ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հերքել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող խոսքերը, թե իբր Սերժ Սարգսյանը իրեն հորդորել է Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայի վրա ճնշում չգործադրել, քանի դեռ ընթանում են հայ-թուրքական կարգավորման բանակցությունները: Հիշեցնենք, որ անանուն աղբյուրի կողմից երեկ YouTube կայքում տեղադրվել է թաքնված տեսախցիկով նկարահանված մի տեսանյութ, որում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը զրուցում է ամերիկահայ համայնքի մի ներկայացուցչի հետ: Արձագանքելով հայ ակտիվիստի հարցին, թե ի՞նչ կարող են փոխանցել հայ համայնքին Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Օբամայի վարչակարգի տված նախընտրական խոստումների վերաբերյալ, որպես Ջո Բայդեն ներկայացվող անձնավորությունն ասում է. «Ձեր համայնքին փոխանցեք, որ մենք հետ չենք կանգնում: Թուրքերը պետք է գիտակցեն, թե իրականությունը որն է: Եվ գիտեք, որ կար այդ համաձայնությունը (խոսքը հայ-թուրքական համաձայնության մասին է.- խմբ.)… Ասացեք համայնքին, որ ՀՀ նախագահը զանգահարել է ինձ եւ ասել. «Այս պահին հարկավոր չէ ճնշում գործադրել այս հարցում, քանի դեռ մենք բանակցություններ ենք վարում»: Եվ մենք այդպես էլ արեցինք»: Երեկ, սակայն, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հաղորդագրություն է տարածել` հայտարարելով. «ՀՀ նախագահը երբեւէ չի զանգահարել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009թ. կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում ՀՀ նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի: Հակառակը` բոլոր հանրային ելույթներում եւ պաշտոնական հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը կարեւորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը եւ կոչ է արել չարդարացնել ճանաչման ձգձգումը Թուրքիայի հետ ընթացող բանակցություններով: Վստահ լինելով, որ Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի ԱՄՆ-ի փոխնախագահի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրությունները` ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը»: