Մերձդնեստրյան հակամարտությունն, իր անառարկելի բարդությամբ հանդերձ, քաղաքական գործիչներն ու փորձագետներն այնուամենայնիվ լուծումներ գտնելու իմաստով առավել հեռանկարային են համարում հետխորհրդային տարածքում: Այստեղ պատերազմը կարճ տեւեց եւ անհամեմատ նվազ արյունալի էր, քան նախկին ԽՍՀՄ մյուս երկրներում: Քիշնեւն ու Տիրասպոլը որոշ փուլերում ավելի արդյունավետ էին շփվում միմյանց հետ, քան մյուս հակամարտող կողմերը: Պակաս կարեւոր չէ եւ այն, որ Եվրոպան շահագրգռված չէ իր անմիջական սահմաններին այդքան մոտ այս մարող հակամարտությամբ եւ գործնականում մեծ ջանքեր է գործադրում իրավիճակը նորմալացնելու ուղղությամբ: Եվ վերջապես, վերջերս հակամարտող կողմերն առանց որեւէ միջնորդի համաձայնության եկան եւ ապաշրջափակեցին Մոլդովայի եւ Մերձդնեստրի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը: Թե ինչ է կատարվում այս տարածաշրջանում Մոլդովայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք նշանակված են նոյեմբերի 28-ին, թե որքանով է մեծ այդ հակամարտությունը վերջնականապես կարգավորելու հնարավորությունը, «168 Ժամի» թղթակցին պատմում է Մերձդնեստրի Անկախ քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Անդրեյ Սաֆոնովը:
– Երեւում է` «ֆուտբոլային դիվանագիտությունը», որ առաջին անգամ կիրառեցին Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը, միանգամայն գործուն եղավ. Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը եւ Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովը որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցին Տիրասպոլում ընթացող ֆուտբոլային խաղի ժամանակ: Սակայն հայ-թուրքականի դեպքում «ֆուտբոլային դիվանագիտությունը» հետագայում սկսեց տեղում դոփել: Ձեզ մոտ ինչպե՞ս է:
– Մեզ մոտ սառեցված հակամարտության վիճակ է, նույնիսկ ոչ թե պարզապես սառեցված: Մոտենում են Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները: Ընտրությունների առաջատարն է համարվում Մոլդովայի Հանրապետության Կոմունիստների Կուսակցությունը (ՄՀԿԿ): Ես վստահ չեմ, որ եթե Մոլդովայի իշխանությունները համախմբվեն եւ ներկայացվեն ՄՀԿԿ-ի կողմից, նրանք պատրաստ կլինեն Մերձդնեստրի հետ խոսելու ֆեդերացիայի, կոնֆեդերացիայի, ասոցիացիայի մասին: Դատելով ԶԼՄ-ների որոշ տեղեկություններից` կոմունիստներն արդեն Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովի եւ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի` Տիրասպոլում ընթացող ֆուտբոլային խաղի ժամանակ ձեռք բերած պայմանավորվածություններին քննադատաբար մոտենալու խնդիր են դրել: Եթե դա իրոք այդպես է, ապա ընտրություններից եւ կոմունիստների հնարավոր հաղթանակից հետո Քիշնեւի եւ Տիրասպոլի միջեւ հակամարտությունը կարող է նոր շրջադարձ ստանալ:
– Ինչպիսի՞ն եք տեսնում Մերձդնեստրի հարցի լուծումը:
– Եթե ՄՀԿԿ իշխանությունը մենաշնորհային լինի, ապա Մոսկվայի հետ հակասություններն անխուսափելի են, ինչպես դա եղել է եւ առաջներում: Որովհետեւ Մոլդովայի ցանկացած կոնսոլիդացված իշխանություն, հենվելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր լծակների վրա, իրեն ավելի անկախ կպահի: Իսկ հաշվի առնելով այն, որ ՄՀԿԿ առաջնորդը Մոլդովայի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինն է, եւ նրա մերձավոր շրջապատը` կամքի տեր ու համառ մարդիկ, ապա առճակատումից խուսափելը դժվար կլինի: Բացի այդ, Վորոնինը, ծնունդով լինելով Դնեստրի աջ ափից, չի հրաժարվում այն բանից, որպեսզի ապագայում ստանա Մերձդնեստրյան Բիսմարկի դափնիները: Նրա համար Մերձդնեստրի հարցի լուծումը պատվի եւ քաղաքական դիրքի խնդիր է: Այդ պատճառով ես կարծում եմ, որ իրավիճակը կարող է վերադառնալ այն փուլին, ինչ եղել է վերջին տարիներին:
– Ստացվում է` Մերձդնեստրի մոտ ապագան, այսպես թե այնպես, կապված է Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ: Ինչպիսի՞ սպասելիքներ կան:
– Մոլդովայում մի քանի տասնյակ քաղաքական կուսակցություններ կան, սակայն մոտակա ընտրությունների առաջատարները մի քանիսն են` Վլադիմիր Վորոնինի ՄՀԿԿ-ն, Մարիան Լուպուի Ժողովրդավարական կուսակցությունը, ներկայիս վարչապետ Վլադիմիր Ֆիլատի Ազատական-Ժողովրդավարական կուսակցությունը, նախագահի ներկայիս պաշտոնակատար Միխայ Գիմպուի Ազատական կուսակցությունը: Բացի այդ, հենվելով Մոլդովայի Ուղղափառ եկեղեցու օգնության վրա, որը մտնում է Ռուս Ուղղափառ եկեղեցու մեջ, ակտիվորեն աշխատում է Վլադիմիր Պասատը, ով գլխավորում է Մարդասիրական կուսակցությունը: Թերեւս չարժե բոլորովին հաշվի չառնել նաեւ Վիկտոր Շելինի Սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը: Թերեւս գլխավոր ինտրիգն այն է, որ կոմունիստներն իրենց այնպես են ներկայացրել, որ նրանց համար ցանկացած արդյունք, բացի 50%+1 ձայնը, պարտություն կհամարվի: Նրանք չափից դուրս երկար էին խոսում այն մասին, որ պատրաստ են եւ գնում են երկիրը միանձնյա ղեկավարելու: Սակայն այս վերջին օրերին նրանց գործողություններում որոշակի անվստահություն է նկատվում, եթե հալած յուղի տեղ ընդունենք կոալիցիա ստեղծելու պատրաստակամության մասին նրանց հայտարարությունները: Իմ կարծիքով, սակայն, այդ հայտարարություններն արդեն ուշացած են. կոմունիստներին անհրաժեշտ է այս արգելքը միայնակ հաղթահարել: Սակայն այդ դեպքում հարց է ծագում. կարո՞ղ են արդյոք նրանք նախագահ ընտրել (Մոլդովայի նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից.- «168 Ժամ»): Ենթադրում եմ, որ քանի դեռ չեն վերադարձել նախագահի համաժողովրդական ընտրությունների մոդելին, ապա ներկայիս երկարաձգվող ճգնաժամից դուրս գալը չափազանց դժվար կլինի. խորհրդարանում 101 ձայներից 61 ձայն հավաքելը նախագահի համար շատ պրոբլեմատիկ է:
– Կոմունիստները խոսում են որեւէ մեկի հետ հնարավոր դաշնակցության մասին` ակնհայտորեն ըմբռնելով առաջիկա դժվարությունները: Ո՞վ է նրանց հնարավոր դաշնակիցը, խորհրդարանի նախկին խոսնակ Մարիան Լուպո՞ւն է: Կարո՞ղ է ստեղծվել ձախակենտրոն կոալիցիա, այսինքն` հնարավո՞ր է արդյոք Լուպուի եւ Վորոնինի նոր միավորումը:
– Այսօր դրա հնարավորությունը բարդանում է Մոլդովայի խորհրդարանի նախկին խոսնակ Մարիան Լուպուի եւ Մոլդովայի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի անձնական վատ հարաբերությունների պատճառով: Գաղտնիք չէ, որ որոշ քաղաքական ուժերի պահանջին հակառակ, Կոմունիստական կուսակցության ղեկավարությունը կտրականապես հրաժարվում է իր առաջնորդի վրա ճնշում գործադրել, որպեսզի վերջինս հայտարարի պետության գլխավոր` խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելուց հրաժարվելու մասին: Իսկ Վորոնինն ընտրություններից հետո հենց այդ պաշտոնն իրավունք ունի զբաղեցնելու, քանի որ արդեն նախագահական երկու ժամկետ աշխատել է: Ընդ որում, եւ՛ Մարիան Լուպուն, եւ՛ մյուս քաղաքական գործիչները տեսականորեն կարող էին կոմունիստների հետ ալյանս կազմել, սակայն նրանք դժվար թե ցանկանան կոնկրետ Վորոնինի «տակ» անցնել: Այդ պատճառով էլ կոմունիստների համար այսպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ընտրությունների արդյունքում 50%+1 ձայնից պակաս ձայներ հավաքելը նրանց համար պարտություն կնշանակի: Եվ այդ պատճառով, եթե խոսենք ժողովրդավարական եւ կոմունիստական կուսակցությունների միջեւ ալյանսի ստեղծման մասին, ապա դա պիտի նշանակի իշխանության լիիրավ բաժանում: Սակայն Կոմունիստական կուսակցությունն այսօր անհամեմատ ուժեղ է, եւ բացի այդ, նա կուսակցական կազմակերպությունների տարածված սկզբնական ցանց ունի: Լուպուի Ժողովրդավարական կուսակցությունը չի կարող պարծենալ նման ցանցով: Այդ պատճառով բանակցությունների հիմքում գլխավոր հարցը կդրվի, այն է` ձախակենտրոն կոալիցիա ստեղծելու պարագայում հատկապես ո՞վ իրականում կղեկավարի երկիրը: Ես կարծում եմ, որ նույնիսկ Կոմունիստական կուսակցության պոտենցիալ դաշնակիցները նախքան խորհրդարանի խոսնակի պաշտոնում Վլադիմիր Վորոնինի թեկնածությունը պաշտպանելը՝ երիցս կմտածեն: Մի խոսքով, շատ բան է կախված եւ շատ բան բարդանում է` կոնկրետ Վորոնինի անձնական գործոնով պայմանավորված:
– Ընտրություններից հետո կմնա՞ Հանուն եվրոպական ինտեգրման ալյանսն իր ներկայիս տեսքով. որպես չորս կուսակցությունների միություն` Ազատական, Ազատական-ժողովրդավարական, Ժողովրդավարական կուսակցություն եւ «Մեր Մոլդովան»:
– Հարցականի տակ է «Մեր Մոլդովան» կուսակցության` ապագա խորհրդարան անցնելու խնդիրը: Հենց այդ կուսակցությունը, որի առաջնորդը Քիշնեւի նախկին քաղաքապետ Սերաֆիմ Ուրեկյանն է, ամենաշատ վնասները կրեց վերջին մի քանի տարիների քաղաքական կռիվներից: Այնուամենայնիվ, խորհրդարան անցնելու փոքրիկ հավանականություն դեռ կա: Անկասկած իր դիրքերը կամրապնդի ներկայիս վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ով ղեկավարում է Ազատական-ժողովրդավարական կուսակցությունը, եւ աջ եւ աջակենտրոն ճակատում խաղալով` միաբանում է ընտրազանգվածին, որը ձգտում է ունիոնիստական (կոնսերվատիվ) հեռանկարին, այսինքն` Ռումինիայի հետ միավորվելուն: Իր դիրքերը չի վատացնի նաեւ նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուն իր Ազատական կուսակցությամբ: Ինչ վերաբերում է Մարիան Լուպուի Ժողովրդավարական կուսակցությանը, ապա այն դժվարին կացության մեջ է: Լուպուի կողմից` կոմունիստների եւ ազատականների միջեւ անընդհատ հավասարակշռություն պահպանելը, անշուշտ, նրանից խլեց ձայների մի մասը, եւ այսօր նա, այսպես ասենք, Հանուն եվրոպական ինտեգրացիայի ալյանսի բոլոր ղեկավարների մեջ դարձել է պարտված առաջնորդ:
Այսպես, Գիմպուն այժմ միանգամից երկու պաշտոն ունի` նախագահի պաշտոնակատար եւ խոսնակ, Ֆիլատը վարչապետն է, Ուրեկյանը` փոխխոսնակը: Իսկ Լուպուն ոչ մի իշխանական կառույց չի ներկայացնում, այդ պատճառով նա ավելի ու ավելի «ցած» է իջնում եւ գնալով ավելի քիչ կկարողանա ազդել Ալյանսի գործողությունների վրա: Այս առումով, թերեւս, պատահական չէր կոմունիստների հետ միավորվելու պատրաստակամության մասին նրանց հնչեցրած հայտարարությունը: Բայց կարծում եմ` չարժե, որ նա այդքան ակտիվորեն գնա դեպի մկան թակարդը: Բանն այն է, որ երկրի նախագահը, որին ընտրում է խորհրդարանը, ընդամենը խամաճիկ է: Եթե հաշվի առնենք նաեւ այն տարբերակը, որը ժամանակին առաջարկում էր կոմունիստների մի մասը, այն է` երկրի նախագահին ընտրել երկու փուլով, այն էլ ոչ թե սահմանադրական ճանապարհով, այլ պարզ մեծամասնությամբ, ապա սա կնշանակի՝ նախագահի պաշտոնի բացարձակ վարկաբեկում, դիսկրեդիտացիա: Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ խամաճիկը, որին ընտրում է ընդամենը մի քանի տասնյակ մարդ, եւ որը բացարձակ կախված չէ ընտրողների կամքից: Ավելացնեմ նաեւ, որ ոչ ոք չի խանգարում խորհրդարանին (իսկ դա պատկերավոր ասած`101 ժամանակակից բոյարիններ են)` երկրի նախագահին ընտրելու եւ հաստատելու դեպքում` նաեւ կրճատելու վերջինիս լիազորությունները: Այդ պատճառով հիմա գլխավոր դերակատարումը, միանշանակ, խաղալու է գործող խորհրդարանի խոսնակը: Եթե Վորոնինը ստանա ընտրողների ձայների 50%-ը կամ մի քիչ ավելի կամ պակաս ձայներ, ապա նա լավ հնարավորություն կստանա վերադառնալ իշխանության գլուխ` արդեն նոր պաշտոնով:
– Ձեր կանխատեսումներն ինչպիսի՞ն են:
– Կոմունիստները միայնակ գերազանցում են ցանկացած այլ կուսակցության, որ այսօր ներկայացված են իշխանության մեջ, իսկ խորհրդարանից դուրս եղած կուսակցությունների մասին խոսք անգամ չկա: Սակայն պետք է հստակ պատկերացնել, որ խոսնակի պաշտոնի համար Վլադիմիր Վորոնինի թեկնածությունը եւ պետական ամենաբարձր պաշտոնները զբաղեցնելու համար կոմունիստների հավակնությունները կրկին կարող են միավորել մյուս բոլոր ազատական եւ ժողովրդավարական կուսակցություններին: Եվ այդ ժամանակ կարող է կրկնվել պատային այն նույն իրավիճակը, որը տեղի ունեցավ անցած տարվա սեպտեմբերից հետո. այն ժամանակ էլ չկարողացան նախագահ ընտրել, եւ մինչ օրս նախագահի պարտականությունները կատարում է խորհրդարանի խոսնակը: