Թռչնաբան Մարտին Ադամյանը վերջերս հայտարարել էր, թե այսօր արդեն հնարավոր է թռչունների զանգվածային ոչնչացում հայտնաբերել Հայաստանում, ինչին, սակայն, ոչ ոք պատշաճ ուշադրություն չի դարձնում եւ չի ուսումնասիրում դրա սկզբնապատճառները: Ըստ թռչնաբանի, նման դեպքեր արձանագրվել են արդեն Սեւանի ճայերի եւ Արփա լճի տարածքի փետրավորների որոշ տեսակների շրջանում: ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանից հետաքրքրվեցինք` իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք այդ լուրերը: «Էդ ո՞վ է ասել: Նման բան չկա: Ես շաբաթը երեք անգամ Սեւանում եմ լինում, ոչ մի ծիտ չի սատկել»,- վստահեցրեց Վ. Այվազյանը: Նշենք, որ թռչնաբան Մ. Ադամյանը մտավախություն էր հայտնել, որ թռչունների նման զանգվածային ոչնչացումը կարող է կապված լինել հենց թռչնագրիպի հետ: Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը` հիշեցնելով Պարսկաստանում տեղի ունեցած նույնանման դեպքերը, ասաց, թե առայժմ մեզ մոտ նման ահազանգ չկա: