Մրցանակակիրները

30/10/2010

Ալավերդիում ավարտվեց «Թատերական Լոռի» 20-րդ փառատոնը, որի կազմակերպիչը Ալավերդու քաղաքապետարանն էր, ՀԹԳ միությունը: Գլխավոր հովանավորը «Վալլեքս» խումբն էր եւ Մշակույթի նախարարությունը: Այս տարի մասնակիցների քանակն ավելի մեծ էր` թվով 17: Փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը նշել է, որ թատերախմբերից շատերին ստիպված են եղել մերժել: Փառատոնին մասնակցել է նաեւ Վրաստանի Զեստաֆոն քաղաքի Ուշանգի Չխեիձեի անվան պետական թատրոնը, որի ներկայացրած Լաշա Բուղաձեի «Նուգզարը եւ Մեֆիստոֆելը» ներկայացումն իր թատերայնությամբ, գրոտեսկի, բուֆոնադայի ու ֆարսի համաձուլմամբ թերեւս ամենաարտասովոր ներկայացումն էր, որն առավել գրավիչ էր դերասանների խաղով, պլաստիկայով ու ռեժիսորական հնարքներով: «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում մրցանակներ շնորհվեցին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանին` Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» բեմադրության համար, գլխավոր դերում ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանն էր։ Եվ Զեստաֆոնի թատրոնի ռեժիսոր Մամուկա Ցերցվաձեին` «Նուգզարը եւ Մեֆիստոֆելը» ներկայացման համար: «Տղամարդու դերի լավագույն կատարում» անվանակարգում գլխավոր մրցանակներ ստացան ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը` «Սարերում կյանք կա» ներկայացման մեջ Ռազմիկի դերակատարման համար, եւ վրացի դերասան Գիորգի Գլովելին: «Կնոջ դերի լավագույն կատարում» անվանակարգում գլխավոր մրցանակը շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանին` Գ. Սունդուկյանի անվան թատրոնի «Թափորը» ներկայացման մեջ Թերեզի դերակատարման համար (հեղինակ Նելլի Շահնազարյան): Խրախուսական մրցանակներ եւ դրամական պարգեւներ ստացան շուրջ 10 դերասաններ: