ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է ՌԴ Աստրախանի մարզ, որտեղ տեղի է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպումը` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների նախագահների միջեւ:
Հիշեցնենք, որ սա նախագահների թվով երրորդ հանդիպումն է 2010 թվականին: Երեկվա հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: «Խոսքը վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հատուկ հռչակագրի մասին է: Փաստաթղթով ենթադրվում է ռազմագերիների փոխանակություն եւ զոհվածների մարմինների վերադարձ»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` հանդիպումը համարելով «հումանիտար բնույթի»: «Վերահաստատելով 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության դրույթները` նախագահները ընդգծեցին, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով հակամարտության կարգավորումը պահանջում է հետագա ջանքեր հրադադարի ռեժիմի եւ ռազմական ոլորտում վստահության ամրապնդման միջոցների ամրապնդման ուղղությամբ»,- ասված է համատեղ հայտարարությունում: Նաեւ արձանագրված է, որ այդ նպատակով «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են որպես առաջին քայլ` անհապաղ իրականացնել ռազմագերիների փոխանակում եւ զոհվածների մարմինների վերադարձ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի աջակցությամբ»:
Կրեմլի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` Դ. Մեդվեդեւը նախագահներ Ս. Սարգսյանի եւ Ի. Ալիեւի հետ քննարկել է ԼՂՀ հակամարտության կարգավորման հետագա ուղիները: Այսքանը: Այլ մանրամասներ սույն հաղորդագրության մեջ զետեղված չեն: Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան ադրբեջանական «Trend» գործակալությանն ասել է, թե պետք չէ այս հանդիպումից սենսացիաներ ակնկալել. «Հանդիպումը ծրագրված ներդաշնակեցման նպատակ ունի»: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե նախագահները համաձայնության են եկել ռազմագերիների փոխանակման շուրջ. «Հենց նոր կողմերի միջեւ համաձայնություն ձեռք բերվեց համատեղ հայտարարության շուրջ, որը հումանիտար բնույթ է կրում, բայց շատ կարեւոր է` հաշվի առնելով ԼՂ հարցի շուրջ տարատեսակ բարդությունները, որոնք այսօր առկա են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում: Խոսքը հատուկ դեկլարացիայի մասին է, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը, որպեսզի անհապաղ իրականացվի ռազմագերիների փոխանակում եւ զոհվածների մարմինների վերադարձ»: Դ. Մեդվեդեւը նաեւ հավելել է, թե` չնայած հանդիպումներն ուղեկցվում են «կոշտ բանավեճերով», այնուամենայնիվ, դրանք օգտակար են: «Դրանք ոչ միայն բանակցություններ են, այլեւ հստակ քայլ դեպի առաջ: Ես սա դրական եմ համարում, քանի որ բանակցություններն ավելի լավ են, քան հակամարտությունը: Այն փաստը, որ այսօր կողմերը ստորագրեցին հռչակագիր` ռազմագերիների եւ զոհվածների փոխանակման վերաբերյալ, պետք է առաջընթաց համարել»,- ասել է նա: Ըստ ՌԴ նախագահի` հանդիպման մյուս թեման ԼՂՀ հակամարտության խաղաղ բանակցություններն էին, որոնք միշտ էլ քննարկվում են եւ քննարկվել են նաեւ Մայնդորֆում: «Մնում է հուսալ, որ լավ աշխատելու դեպքում մեկ ամսից ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ կարող ենք համաձայնեցված տեքստ ունենալ: Հավատում ենք, որ արդյունքի կարելի է հասնել: Հիմնական աշխատանքը դեռ առջեւում է»,- հայտարարել է Մեդվեդեւը: ՌԴ նախագահը նաեւ չի բացառել, որ դեկտեմբերին Ղազախստանում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցնեն ԼՂ կարգավորման ընդհանուր սկզբունքները: «ՀԼԸ ծՏՉՏրՑՌ»-ի տեղեկացմամբ` երեկ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է. «Այսօր մենք զբաղվել ենք այդ հարցով եւ պայմանավորվել ենք հետեւյալի մասին` այսօր կարգավորման սկզբունքների վերաբերյալ հարցեր են մնում, որոնք հետագայում պետք է դրվեն խաղաղության պայմանագրի հիմքում, սակայն մենք որոշակի ճանապարհ ենք անցել, որը հիմք է տալիս հուսալ, որ եթե մոտակա ամսում կողմերը լավ աշխատեն, իսկ այդպիսի կարգադրություն մենք կտանք մեր արտգործնախարարներին, ապա դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանում ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ մենք կկարողանանք հասնել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակին»:
Եռակողմ հանդիպումից հետո կայացել է նաեւ նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Նախագահների հանդիպումից, սակայն, որեւէ լուրջ ակնկալիք չունեն նաեւ ոչ ԼՂՀ-ում, ոչ էլ` ՀՀ-ում: Օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի ասելով` սա շատ սովորական հանդիպում է, որից ոչ մեծ ակնկալիքներ է պետք ունենալ, ոչ էլ՝ առավել եւս, ինչ-որ «սյուրպրիզների կամ սենսացիաների» սպասել: «Հերթական հանդիպումներից մեկն է, որտեղ ավելի շատ խոսքը վերաբերում է ադրբեջանական կողմին, քան հայկական: Այսինքն` չի կարելի անընդհատ նապաստակի պես գոռալ` պատերազմ, եւ կռիսի պես թաքնվել»,- ասել է Գ. Սահակյանը: Եվ եթե Գ. Սահակյանը այսքան լավատես է, ապա ԼՂՀ-ում այնքան էլ համամիտ չեն այդ կարծիքին` հաշվի առնելով վերջին մեկ ամսում տեղի ունեցած բացասական զարգացումները: «Ադրբեջանում սաստկացել է հակահայկական քարոզչությունը, սպանվել է Հայաստանի քաղաքացին, որը պատահաբար ընկել է Ադրբեջանի տարածք: Կրակոցները չեն դադարում: Վերջապես Ալիեւն է իր բազմաթիվ հայտարարություններում ցույց տվել Ադրբեջանի մոտեցումները: Այս ամենը ցույց է տալիս, որ որեւէ բեկում ապահովել այս հանդիպման ընթացքում ուղղակի իրատեսական չէ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա կարծիքով, Ռուսաստանը, որը հանդես է գալիս որպես այս հանդիպման նախաձեռնող կողմ` պարզապես փորձում է կայունացնել լարված մթնոլորտը: «Ռուսաստանը տեսնում է, որ կարող է Ադրբեջանի այդ պահվածքն ընդհանրապես բերի անկանխատեսելի հետեւանքների, այդ իսկ պատճառով, իմ կարծիքով, ուզում է այնպես անի, որ բանակցային գործընթացն ինչ-որ ձեւով շարունակվի: Բացի այդ, Ռուսաստանը նաեւ ցույց է տալիս, որ ինքն ակտիվ դերակատարություն ունի բանակցային գործընթացում, եւ, համեմատած այլ պետությունների, ավելի մեծ հնարավորություններ՝ իրավիճակը ինչ-որ ձեւով կայուն պահպանելու ուղղությամբ»,- նկատել է նա` հավելելով, թե որեւէ փաստաթղթի ստորագրում չի կանխատեսում ոչ հիմա, ոչ էլ դեկտեմբերին՝ Աստանայում: «Առավելագույնը` Աստանայում համանախագահները կարող են ներկայացնել իրենց դաշտային առաքելության ամփոփ տվյալները: Այն բոլոր զարգացումները, որ տեղի են ունենում, հիմք անգամ չեն թողնում մտածել, որ կարող է որեւէ փաստաթուղթ ստորագրվել կամ բեկում արձանագրվել ոչ միայն մինչեւ տարեվերջ, այլ՝ տեսանելի ապագայում»,- հայտարարել է ԼՂ նախագահի մամուլի խոսնակը:
ՌԴ Պետդումայի ԱՊ երկրների եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը նույնպես այս հանդիպումից վճռական արդյունքներ չէր ակնկալում: «Հասկանալի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է հանդիպեն եւ քննարկեն հարցեր, քանի որ նման հանդիպումներն այլընտրանք են միակողմանի հայտարարություններին, լարվածության մեծացմանն ու բախումների վտանգի աճին»,- ասել է նա: Զատուլինի կարծիքով` նման հանդիպումներ կազմակերպելով, այդ թվում` Ռուսաստանի տարածքում, նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ակնհայտ նպատակ է հետապնդում: «Ռուսաստանը որոշակի անհարմարություն է զգում, որ ԱՊՀ անդամ երկու երկրներ գտնվում են պերմանենտ հակամարտության մեջ: Բնականաբար, այդ հակամարտության լուծումը կախված է Հայաստանից, Ադրբեջանից եւ Ղարաբաղից: Ռուսաստանը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես միջնորդ, նա ուզում է պահպանել հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է Զատուլինը: Ինչ վերաբերում է պատերազմի հնարավոր վերսկսմանը, Զատուլինն ասել է, թե դա առ այսօր անընդունելի էր համարվում թե՛ միջնորդների, թե՛ Հայաստանի, եւ որ գլխավորն է` Ադրբեջանի համար, որը պատերազմի դեպքում դաժան ցնցումներ է կրելու:
Նշենք, որ երեկ Աստրախանում մեծ հանդիսավորությամբ բացվել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանը: Ինչպես արդեն հասցրել են նկատել բազմաթիվ դիտորդներ ու քաղաքական գործիչներ, այդ արարողության համընկնումը նախագահների հանդիպման օրվա հետ դժվար է պատահականություն համարել: