակ 150.000 դրամ թունաքիմիկատներին եմ պարտք մնացել»,- նկատեց գյուղի կանանցից մեկը, ով մեզ հետ զրույցի պահին խաղողը վաճառում էր Վանաձորից եկած հյուրերին: «Շուկայի համար ենք տանում: Բա մեղք չե՞ն մեր լոռեցիները: Տանենք` իրենք էլ խաղող ուտեն»,- ասացին գնորդները` 1կգ խաղողը 200 դրամով գնելով: Մինչդեռ այսօր երեւանյան շուկաներում 600 դրամից պակաս գնով խաղող չես գտնի: «Բոլոր գործարաններում էլ նույն վիճակն ա: Ասում են՝ 120-130 դրամ, բայց տանում ես, որ հանձնես` 80 դրամով հազիվ են ընդունում»,- զայրացած ասացին գյուղում հավաքված տղամարդիկ: «Մարդկանց բերքը մնացել ա այգիներում: Ստիպված պիտի հանձնեն գործարանին: Գործարանատերն էլ մարդկանց դեմ ա տալիս պատին, ասում ա՝ էս գնով ենք ընդունում: Ստացվում ա` գործարանը մենակ ցածր գներով խաղողի տեղ ունի, հենց գինը բարձրացնում են, ասում են՝ մենք խաղողի տեղ չունենք: Գյուղացիներից շատերն էլ ստիպված` 40-50 դրամով են հանձնում էդ բերքը»,- նշեց գյուղի բնակիչ պարոն Հրաչը: «Գյուղի կենտրոնից մինչեւ էստեղ մոտ 40տուն ա: Էդ շարքում գոնե 2 տուն չեք գտնի, որ 130 դրամով խաղող լինի հանձնած: Դե էս տարի լավ խաղեր տվին: Բա ո՜նց, ընտրություններն են մոտենում, նախընտրական տրյուկների ժամանակն ա…»,- զրույցը շարունակեցին գյուղի մյուս տղամարդիկ: «Սաղիս հիասթափեցրել են: Էլ գյուղացի կա՞: Մեռել են: Ընենց վիճակ են ստեղծել, որ խաղողի գինն արդեն կարեւոր չի: Զավոդի մոտ կանգնած` մարդիկ խեղճանում են: Ու գործարարներից մեկ էլ, տեսնում ես, սպիտակ խալաթով տղերքով, իջնում են, սկսում նայել խաղողին: Հենց տեսնում են խաղողի մի հատիկը փչացած ա, ասում են՝ սա հիվանդ խաղող ա: Էդ ժամանակ ուզում ես ասել՝ տո դու ես հիվանդ, դու կյանքում խաղողից բան հասկացե՞լ ես: Ես էլ, հո, պայմանագիր ունեմ, բայց տարա, որ հանձնեմ, ընենց խաղողի տեսակներ են ասում, որ մեր գյուղում հազիվ 1-2 մարդ ունի»,- իշխանություններից դժգոհեց Կարենը: Պարզվում է՝ մեր գինեգործ օլիգարխների ճաշակը փոխվել է: Նրանք սկսել են արժեւորել խաղողի հին տեսակները, որոնք ոչ բոլոր գյուղացիներն ունեն:

«Ասում են՝ մսխալի, կախերթ, խարջի, խալի խաղողի տեսակներ բերեք` կընդունենք, բայց որտեղի՞ց բերենք, եթե էդ մարդն ամբողջ 10 տարի մշակել ա, ասենք, Վան տեսակի խաղող: Հա, բա, էսօր սեւ, Էրեբունի, «Կանացի մատներ» տեսակների խաղող չեն ընդունում: Գիտե՞ք՝ ինչ են ասում. ասում են՝ ընենց խաղող բերեք, որ դաժե Մարտիրոս Սարյանը չէր կարա նկարի»,- պատմում էին զրուցակիցներս: Այս մարդիկ այնքան են հիասթափվել հեքիաթներ պատմող տարբեր նախարարներից, ու առհասարակ` իշխանություններից, որ արդեն պատրաստվում են լքել երկիրը: Պատմեցին, որ գյուղում արդեն մեծ թափով սկսել են տների վաճառքի գործընթացները: Զավեշտալին այն է, որ գյուղացիներից խաղողը սկսել են ընդունել պայմանով, որ նրանք անդամագրվեն այս կամ այն կուսակցությանը: «Գործարանը գյուղացիներին կուսակցականացնում ա: Արդեն 5 տարի էր՝ Գագիկ Ծառուկյանի խաղողի մթերման կետի հետ պայմանագիր էի կնքել: Տարել էի, որ խաղողը հանձնեմ, ասացին՝ դու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չես, անդամագրվի կամ տնեցիներից մեկին ասա` թող գան անդամագրվեն:

Ուղղակի ուրիշների համեմատ Ծառուկյանի խաղողի մթերման կետն ամենահարմար պայմաններով ա ընդունում՝ փողը տեղում ա տալիս»,- իրավիճակը ներկայացրեց գյուղացիներից մեկը` պատմելով իր վիրավորվածության մասին, երբ ՀՀ Ազգային ժողովի նախորդ ընտրությունների ընթացքում բաժանվող պարարտանյութ-ընտրակաշառքից իրեն բաժին չէր հասել: Ի դեպ, գյուղում նաեւ պատմում էին, որ մինչ օրս գյուղացիներից ոմանք նաեւ չեն ստացել խաղողի մթերման նախորդ տարվա գումարի մեծ մասը: «Լսել եմ՝ էս տարի գներն էժանացրել են, հա՞: Ձեները (ընտրաքվեները.- Մ.Մ.) էլ 5000 դրամով չեն առնելու, 3000 դրամով ա լինելու»,- միմյանց հետ զրուցելիս ասում էին Վերին Արտաշատի բնակիչները՝ անհամբեր սպասելով ընտրությունների օրվան: «Դե մենակ էդ ժամանակ ա, որ մենք հետաքրքրում ենք մեր իշխանություններին»,- ասում էին նրանք: Գյուղացիներից ոմանք` վիրավորվելով մթերման գներից եւ կուսակցական պարտադրանքից, մտածում են, որ նույնիսկ ավելի լավ է` այդ խաղողն օգտագործեն որպես անասնակեր, քան իրենց «չարչարանքը» վաճառեն 1 կգ-ն` 40-50 դրամով: Ի դեպ, խորհրդային կարգերից հետո մեզանում անասնակերը միայն խոտն է մնացել: Սակայն, եթե անցած տարիներին խոտի 1 հակն արժեր 400-500 դրամ, ապա վերջին տարիներին վաճառվում է 800-1000-1200 դրամով: Բարձրադիր շրջաններում մեկ տոննա խոտն արժե 30.000-35.000 դրամ, Արարատյան դաշտավայրում` 40.000-45.000 դրամ: Իսկ կենդանիների պահանջը մարդու պես օրական 2500 կկալ չէ, 400-500 կգ կշռող կովը պիտի դրանից առնվազն 5 անգամ ավելի ստանա, խոզը` դրանից ավելի:

Այս գյուղի բնակիչները թունաքիմիկատները ձեռք են բերում պարտքով: Գյուղի բնակիչներից պարոն Ներսեսը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը թունաքիմիկատների պարտքացուցակում 105-րդն է, եւ իրենից հետո եւս 100 եւ ավելի պարտքատեր գյուղացիների անուններ կան: Թեեւ նախորդ տարվա համեմատ այս տարի անձրեւային եղանակները պատճառ դարձան խաղողի բերքի քիչ լինելուն, այդուհանդերձ, այսօր գյուղացիները դժվարությամբ են նույնիսկ խաղողի իրացումն ապրանքափոխանակման եղանակով անում: Եթե նախկին տարիներին 1 արկղ խաղողի դիմաց գյուղացին վերցնում էր 1 պարկ սոխ կամ կարտոֆիլ, ապա այսօր 3 արկղ խաղողը հազիվ է կարողանում փոխանակել 1 պարկ սոխի կամ կարտոֆիլի հետ: