– «Ժառանգություն» կուսակցությունը 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ համագործակցության բանակցություններ էր վարում մի քանի կուսակցությունների, այդ թվում` Դաշնակցության հետ: Այդ ժամանակ համագործակցությունը չստացվեց, բայց առջեւում կրկին ընտրություններ են: Համագործակցության ի՞նչ գործընթաց եք նախապատրաստում 2012թ. ընտրություններին մասնակցելու համար:
– Համագործակցության եւ հաղորդակցության օղակները բոլորի հետ բաց են, բայց որեւէ ներքին պայմանավորվածություն չկա: Ընդդիմության կողմից խորհրդարանական նախաձեռնությունները Վենետիկի հանձնաժողովի եւ այլ ոլորտների կապակցությամբ «Ժառանգությունը» տեւապես առաջարկում է արտախորհրդարանական ուժերին, որ իրենք էլ միանան: Սխալական մոտեցումներ են եղել, որ ես միամտորեն հավատացել եմ, թե ճակատագրական պահին բոլորը պետք է միասին գան ու Հայաստանի քաղաքացիների համար հաղթող քաղաքական եւ համալիր այլընտրանք ներկայացնեն: Ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի, ներկա դրությամբ լավատես չեմ, որովհետեւ առանձին-առանձին շառավիղներով գործող ընդդիմություն է, բայց եթե հասարակական հատվածը եւ ընդդիմադիր ուժերը համատեղ չաշխատեն, կարծում եմ, որ անցյալի շատ կոպիտ կրկնություն է լինելու: Մենք բաց ենք պահում մեր հաղորդակցության օղակները, եւ կարծում եմ, որ առավել բովանդակային պատասխանները կարող եք ակնկալել հաջորդ տարվանից:
– Իսկ 2013թ. նախագահական ընտրություններին պատրաստվո՞ւմ եք առաջադրել Ձեր թեկնածությունը: Ձեր կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը վերջերս էր հայտարարել, թե «Ժառանգությունը» նախագահի իր թեկնածուն ունի:
– Այդ հարցը հաստատ ժամանակավրեպ է: Ես կարծում եմ, որ ընդդիմությունը նախընտրելի է` մասնակցի մեկ ընդհանուր թեկնածուով: Կարծում եմ, որ որքան էլ գայթակղիչ լինի, եթե որեւէ մեկը անուն տա այս հարցադրմանը, լրջագույնս չի մոտենում այն հարցին, որ հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում վերջապես մեր սերունդը բեկում պիտի ներկայացնի, ինչը արտացոլում է մեր ժողովրդի քաղաքական կամքը: Իսկ եթե մեկ անուն տամ, դա կհամարվի ապակողմնորոշում:
– «Ժառանգությունն» առայժմ միայնակ է, արտախորհրդարանական ընդդիմությունը մեծ դաշինք է, եւ կարող են ասել, որ իրենց առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենց թեկնածուն է: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է համագործակցեք, «Ժառանգությունը» կպաշտպանի՞ նրա թեկնածությունը, թե՞ կառաջադրի իր թեկնածուին` Ձեզ:
– Ես երբեք չեմ բարդույթավորված «Ժառանգության» եզակիությամբ, բայց «Ժառանգությունն» այն սակավաթիվ ուժերից է, որ փորձում է երբեք միայնակ չգործել, այլ միշտ ցանցը լայն գցելով` ներառել հասարակական եւ ընդդիմադիր տարբեր գործընկերներ: Այնպես որ, ես հույս ունեմ, որ մենք կգտնենք այդ համալիր մոտեցումն՝ իր գաղափարներով, իր հավաքականով, որոշումների կայացման իր մեխանիզմներով եւ, վերջին հաշվով, իր թեկնածուով կամ թեկնածուներով: Բայց այս անգամ մենք էլ դասեր սերտած սեփական սխալներից` այնքան միամիտ չենք գտնվի, եւ բոլոր դեպքերում իրատես լինելով` մենք կնախապատրաստենք մեր այլընտրանքային մասնակցության խնդիրը:
– Ի՞նչ սխալ եք թույլ տվել, որ դաս եք քաղել:
– Հավատացել ենք, որ մինչեւ վերջին պահը թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական, թե՛ քաղաքապետի ընտրություններում հնարավոր է փոխզիջման միջոցներով կազմել մի հզոր ընդդիմադիր ուժ: Եվ բոլոր դեպքերում չստացվեց, բոլոր դեպքերում պարտվեցինք:
– Կարծիքներ են շրջանառվում, որ «Ժառանգությունը» հաջորդ խորհրդարանում կարող է չհայտնվի, կամ էլ Դաշնակցության հետ միասնական ցուցակով հայտնվի: Դուք քննարկո՞ւմ եք նման հնարավորությունները:
– Ինչպես ուզում են, թող փորձեն: Դրանք մտավարժանքներ են: Ես չգիտեմ՝ այդ մտավարժանքներում իշխանական մասնակցություն կա՞, թե՞ հարակից փորձագետներ են: Բոլոր դեպքերում, ես կարծում եմ, որ պարապությամբ տառապող եւ գավառամտություն արտացոլող վարժանքներ են դրանք: Թող փորձեն ընթանալ ինչպես ուզում են: Եթե անցյալի նման են անելու, կարծում եմ, որ դիմադրությունն ավելի կոշտ եւ ամբողջական կլինի: Իսկ եթե իրենք են ուզում բարեփոխվել, ուրեմն պիտի դուրս գա մեր բառապաշարից թողնել-չթողնելու այս բանը: Մենք կգնանք այն ուղղությամբ, որ որքան հնարավոր է` ստեղծվի հավասար դաշտ, եւ այդ հավասար թե անհավասար պայքարում «Ժառանգությունը» կտանի ժողովրդի հետ իր հաղթանակը:
– Ընտրություններն այնքան էլ սարերի ետեւում չեն: Ո՞ր ուժերի, կուսակցությունների հետ եք քննարկում համագործակցության ծրագրեր:
– Ներկա դրությամբ բոլորի հետ բաց ենք եւ մինչեւ հաջորդ տարի մենք չենք շտապի որեւէ մեկի հետ խորացնել կամ ընդգծել որեւէ կոնկրետ համագործակցություն: Խորհրդարանում ՀՅԴ-ն է մեր ընդդիմադիր գործընկերը, արտախորհրդարանական բազմաթիվ ընդդիմադիր ուժեր կան, եւ անհրաժեշտ է, որ ամեն մեկս լուծումը տեսնի նաեւ իրենից դուրս: Նախանշույլներ կան, բայց ես այդ պատասխանը չեմ տալու ձեր հարցին, մինչեւ վերջին օրը: ՈՒզում եմ, որ այս հարցը լուծվի հաջորդ տարվանից: