«Աստրախանում կայանալիք Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպման արդյունքում՝ Ալիեւը չի տա այն, ինչ Հայաստանն է ցանկանում, եւ հակառակը, Հայաստանը չի տա այն` ինչ նա է ցանկանում»,- երեկ հայտարարել է «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` ավելացնելով, որ նախագահների հանդիպումից ոչ մի ակնկալիք չունի: Նրա կարծիքով, հանդիպման բուն նպատակը ռազմատենչ մղումներն ու պատերազմի որոշակի վտանգը նվազեցնելը կամ զրոյացնելն է: Տ. Կարապետյանը նշել է նաեւ, թե «Հայաստանի իշխանավորները մեծ հաճույքով տարբեր պետությունների պահանջներ են կատարում»: «Օրինակ` Իրանում լաչակ են կապում, այնքան էլ սազում է մեռածներին այդ լաչակը, ոնց որ լաչակով ծնված լինեն: Երբ մենք այցելում ենք Իրան, նրանք մեզանից պահանջում են իրենց օրենքները պահպանել, այդ դեպքում, մենք նույնպես պետք է իրենցից նույնը պահանջենք: Ես համարում եմ, որ դա պետք է սկզբունքային լինի, երբ Ահմադինեջադն այցելում է Հայաստան, մենք, օրինակ` պետք է պահանջենք, որ նա այցելի Պանթեոն, Ծիծեռնակաբերդ»,- ասել է նա: