Երբ մարդը փորձում է իր ուժերով հասնել արդարության

30/10/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Եթե Հայաստանում օրենք լիներ, եթե իրավապահ եւ քննչական մարմինները ազնիվ, անկաշառ եւ իրենց գործի գիտակը լինեին` ամբողջ այս պատմությունը չէր լինի: Դատախազությունն ի վիճակի չէ սպանություն բացահայտել, իսկ եթե Դատախազությունն ի վիճակի չէ, ուրեմն` մարդիկ վրեժխնդիր են լինում, ուզում են իրենց ուժերով արդարության հասնել: Արդարության հասնելու մղումը շատ դեպքերում մեզ դարձնում է ավելի դաժան, որովհետեւ ստիպված ենք լինում արդարության հասնել ցանկացած գնով»,- ասացին խմբագրություն եկած Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներ Գեղամ եւ Ջուլիետա Բաղդասարյանները: Արդեն 3 տարի նրանք դիմում են պետական բոլոր կառույցներին` խնդրելով բացահայտել իրենց թոռնիկի հետ կատարվածը: Այս ընտանիքի հետ տեղի ունեցածի մասին, թերեւս, կարելի է միայն կարդալ գրքերում կամ դիտել ֆիլմերում: Արենի գյուղում տեղի ունեցած դաժանությունը կարելի է բնորոշել այսպես. մարդու մեջ արթնացել է գազանը: Ինչո՞ւ է արթնացել, որովհետեւ, երբ պատանու սպանության համար ոչ ոք բացատրություն չի տալիս, եւ չի բացահայտվում կատարվածը` մարդը չարանում է եւ լցվում վրեժխնդիր լինելու զգացումով: 2007թ. 17 տարին չբոլորած Հայկ Բաղդասարյանին տատիկն ու պապիկը գտել են սպանված: Տղայի սպանությունը քննչական մարմինների կողմից որակվել է որպես ինքնասպանություն: ՀՀ Վայոց Ձորի մարզի դատախազությունը քրեական գործ հարուցելու մասին մերժելու որոշում է կայացրել: Գործի նյութերում բացակայում են գործով կարեւոր վկաների հարցաքննությունները: Դատաբժշկական փորձաքննությունը կատարվել է «տնավարի»: Փոխարենը՝ դատախազի տեղակալն ու քննիչը տղայի հարազատներին հորդորել են` «Թող Ձեր տղայի 17 տարեկանը լրանա, հետո ինչ ուզում եք՝ արեք, գնացեք ձեր մուռը հանեք»: Սպանված Հ. Բաղդասարյանի հայրը հասկանալով, որ սպանությունը կոծկում են` հետեւել է քննիչի խորհրդին` վրեժխնդրությունից սպանել է որդու սպանությունը կազմակերպողներից մեկին: Որդու սպանության համար վրեժ լուծած Համլետ Բաղդասարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Սպանված Հ. Բաղդասարյանի գերեզմանաքարն 8 անգամ ավերվել, ջարդուփշուր է արվել համագյուղացիների կողմից: Մի խոսքով` Հ. Բաղդասարյանի սպանության չբացահայտված լինելու հանգամանքն առիթ է հանդիսացել, որպեսզի այս գյուղում բազմաթիվ հանցագործություններ կատարվեն:

«Նալոգ էին դրել վրան»

Ջուլիետա եւ Գեղամ Բաղդասարյանների որդին կնոջ եւ 2 երեխաների հետ 1993թ.-ից ապրել է Ռոստովում: 2003թ. վերադարձել են Հայաստան, քանի որ երեխաները ցանկացել են հայկական դպրոց հաճախել, այնուհետեւ զորակոչային տարիքը լրանալուն պես՝ մեկնել զինվորական ծառայության: Հայկը սովորել է Գոգոլի անվան դպրոցում, արժանացել է պատվոգրի: Քանի որ տատիկ-պապիկի առաջնեկ թոռն է եղել` հաճախակի գնացել է Եղեգնաձոր` նրանց տեսության: «Շատ էինք սիրում Հայկիս: Մեր առաջին թոռնիկն էր, ու նրա հետ ուրիշ տեսակ էինք կապված: Սիրում էինք նրա համար նվերներ անել, ուրախացնել: Ինքն էլ` հնարավորության դեպքում, գալիս էր գյուղ, շատ էր սիրում գյուղը, հողի հետ աշխատանքը ու ամեն ինչ անում էր մեզ օգնելու համար»,- ամեն անգամ Հայկի անունը տալիս` լացից խեղդվելով պատմում է տիկին Ջուլիետան: 2007թ. փետրվարին Հայկը որոշ ժամանակով գնացել է Արենի գյուղ` պապիկի տուն: Ըստ տիկին Ջուլիետայի` Հայկն առհասարակ չի շփվել գյուղի տղաների հետ, նույնիսկ չի էլ ճանաչել: Մշտապես տանն է եղել, հողագործությամբ է զբաղվել եւ երբեմն-երբեմն խանութ է գնացել: Չնայած դրան, նա տատիկին հարցուփորձ է արել նույն գյուղի բնակիչ Բայանդուր Արսենյանի մասին: «Մի օր նրան հարցրեցի` ինչի՞ ես հետաքրքրված էդ տղայով: Ասաց` հեչ, շատ տուֆտա տղա ա: Հետագայում գլխի ընկանք, որ գյուղի այսպես ասած` լավ տղերքը նրանից սկսել էին փող ուզել: Նրանց բառապաշարով ասած` նալոգ էին դրել վրան: Հայկիս տրամադրությունն օրեցօր ընկնում էր, ինքնամփոփ ու մտազբաղ էր դառնում: Բայց ոչինչ չէր ասում, չէր կիսվում, իսկ մեր մտքով չէր անցնում, որ կարող է նրան ճնշեին, ստիպեին ինչ-որ հարցերում»,- պատմում է տիկին Ջուլիետան` ասելով, որ Բ. Արսենյանը Հայկի հասակակիցն է եւ այդ ժամանակ սովորում էր «Հայբուսակ» համալսարանի ատամնաբուժության բաժնում: Պարոն եւ տիկին Բաղդասարյանները նկատել են Հայկի տրամադրության կտրուկ անկումը, լարված, նյարդային վիճակը, սակայն չեն պատկերացրել, որ տղան ընկել է գյուղի` իրենց «գողական» համարող «լավ տղեքի» թակարդը: Փետրվարի 20-ի առավոտյան Հայկն անսպասելի հայտարարել է, որ ցանկանում է տուն` Երեւան վերադառնալ. «Շատ տխրեցինք, ինքը խոստացել էր երկար մնալ: Բացի դա, մենք նրան նվեր պիտի անեինք` DVD եւ արբանյակային հեռարձակման սարք պիտի գնեինք: Միասին գնացել-ընտրել էինք ու ամսի 21-ին պիտի գնեինք: Նա շատ անակնկալ ասաց` «Տատ, գնում եմ, անձնագիրս ու իրերս բեր»: Շատ նեղվեցինք: Ասաց` կարոտել եմ, գնամ մամային-պապային տեսնեմ, հետո էլի կգամ: Ամեն ինչ դասավորեցի, վերցրեց-գնաց: Հուսահատված նստած էինք` կարծելով, որ արդեն պիտի տուն հասնի, մեկ էլ Հայկս հետ եկավ: Էնքան էինք ուրախացել, որ չփորձեցինք մանրամասն հետաքրքրվել, թե ի՞նչն էր հապճեպ գնալու որոշում կայացնելու ու կրկին մտքափոխվելու պատճառը: Հետո հասկացանք, որ այդ տղաներից, այսինքն` հնարավոր վտանգից խուսափելու պատճառով ուզեցել է փախնի, բայց չեն թողել, ստիպել են հետ գնալ»: Այդ օրը Հայկը փակվել է տանը եւ տատիկին խնդրել առավոտյան տեխնիկայի խանութ գնալիս իրեն չարթնացնել, գնումներ կատարել առանց իրեն: Առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում տիկին Ջուլիետան ամուսնու հետ գնացել է խանութ: Մինչ այդ բարձրացել է տան 2-րդ հարկ` Հայկի սենյակ, համոզվել, որ նա դեռ քնած է, ու գնացել է: Խանութում արբանյակային հեռարձակման սարքի ընտրության հարցում չկողմնորոշվելով` զանգահարել է Հայկի բջջային հեռախոսին` նրանից խորհուրդ հարցնելու: Հայկը զանգին չի պատասխանել. «Հետո նորից զանգեցի` էլի չպատասխանեց: Ճիշտն ասած` նա միշտ ուշադիր է եղել հեռախոսին: Եթե անգամ այդ պահին չի պատասխանել, ապա անմիջապես հետ է զանգահարել: Տեսա` չի պատասխանում` զանգահարեցի հարեւանի տղային` այդ սարքի հետ կապված բան հարցրեցի, բայց մեջս անհանգստություն կար, ուզում էի վայրկյան առաջ գնումներն ավարտել ու հետ վերադառնալ»: Տուն վերադառնալուն պես ժամը 11:00-ի սահմաններում ամուսինները նկատել են, որ դարպասի կողպեքը փականից հանված եւ կողքի է դրված: Ներս մտնելուն պես Հայկին «այլանդակված» վիճակում հայտնաբերել են հատակին ընկած. «Մինչեւ էսօր էդ տեսարանն աչքիս առաջ է, չեմ կարող նկարագրել էդ դաժանությունը: Գլուխը ցելոֆանով փակված, իսկ դեմքն ամբողջովին այրված: Դեմքի ձախակողմյան հատվածն այնպիսի խոր այրվածք էր ստացել, որ անգամ դիահերձումից, մշակումից հետո դեռեւս շարունակում էր ներգործել, այրվածքը խորանում ու տարածվում էր: Ցելոֆանի մեջ թույն ու սոսինձ է եղել: Թունավորվել ու խեղդամահ է եղել»:

Ահազանգից հետո դեպքի վայր է ժամանել Արենի գյուղի ոստիկանական խումբը: Բաղդասարյան ամուսիններն ասում են, որ իրավապահ մարմինը տեղազննում չի կատարել, նաեւ դատահետքաբանական փորձաքննություն չի կատարվել` ստուգելու համար, թե այդ օրը, այդ ժամին ո՞վ է ելումուտ արել նրանց տուն: Ի դեպ, Հայկի թունավորող նյութն այնքան ուժեղ է եղել, որ նրան դիահերձող բժիշկը եւս թունավորվել է: Այդ օրը թունավորվել եւ 4 օր անկողնային վիճակում է եղել գյուղի բնակիչ Բայանդուր Արսենյանի (որի մասին տատիկից մինչ դեպքը հետաքրքրվում էր Հայկը) մորաքրոջ տղա Ռադիկ Մարգարյանը: Բաղդասարյան ամուսիններն ասում են, որ թեեւ Ռադիկի` իրենց տուն գնալու փաստը հաստատող ականատեսներ եղել են, սակայն հրաժարվել են ցուցմունքներ տալ: Ամուսինները նաեւ բացահայտել են, որ Հայկի սպանության մեջ օգտագործված թունանյութը սովորաբար օգտագործում են ատամնաբույժները. «Մեզ ասացին, որ դա այնքան վտանգավոր նյութ է, որ համարվում է թույն։ Իսկ Բայանդուրը «Հայբուսակի» ստոմատոլոգիայի բաժնի ուսանող էր»: Ի դեպ, ըստ նախաքննական նյութերում եղած մի փաստաթղթի` Բայանդուր Արսենյանը Ոստիկանության հսկողության տակ է գտնվում` սոսնձի միջոցով «թմրամոլությամբ» զբաղվելու համար: Բաղդասարյանների համոզմամբ` նույնիսկ վկաներ կան, ովքեր լսել են, թե ինչպես են Բայանդուր Արսենյանը, Ռադիկ Մարգարյանը եւ նույն գյուղի բնակիչ Կարեն Մանուկյանը Բայանդուրենց տանը ծրագրել Հայկի սպանությունը: «Բայանդուրի մորաքրոջ տղան` Ռադիկն, Արտաշատից է: Այդ խոսակցության ժամանակ Բայանդուրը հակադարձել է, թե` «չէ, Ռադո, մի արեք, պետք չի, դու էստեղից չես, կսպանես, կգնաս, մենք կընկնենք կրակը»: Այս երեքը ծխելու, խմելու, խուժանություն անելու ընկերներ էին: Այս խոսքերը լսած մարդը վկայություն է տվել»,- պատմում է տիկին Ջուլիետան` ասելով, որ Կարեն Մանուկյանը, որպես պահակ, աշխատել է Արենի գյուղում գտնվող քարհանքի տարածքում աճեցվող թմրախոտերի ցանքատարածությունում: Ավելին, այդ հատվածում տեղակայված «բորդելում» թմրամիջոցի բաց առեւտուր է եղել, որի գլխավոր կազմակերպչին Հայկի սպանությունից հետո ձերբակալել են: Հայկի հարազատները պնդում են, որ ինչպես գործով վկաների ցուցմունքները, այնպես էլ դեպքերի զարգացումն ու փաստերը վկայում են, որ այս երեքն են կազմակերպել սպանությունը: Իսկ նախաքննական մարմնի քննության նյութերի մեջ բացակայում են գործով կարեւոր հանգամանքները, ընդհուպ` թույնի փորձաքննության արդյունքները, որով կարելի էր որոշել դրա հայտնաբերումը, ներգործությունը, օգտագործման նպատակն ու եղանակները: Մեկ տարի շարունակ գործը քննելուց հետո Վայոց ձորի մարզի դատախազությունը մերժել է քրեական գործ հարուցել եւ այն որակել է որպես ինքնասպանություն: «Հիմա էդպես է, քննիչները պարապ նստում են, ոչինչ չեն անում, ուղեղներին զոռ չեն տալիս, ու սպանության վրա ինքնասպանության պիտակ դնելով` իրենց մասնագիտական վատ գործունեությունը կոծկում են: Մենք նույնիսկ պահանջեցինք «02» հաղորդաշարից գան նկարեն, բայց չարեցին, որովհետեւ իրենց ձեռք չի տալիս իրենց անբանության մասին հանրապետությունով տարածել: Ամեն երկրորդ սպանության վրա ինքնասպանություն են դնում ու գլուխներն ազատում են: Էլ ինչո՞ւ է պետությունն էդքան փող ծախսում մի համակարգի վրա, որը գոյություն չունի: Թող մարդիկ իրար սպանեն ու համարեն, որ ինքնասպանություն է»,- վրդովված ասում է Հայկի պապը` Գ. Բաղդասարյանը, ում պահանջը` սպանությունը բացահայտելու վերաբերյալ, այնքան է զայրացրել տեղի քննչական մարմիններին, որ նրան սկսել են ծաղրել` ասելով` «Ա՛յ դատախազ, թող Հայաստանից հեռացի, զզվացրել ես սաղիս»: Ես էլ, կինս էլ, տղաս էլ` ապրում էինք մենակ էն հեռանկարով, որ, ի վերջո, Հայկին սպանողները պատժվելու են»:

2007թ. օգոստոսի 19-ին Հայկի հայրը` Համլետ Բաղդասարյանը, որդու գերեզմանոցում աշխատանքներն ավարտելուց հետո պատրաստվում է տուն վերադառնալ, սակայն ճանապարհին հանդիպում է Կարեն Մանուկյանին: «Բա թե` գերեզմանոցը սարքելու մաղարիչ չե՞ս անում: Մի շիշ բան հյուրասիրի…»,- ասում է նա, ապա տեղավորվելով նրա մեքենայի մեջ` ստիպում է «քշել» Նորավանք: Մեքենայի մեջ է լինում նաեւ Համլետի ընկերոջ կինը, ով ազատամարտիկ է: «Հետո ասում է` քշի էսինչ շուկա, ու, երբ Համլետը դուրս է գալիս գնումներ անելու` Նունեին ասում է` էսօր ես սրա գլուխը պիտի խաշեմ: Եթե մի հատ ծպտուն հանես` քեզ էլ իրա հետ կմորթեմ: Նունեն դատարանում ամեն ինչ պատմել է: Կարենն ասել է` քշի Նորավանք, որ մեղքերի թողություն անեմ: Նորավանք հասնելուն պես տղաս բարձրաձայն ասել է` Աստված ջան, մի բան եմ ուզում` որ բացահայտվի տղայիս սպանությունը ու հանգստություն գտնեմ: Կարենը ցնցվելով խուճապահար ասել է` արդեն ծակվե՞լ են, որ մենք ենք արել: Տղաս մեքենայից դուրս է գալիս: Սա Նունեին ասում է` ծպտուն հանես` կմորթեմ, ու մագնիտոֆոնի ձայնը ահավոր բարձրացնում է: Դուրս է գալիս նարկոտիկի պարկուճը ձեռքին ու տղայիս առաջարկում է քաշել: Տղաս բարկությունից խփում, ձեռքից գցում է նարկոտիկը: Սա էլ ջղայնությունից տղայիս փորին է հարվածում: Ծեծկռտուքի ժամանակ սա խոստովանում է, թե` լավ ենք արել, սպանել ենք: Դու ոչ մի բան չես կարա անես: Տղայիս արյունը ջուր է կտրում էդ խոսքերից: Քարն առնում ու խփում է գլխին: Սա սկսում է խռխռացնել, բայց վրեժխնդրությունից` տղաս ուզում է վայրկյան առաջ կյանքին վերջ տալ: Հիշում է, որ գերեզմանում գործ անելուց հետո մեքենայի մեջ թոկ է դրել: Հանում փաթաթում է վզից ու խեղդում է: Սպանելուց հետո գցել էր անդունդը: Տղաս խոստովանել էր սպանությունն ու պատմել էս ամեն ինչը»: Հայկի հայրը` Համլետ Բաղդասարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Իսկ Նունե Ալիխանյանը, որպես մասնակից` 1 տարվա ազատազրկման: Մեր թերթի խմբագրություն դիմած Բաղդասարյան ամուսիններն ասում են, որ իրենց որդին իր արարքի համար պետք է պատիժ կրի, սակայն պետք է պատժվեն նաեւ Հայկի սպանության բոլոր կազմակերպիչներն ու կատարողները: Հայկի սպանությունը բացահայտելու համար նրանք ահազանգելու են բոլորին, նաեւ՝ միջազգային ատյաններին: Պետք է պատժվեն նաեւ իրավապահ բոլոր մարմինները` քննիչները, Դատախազության աշխատակիցները, դատավորը, ոստիկանները, որոնք այդ ամենը կոծկելով` նոր հանցագործության պատճառ են դարձել: «Հերիք է… ջահել երեխեքի գլուխներն ուտում են ու ինքնասպանություն որակում: Թող բացահայտեն` մենք էլ հանգստանանք: Էսպես ապրել չի կարելի, հավատացեք, որ խաղաղություն չենք գտնում: Քանի դեռ նման դեպքերը չեն բացահայտվում` սպանությունները շարունակվելու են»: Այժմ Հայկի սպանության գործը գտնվում է Արարատի մարզի դատախազության վարույթում: Բազմաթիվ բողոքներից հետո սա թվով 3-րդ վարույթն է:

Հ.Գ. «168 Ժամի» հաջորդ համարում սպանության գործի վերաբերյալ այլ կարեւոր փաստեր կներկայացնենք: