Ինչպես «Մարլբորոն» փոխեց իր սեռը

21/10/2005

«Մարլբորոն» լույս աշխարհ է եկել 1924-ին՝ իբրեւ կանանց համար նախատեսված առաջին սիգարետ: Այն ժամանակ կանանց սիգարետ վաճառելու միտքն անգամ համարվում էր խիստ համարձակ, բայց 20-ականներին, երբ կանայք սկսեցին պայքարել տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու համար, նրանք ցանկացան ունենալ նաեւ նույն վնասակար սովորությունները, ինչ տղամարդիկ:

Սակայն առեւտրային տեսակետից դա վտանգավոր ձեռնարկ էր: Գովազդի մասնագետներն ամեն կերպ ձգտում էին ապացուցել, որ նույնիսկ ծխելիս կինը շարունակում է մնալ կանացի ու քնքուշ:

Ֆիլիպ Մորիսը որոշեց, որ իր սիգարետները պիտի բարեհունչ անուն ունենան: Այն ժամանակ մեծ հեղինակություն էր վայելում Ուինսթոն Չերչիլը, որի մասին ասում էին, թե ազգակցական կապ ունի կոմս Մարլբորոյի հետ: Կոմերսանտներին դուր էր գալիս «Մարլբորո» բառի արտասանությունը, բայց դուր չէր գալիս, թե ինչպես է այն գրվում՝ «Marlborough»: Եվ նրանք պարզապես ջնջեցին «ավելորդ» տառերը, ու նոր սիգարետների վրա հայտնվեց «Marlboro» անվանումը: Կանանց համար նախատեսված այս սիգարետների ծայրին՝ ֆիլտրի մոտ, նկարված էր կարմիր ժապավեն՝ շրթներկի հետքերը թաքցնելու նպատակով: Գովազդն այսպիսին էր. «Մարլբորո» սիգարետները նախատեսված են կանանց համար, որոնց ճաշակը հաստատում է տղամարդկանց այն դատողությունը, թե «Մարլբորոն» ազնվական սիգարետ է»:

20 տարի անց Ֆիլիպ Մորիսը որոշեց փոխել «մարտավարությունը». այժմ այս սիգարետների գլխավոր գնորդը պիտի դառնային մարդիկ, որոնք վախենում էին թոքերի քաղցկեղից մահանալուց, բայց շարունակում էին ծխել: Մորիսի այս քայլը հիմնավոր պատճառ ուներ: 1950-ականներին գիտնականները հրապարակեցին իրենց ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ ծխելն անմիջական կապ ունի թոքերի քաղցկեղի հետ: 1953-ին ԱՄՆ-ում առաջին անգամ նվազեց ծխախոտի սպառումը:

Ծխախոտ արտադրող ֆիրմաներն անմիջապես արձագանքեցին: Սկզբում նրանք հայտարարեցին, որ ուսումնասիրությունների արդյունքներին չեն վստահում, միաժամանակ սկսեցին հավատացնել, որ իրենց ծխախոտն ավելի անվտանգ է, քան մյուսներինը: Ամենից շատ տուժեցին առանց ֆիլտրի սիգարետները: Այն տարիներին կարծիք կար, թե ֆիլտրով սիգարետներ ծխում են միմիայն կանայք: Շատ տղամարդիկ կցանկանային ֆիլտրով սիգարետ ծխել, բայց վախենում էին ծաղրի առարկա դառնալուց:

Եվ Ֆիլիպ Մորիսը որոշեց փոխել «Մարլբորոյի» «սեռը»: Գործին ձեռնամուխ եղավ գովազդային հայտնի մասնագետ Լեո Բարնետը: Մի քանի տարբեր առաջարկներից ի վերջո ընտրվեց կովբոյի կերպարը, որը պիտի գովազդեր նոր սիգարետները:

Սկզբում նկարահանման հրավիրվեցին պրոֆեսիոնալ ֆոտոմոդելներ, բայց նրանք գաղափար անգամ չունեին, թե որ կողմից մոտենան ձիուն: Ի վերջո, գովազդային գործակալությունը ստիպված եղավ իսկական կովբոյներ փնտրել Տեխասում ու Մոնտանայում:

1955թ. գործակալությունը որոշեց կովբոյի ձեռքին դաջվածք անել «Մարլբորոյի» ապրանքանիշի տեսքով: 1962-ին Բարնետի գործակալությունը գնեց «Հրաշալի յոթնյակի» սցենարը, եւ հեռուստագովազդը սկսեց հնչել հետեւյալ կերպ. «Ե՛կ այնտեղ, ուր Ամերիկայի իրական բուրմունքն է, ե՛կ «Մարլբորոյի» երկիր»:

Այդ ժամանակներից ի վեր «Մարլբորոյի կովբոյը» հաստատուն տեղ է գրավում ամենահաջողված գովազդային կերպարների շարքում, իսկ սիգարետներն արդեն երկար տարիներ ամենաշատ վաճառվողներից են:

Կովբոյի կերպարի մասսայականությունը նաեւ ծաղրանմանակումների թիրախ է դարձել: Ֆրանսիայում ծխելու դեմ պայքարողների մի խումբ կովբոյի կերպարն օգտագործել էր հակածխախոտային քարոզարշավի ժամանակ. կովբոյը ճառ էր ասում ծխելու վնասակարության մասին: Ֆիլիպ Մորիսը դատի տվեց նրանց եւ պյուռոսյան հաղթանակ տարավ. իր պահանջած 3 մլն դոլարի փոխարեն նա ստացավ ընդամենը 1 ֆրանկ: Թեեւ դրանից հետո հակածխախոտային գովազդն արգելվեց:

Ժամանակ առ ժամանակ կովբոյները լուրջ մտահոգություն էին պատճառում ֆիրմային՝ ծխելու հետեւանքով առաջացած հիվանդություններից մահանալով: 1993թ., սիգարետի պահանջարկի անկման հետեւանքով, Ֆիլիպ Մորիսն առաջին անգամ իջեցրեց «Մարլբորոյի» գինը:

Ըստ Ինտերնետի նյութերի