Այլընտրանք չկա

30/10/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում 2010թ. ՀՀ նախագահի կրթական պարգեւների արժանացած ուսանողներին ու աշակերտներին:

Պարգեւատրված 37 երիտասարդներից 25-ը տարբեր բուհերի ուսանողներ են, 12-ը` ավագ դպրոցի աշակերտներ: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի կրթական պարգեւ շնորհվում է այն ուսանողներին եւ աշակերտներին, ովքեր բարձր գնահատականներ ունեն, հասարակական ակտիվ գործունեություն են ծավալում, մասնակցել են ՏՏ օլիմպիադաների, գիտական աշխատանքների հեղինակ են եւ բազմակողմանի գիտելիքներ ունեն:

Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման արարողությանը ներկա է եղել նաեւ «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանը: Հաղթողների համար սահմանվել են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հովանավորվող հետեւյալ անվանակարգերն ու մրցանակները` գլխավոր մրցանակ, լավագույն ասպիրանտ, լավագույն մագիստրանտ, լավագույն բակալավր, լավագույն սփյուռքահայ մասնակից, լավագույն ուսանողուհի, լավագույն աշակերտ: ՏՏ ոլորտում հաջողություն արձանագրած ուսանողները եւ աշակերտները, վկայագրի եւ դրամական պարգեւի հետ միասին, ստացել են նաեւ ՏՏ արդյունաբերությունը խորհրդանշող արձանիկ: 2010թ. գլխավոր` գրան-պրի մրցանակի արժանացել է ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Արմեն Ղարիբյանը: «Չնայած առաջընթացին, մեր դպրոցների համակարգչային հագեցվածությունը դեռ գոհացուցիչ չէ: Սա գիտակցելով է, որ մենք սկսում ենք դպրոցների համակարգչային հագեցվածության բարձրացման առաջնահերթ ծրագիր: Դրա հիմնական նպատակն է` արդիականացնել մեր կրթության համակարգը, ինչպես նաեւ ընդլայնել ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների միջեւ հաղորդակցության եւ բաց էլեկտրոնային շփումների հնարավորությունները: Ընդ որում, այս նորամուծությունները չեն կենտրոնանալու մայրաքաղաքում եւ հասու են լինելու անգամ հեռավոր համայնքներում: Ծրագիրը կիրականացվի 2010թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, եւ դպրոցներին կտրամադրվեն վերջին սերնդի բարձրորակ համակարգչային սարքավորումներ»,- իր խոսքում ասել է Ս. Սարգսյանը: Խոսելով պետության կողմից մատուցվող ծառայություններն էլեկտրոնային դարձնելու կարեւորության մասին, նախագահն ասել է «Կարծում եմ` «էլեկտրոնային հասարակություն», «էլեկտրոնային կառավարություն» արտահայտությունները քաջ ծանոթ են բոլորիդ: Մենք արդեն իսկ հանդես ենք եկել մի շարք նախաձեռնություններով, որոնց նպատակն է պետության կողմից մատուցվող ծառայությունները դարձնել էլեկտրոնային` այսինքն՝ շատ ավելի արագ, պակաս ծախսատար, առավել արդյունավետ, եւ որ ամենակարեւորն է` քաշքշուկներից զերծ: Ծառայությունների մատուցման գործընթացի կազմակերպման այս մոտեցումը կարող է շատ մեծ ընդգրկում ունենալ` հարկահավաքությունից մինչեւ ձեռնարկությունների գրանցում կամ լիցենզավորում, առողջապահությունից մինչեւ ընտրությունների անցկացում: Այլընտրանք չկա. մենք աշխարհի զարգացման տեմպից հետ մնալ չենք կարող եւ չենք էլ մնալու»: Նաեւ հավելել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ժամանակակից աշխարհում իսկապես շատ մեծ է: Պատահական չէ, որ դրանց զարգացումն ու ներմուծումն աշխատանքային եւ անգամ անձնական առօրյայում շատերը համեմատում են այն հեղափոխության հետ, որը ժամանակին տեղի ունեցավ գրատպության հայտնագործմամբ ու տարածմամբ: Պատահական չէ, որ բերում եմ հենց այս օրինակը: Շուտով մենք տոնելու ենք հայ գրատպության հինգհարյուրամյակը: Հետաքրքիրն այն փաստն է, որ գերմանացի Յոհաննես Գուտենբերգի կողմից տպագրական սարքը հայտնագործելուց հետո մեր` հայերիս մեջ դրա տարածումը շատ չուշացավ: Ասեմ ավելին` հայ ժողովուրդն առաջինն էր այս տարածաշրջանում, որ ունեցավ տպագիր գիրք: …Տարիներ շարունակ մեր երկրում զգալի աշխատանք է կատարվել դպրոցների համակարգչային հագեցվածության բարձրացման ուղղությամբ: 2004-2009թթ. ընթացքում համակարգչային սարքավորումներ են տրամադրվել Հայաստանի 1153 դպրոցներին: Ներկայում աշակերտ/համակարգիչ միջին հարաբերակցությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների համար 1/30 է` 2003 թվականի 1/400-ի համեմատ: Այնուամենայնիվ, չնայած այս առաջընթացին, մեր դպրոցների համակարգչային հագեցվածությունը դեռ գոհացուցիչ չէ»: