Կախվածության մե՞ջ

30/10/2010

«ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Աստրախանում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ակնհայտորեն դրական էր»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` միաժամանակ նկատելով, որ Կովկասում ԱՄՆ քաղաքականության դերը նվազում է, ինչի ֆոնին բավական ակտիվ է դառնում ռուսական քաղաքականությունը: Երկու երկրների նախագահների աստրախանյան հանդիպման կարեւորությունը, քաղաքագետի համոզմամբ, այն է, որ կողմերը հասան ռազմագերիներին փոխանակելու համաձայնության, ինչն ամրագրված է նաեւ Ժնեւյան կոնվենցիայով: Միաժամանակ, Ստեփան Գրիգորյանը նշել է, որ ԼՂ հակամարտությունը չի լուծվի «զուտ քաղաքական բանակցությունների» միջոցով, այլ հարկավոր է երկու կողմերի համար ստեղծել համագործակցության դաշտ, «միմյանցից դնել կախվածության մեջ», որպեսզի կողմերից ոչ մեկն այլեւս չմտածի պատերազմի մասին եւ գնա միայն ու միայն խնդրի խաղաղ լուծման ճանապարհով: