Դիտեք մեզ կրկին

28/10/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Նորից մրցույթ է: Ու նորից եթեր վերադառնալու հույսով հայտ է ներկայացրել «Ա1+» հեռուստաընկերությունը: «Ա1+»-ը 2002թ. մայիսից հետո մասնակցում է հեռարձակման արտոնագիր ստանալու համար ՀՌԱՀ-ի հայտարարած բոլոր մրցույթներին: Ամեն անգամ մերժում է ստանում ու նախանձելի համառությամբ մասնակցում հաջորդին: 2002-ին «Ա1+»-ի եթերազրկումից հետո այդ պահին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց` «Եթե չլիներ «Ա1+» հեռուստաընկերությունը, ապա պետք կլիներ դրա նման մի բան հորինել»: Մի կողմ թողնենք այն, որ այս նախադասությունը, մեղմ ասած, կոռեկտ չէր: Պարզապես արձանագրենք, որ չհորինեցին: Ու նաեւ հնարավորություն չտվեցին «Ա1+»-ին եթեր վերադառնալ: Փոխարենը՝ միջազգային բոլոր կառույցներին մեր իշխանությունները հնարավորություն տվեցին այս փաստը մշտապես օգտագործել Հայաստանի մասին գրվող բոլոր փաստաթղթերում: «Ա1+»-ի ղեկավարների միայն համառությունը չէ, որ նախանձելի է: Այս հեռուստաընկերությունն անցած ութ տարիների ընթացքում շարունակեց աշխատել: Աշխատեց` ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած բոլոր հնարավորություններն օգտագործելով: Հեռուստաընկերության ինտերնետային կայքը պարբերաբար դառնում է ամենաշատ այցելու ունեցողը: Այս տարիներին «Ա1+»-ը շարունակում է աշխատել որպես հեռուստաընկերություն: «Ա-Ֆ» լրատվական թողարկումը ինտերնետի միջոցով վերադարձվեց հեռուստադիտողին: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում սպասվածից շատ արագ է ընթանում: Սոցիալական ցանցերի ու ինտերնետից մյուս օղակների զարգացմանը հետեւող փորձագետների գնահատականով՝ մեր երկրի բնակչության մեծամասնությանը դրանք հասանելի են: Այս պարագային որեւէ հեռուստաընկերություն լռեցնելու փորձերը դատապարտված են անհաջողության: Հատկապես որ, բաց ու ազատ տեղեկատվությունն ինքնին որեւէ բացասական հետեւանք չի կարող ունենալ: Խորհրդանշական է, որ հեռուստաարտոնագրերի մրցույթն անցկացվում է հոկտեմբեր ամսին: 1999-ի հոկտեմբերին, իմ կարծիքով, հենց «Ա1+» հեռուստաընկերությունը բացառիկ ծառայություն մատուցեց մեր պետությանը: Հոկտեմբերի 27-ին, երբ խորհրդարանում գնդակահարվեց երկրի ավագանին, անկառավարելի իրավիճակ էր ստեղծվել: Խորհրդարանի հարեւանությամբ հսկայական քանակությամբ բազմություն էր կուտակվել: Այդ պահին ստույգ ոչինչ հայտնի չէր: Հայտնի չէր նաեւ, թե ինչ քայլեր կձեռնարկի նույն բազմությունը: Մի քանի տաքագլուխ բազմությանը դիմում էին՝ կոչելով անցնել ակտիվ գործողությունների, գրավել խորհրդարանի շենքը, որ այդ պահին շրջափակված էր սակավաթիվ զինվորներով ու ոստիկաններով: Բայց մարդիկ, որ խորհրդարանի շենքի մոտ էին հայտնվել, համոզվում էին, որ տանը հեռուստատեսության հաղորդումներից ավելի արագ ու ավելի ստույգ տեղեկություն են ստանում, քան Բաղրամյան պողոտայի վրա կանգնելով: Համոզվում ու վերադառնում էին տուն՝ «Ա1+» նայելու: Մյուս հեռուստաընկերությունները շատ ավելի ժլատ էին տեղեկատվության հարցում: Նրանցից մեկն ընդհանրապես ընդհատել էր հաղորդումներն ու բնապատկերներ էր ցուցադրում: Արագությունն ու բազմակողմանի մոտեցումը «Ա1+»-ի ղեկավարության ու աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի լավագույն բնութագիրն էր: Ու այս որակը կարծես պահպանվել է: Չնայած, որ անցած տարիների ընթացքում հեռուստաընկերությունը լքեցին բազմաթիվ աշխատակիցներ: «Ա1+»-ի չհաղթած մրցույթներն արդեն անցյալ են: Դրանց մեր մամուլը շատ է անդրադարձել: Այս մեկը, կարծում եմ՝ իր բնույթով այլ է լինելու: Նախ՝ մասնագիտական առումով հմտացել է մրցույթը անցկացնող Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Փոխվել է օրենսդրությունը, որի համաձայն՝ մրցույթ է հայտարարված «Միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական մայրաքաղաքային սփռման արտոնագրի համար»: Հավակնում են երկու հեռուստաընկերություն` «ԱրմՆյուզը» եւ «Ա1+»-ը: Առաջինն այսօր հեռարձակում ունեցող հեռուստաընկերություն է: Ամենեւին չկարծելով, որ ռեյտինգ կոչվածով կարելի է գնահատել հեռուստաընկերության որակը, կհանդգնեմ մեկ պնդում անել: Ի տարբերություն ընդհանուր ուղղվածության հեռուստաընկերությունների, տեղեկատվական-վերլուծական ընկերությունը պիտի որ որոշակի հեռուստալսարան ունենա: Ի վերջո, լրատվությունը ամենաշատ դիտվող հեռուստաարտադրանք է: Բայց «ԱրմՆյուզը» հպարտանալու քիչ բան ունի: Այն ամենաչդիտվող ալիքներից է:

Չնայած, որ վերահեռարձակում է «ԵվրաՆյուզը»: Վերահեռարձակում է՝ սեփական հաղորդումներով խանգարելով դիտել եվրոպական լրատվական ալիքը: Ըստ մամուլում հրապարակած տվյալների՝ այս հեռուստաընկերության ամենաբարձր ցուցանիշը հեռուստալսարանի 0,2 տոկոսն է: Հետեւաբար՝ դժվար է նրան համեմատելը «Ա1+»-ի հետ: Հեռուստաընկերություն, որը եթերում չէ արդեն ութ տարի, բայց որին հիշում են: Հաջորդ փաստը, որով այս մրցույթն առանձնանում է, դա այն է, որ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը հրապարակավ հայտարարել է, որ հանձնաժողովն այս անգամ միայն մրցույթի արդյունքները չի հրապարակելու: Պարոն Ամալյանը խոստացել է, որ հանձնաժողովը հրապարակավ բացատրելու է իր որոշումը՝ հիմնավորելով, թե ինչու է հաղթող ճանաչել այս կամ այն ընկերությանը: Մրցույթն էլ այս անգամ կարծես քաղաքական անհարկի թոհուբոհով չի ուղեկցվում: Ու կարելի է կարծել, որ քաղաքական իշխող ուժերն էլ են հասկացել, որ բաց լրատվությունն ու բազմակարծությունը ոչնչով չի կարող բացասական երեւույթ լինել: «Դիտեք մեզ, ճանաչեք ձեզ»` տարիներ շարունակ պնդում է եթերազուրկ «Ա1+»-ը: Հուսանք, որ ինքնաճանաչողության փուլում արդեն որոշակի առաջընթացի հասել ենք։ Ու եկել է «Ա1+»-ը դիտելու ժամանակը: