Խոշորացողներն ու մանրացողները

30/10/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում վճարել են 318.5 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր։ Սա կազմում է ընդհանուր հարկային մուտքերի ավելի քան 72%-ը. 2010թ. հունվար-սեպտեմբերին պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 441.1 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր։

Մասնագետները եւ լրագրողները խոշոր հարկատուների ցանկից գրեթե միշտ փորձում են գտնել հետեւյալ հարցի պատասխանը. ո՞ւմ ուսերին է ծանրացել հարկային բեռը՝ խոշո՞ր բիզնեսի, թե՞ մանրերի։ Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային մուտքերն աճել են 18.9%-ով, հարկային մարմինը գերակատարել է իննամսյա ծրագիրը 9.2%-ով։ Նկատի ունենալով, որ տնտեսությունը այս նույն ժամանակահատվածում աճել է ընդամենը 2.8%-ով, կարելի է եզրակացնել, որ հարկային բեռի ծանրությունը բոլո՛րն են զգացել։

Ինտերնետային մի շարք լրատվամիջոցներ երեկ արդեն հասցրել էին որոշ համեմատականներ անցկացնել։ Խոսքը գնում է այն մասին, որ հարկային մուտքերն ավելացել են 18.9 տոկոսով, իսկ առաջին 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերը՝ 17.7%-ով։ Սրանից, իհարկե, կարելի է ընդհանրական եզրակացություն անել, որ խոշոր բիզնեսը մի փոքր ավելի քիչ է «մուծվել»։ Սակայն սա միանշանակ չէ։ Օրինակ՝ առաջին 100 հարկատուները միասին այս տարվա առաջին 9 ամիսներին բյուջե են վճարել 19.3%-ով ավելի շատ, քան նախորդ հունվար-փետրվարին։ Իսկ առաջին 50 խոշոր ընկերությունները վճարումներն ավելացրել են 20.6%-ով։

Հարկայինի ցուցակը հասարակությանը հետաքրքրում է նաեւ առանձին ընկերությունների մասով։ ՊԵԿ-ի հրապարակած ցանկի համաձայն՝ թիվ 1 հարկատուն «ՀայՌուսգազարդն» է՝ 9 ամիսների արդյունքներով՝ 12,9 մլրդ դրամ (մոտ 35,8 մլն դոլար) հարկ։ Երկրորդ տեղում «Ալեքս Գրիգն» է, որը վճարել է 12 միլիարդ 590 միլիոն դրամ։ Սակայն, եթե ցանկը դիտարկենք ըստ սեփականատերերի, բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում։

Այսպես, «Ալեքս Գրիգը» պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Սակայն, «Ալեքս Գրիգից» բացի, Ս. Ալեքսանյանին են պատկանում նաեւ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված «Նատալի Ֆարմ» եւ «Լուսաստղ Շուգր» (որ զբաղվում է շաքարի արտադրությամբ) ընկերությունները։ Խոշոր հարկատուների ցանկի 35-րդ հորիզոնականում գտնվող «Նատալի Ֆարմը» հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե է վճարել 1 միլիարդ 366 միլիոն դրամ, իսկ 153-րդ տեղում գտնվող «Լուսաստղ Շուգրը»՝ 336.8 միլիոն դրամ։ Կարելի է հաշվել, որ այս երեք ընկերությունները միասին պետբյուջե են վճարել շուրջ 14.3 միլիարդ դրամ։ Ու ստացվում է, որ Հայաստանի ամենախոշոր հարկատուն Սամվել Ալեքսանյանն է։

Ի դեպ, ցուցակում նախորդ տարվա համեմատ մեծ վայրիվերումներ չկան։ Գերխոշոր ընկերությունները հիմնականում պահպանել են կայունությունը՝ տեղաշարժվելով 1, 2 կամ 3 հորիզոնականով։ Աչքի զարնող միակ բացառությունը երբեմնի ամենախոշոր հարկատուն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Նախորդ՝ ճգնաժամային տարում, այս ընկերությունը երրորդ եռամսյակի տվյալներով՝ հարկատուների ցանկում նահանջել էր մինչեւ 15-րդ հորիզոնականը՝ վճարելով 2.1 միլիարդ դրամի հարկեր։ Այս տարի Զանգեզուրը 4 անգամ ավելացրել է վճարումները եւ 8.8 միլիարդով բարձրացել 5-րդ տեղը։ Սա հիմնականում տեղի է ունեցել պղնձի միջազգային գների շեշտակի աճի հետեւանքով։ Առաջին տասնյակում, Զանգեզուրից բացի, դրական տեղաշարժ են ունեցել նաեւ «ՀայՌուսգազարդը» (3 հորիզոնականով) եւ «Ալեքս Գրիգը» (1 տեղով)։

Հայաստանյան բոլոր բանկերը միասին այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում մուծել են 10.7 միլիարդ դրամի հարկեր։ Սակայն միանգամից աչքի է զարնում խիստ անհամաչափությունը. ցուցակի ամենաբարձր եւ ամենացածր հորիզոնականներում գտնվող բանկերի մուծած հարկերի տարբերությունը կազմում է 36 անգամ։ Այսպես՝ ամենախոշոր հարկատու բանկը «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլն» է, որը մուծել է 2.1 միլիարդ դրամի հարկեր եւ զբաղեցնում է ցանկի 21-րդ հորիզոնականը։ Իսկ, օրինակ, «Մելլաթ» բանկը հաշվետու ժամանակաշրջանում պետբյուջե է վճարել 58 միլիոն դրամ եւ հանգրվանել ցանկի 848-րդ տեղում։