«Փյունիկ»-«Բանանց». ո՞վ` ո՞ւմ

30/10/2010

Գրեթե 100 տոկոսով կարելի է պնդել, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կավարտվի վաղը: Իհարկե, խոսքը չեմպիոնի տիտղոսի մասին է, առաջնության ավարտին դեռ երկու տուր կա: Այս տարի, սակայն, առաջնության գլխավոր ինտրիգի հանգուցալուծումը սպասվում է վաղը կայանալիք խաղում: Երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկը», շատերի համար անսպասելի, հայտնվել է իր համար վաղուց անսովոր` հետապնդողի դերում: Առաջնության առաջատար «Բանանցին» փյունիկցիները զիջում են երկու միավոր, եւ հենց այստեղ է, ինչպես ասում են, թաղված շան գլուխը: Սա «Փյունիկի» վերջին եւ միակ հնարավորությունն է «Բանանցին» շրջանցելու: Առնվազն ռոմանտիկ է պետք լինել հավատալու համար այն հնարավորությանը, որ վերջին երկու խաղերում «Բանանցը» կարող է միավորներ կորցնել «Շիրակի» եւ «Կիլիկիայի» հետ խաղերում: Առաջնության երկու ետնապահները նույնիսկ միասին վերցրած, չեն հավաքել «Բանանցի» հավաքած միավորների կեսը: «Բանանցին» ձեռնտու է նույնիսկ ոչ-ոքին, այդ դեպքում նրանք երկու միավորանոց առավելությունը կպահպանեն, մինդեռ «Փյունիկն» այլ տարբերակ, քան հաղթելը, չունի:

Խաղից առաջ թիմերի հնարավորությունները հավասար են, բայց, անշուշտ, կան նրբերանգներ, որոնք այս կամ այն կերպ ազդելու են խաղի թե ընթացքի, թե ելքի վրա: «Բանանցի» հաղթաթուղթը, ինչպես նշեցինք, 2 միավորանոց առավելությունն է, որը թիմին մանեւրի հնարավորություն է տալիս: Թիմն արագաշարժ է եւ սիրում է թե խաղալ, թե մրցակցին խաղալու հնարավորություն տալ: Բայց այս խաղում Ստեւիցա Կուզմանոսկին դժվար թե ավանդական տակտիկա ընտրի: Պարզապես արդարացված չի լինի, մանավանդ, մրցակիցը ստիպված է լինելու հարձակվել: Նման դեպքում հակագրոհների հնարավորություն է ստեղծվելու, եւ «Բանանցը» փորձելու է օգուտ քաղել հենց հակագրոհների հաշվին: «Փյունիկի» առավելությունը լավ մարզավիճակն է եւ չափազանց հարուստ փորձը, 2001 թվականից ի վեր մեր առաջնության անփոփոխ հաղթողը այս առումով ակնհայտ հոգեբանական առավելություն ունի մրցակցի հանդեպ: Որքան էլ «Բանանցը» գրավիչ ու հասուն խաղ ցուցադրի, այնուամենայնիվ, այս թիմը չեմպիոնական փորձ չունի:

Վերջապես, մրցավարական ինտրիգը կա, հերթական նրբերանգը: Խաղը սպասարկելու է փորձառու իտալական բրիգադը՝ Անդրեա Ռոմեոյի գլխավորությամբ: Այս փորձը եթե հաջողությամբ պսակվի՝ արժե հետագայում էլ կիրառել:

Մի խոսքով, մեր չափանիշներով իհարկե, հոկտեմբերի 31-ին կունենանք սեփական դերբին, կամ սեփական «Ռեալ»-«Բարսելոնան», ինչպես հարմար կգտնեք: Անձամբ ես գեղեցիկ խաղի ակնկալիք չունեմ, կծավալվի կոշտ տղամարդկային պայքար դաշտի բոլոր հատվածներում եւ ամբողջ խաղի ընթացքում: Եվ դա առավել դրականն է, այդ խաղին կմասնակցեն հավաքականի բազմաթիվ անդամներ, եւ նման փորձը պակաս կարեւոր չէ, կամ, գուցե ավելի կարեւոր է, քան Եմենի հավաքականի դեմ ընկերական խաղը: Հուսամ` ակնարկս հասկացաք:

Ոսկան ՄԱՄԻԿՈՆՅԱՆ