«Իսրայելի համար Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում քաղաքականությունը փոխելու ժամանակն է»,- գրել է իսրայելական «Tablet» պարբերականը` հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը թուրք-իսրայելական հարաբերություններում կարեւոր խաղաքարտի պես մի բան է եղել, որը միշտ կարելի է դնել քաղաքական խաղասեղանին: «Որոշակի քաղաքական շահերով Թուրքիայի հետ կապված Իսրայելը մոռացել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական Գերմանիայի հավատարիմ դաշնակից Թուրքիան անսահման քանակությամբ քրոմ էր մատակարարում նացիստական ռեժիմին՝ համակենտրոնացման ճամբարներում հրեաների ոչնչացման համար: Մոռացվել է նաեւ այն, որ 1915թ.-ին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակ բնաջնջում էին նաեւ հրեաներին: Ի դեպ, հակասեմիտական տրամադրությունները Թուրքիայում առկա են առ այսօր»,- գրում է «Tablet»-ը` ավելացնելով, որ Գազայի հատված ուղեւորված «Ազատության նավատորմիղ» միջադեպը Թուրքիան լիարժեք օգտագործեց Իսրայելին մարդու իրավունքների խախտման եւ պաղեստինցիների բնաջնջման մեջ մեղադրելու համար, այնինչ` Թուրքիան իր երկրի ներսում մարդու իրավունքների խախտման շատ լուրջ խնդիրներ ունի. դեռ լուծված չէ Թուրքիայի ամենամեծ ազգային փոքրամասնության` քրդերի հիմնախնդիրը, Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի հյուսիսային մասը եւ վերջապես Թուրքիան մինչ այժմ միլիոնավոր գումարներ է ծախսում Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունն առաջ տանելու համար: Մինչդեռ, ինչպես գրում է «Tablet»-ը, միջազգային հանրության շրջանում կարծիք ձեւավորող մի շարք լրատվամիջոցների որոշ հոդվածագիրներ, ինչպես օրինակ` «New York Times»-ի հեղինակ Լ. Ֆրիդմանը, փորձում են Թուրքիան ներկայացնել որպես ժողովրդավարական երկիր եւ հուսալի գործընկեր: «Հրեական լոբբիստական կազմակերպությունների օժանդակությունը Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտման հարցում անընդունելի է: Երբ 10 տարի առաջ Իսրայելի՝ այն ժամանակ կրթության եւ գիտության նախարար Յոսի Սարիդը հայտարարեց, որ ցանկանում է հրեական պատմության դասագրքերում մի ամբողջ գլուխ նվիրել Հայոց ցեղասպանության մասին փաստերին, Իսրայելի կառավարությունը քննադատեց նրան, ապա ստիպեց թողնել իր պաշտոնը: Հրեաները պետք է վերանայեն անցյալի եւ ներկայի մի շարք պատմական ճշմարտությունների հանդեպ իրենց մոտեցումները: Օսմանյան Թուրքիայում ապրող հրեաները, հայերի եւ մյուս քրիստոնյաների նման ենթարկվում էին հետապնդումների ու բռնարարքների, այն ժամանակվա թուրքական կառավարությունը մասսայաբար ձերբակալում էր սիոնիստներին,- գրում է թերթը եւ ավելացնում,- Հայերի ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան, ազգությամբ հրեա Հենրի Մորգենթաուն ասել է. «Վախենամ, որ թուրքերի ձեռքերում հրեաներին սպասվում է հայերի ճակատագիրը» …Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կողմից թույլ կտա որակապես նոր էջ բացել հայ-իսրայելական հարաբերություններում»: