Կգլխավորի Արոնյանը

28/10/2010

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ շախմատի աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը նոյեմբերի 1-ին կգլխավորեն ՖԻԴԵ-ի վարկանիշների ցուցակը: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին երեկ հայտնել է «Ա» դասի միջազգային կարգի շախմատի մրցավար Արմեն Նիկողոսյանը: Նրա խոսքով,

ՖԻԴԵ-ի վեբ-կայքում զետեղված վարկանիշների հաշվարկներից պարզ է դարձել, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արոնյանի վարկանիշը բարձրացել է 21 կետով եւ նոյեմբերի 1-ի դրությամբ կազմում է 2804: Նույն ժամանակահատվածում աշխարհի չեմպիոն Անանդը բարձրացրել է իր վարկանիշը 4 կետով` նույնպես հասնելով 2804: Վարկանիշների հավասարության դեպքում, սովորաբար, ավելի բարձր է դասվում այն շախմատիստը, ով հաշվարկվող տվյալ ժամանակահատվածում խաղացել է ավելի շատ պարտիաներ: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Անանդը խաղացել է 6 պարտիա, Արոնյանը՝ 16` Խանտի-Մանսիյսկիում եւ օրերս Պլովդիվում ավարտված Եվրոպայի ակումբային առաջնությունում: Ըստ այդմ` նոյեմբերի 1-ից ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջին տողը կհատկացվի Արոնյանին, երկրորդը` Անանդին: Արոնյանն առաջին անգամ կգլխավորի ՖԻԴԵ-ի վարկանիշների պաշտոնական ցուցակը: