«Ես չէի ուզում, դուք ստիպեցիք». սա ինքնասպանությունից առաջ 11-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Գուրգեն Հարությունյանի թողած հաղորդագրությունն է: Հոկտեմբերի 19-ին հրազդանցի տղան ձյուդոյի իր հագուստի գոտիով կախվել էր տան բաղնիքի տրապի (հատականցք) խողովակներից: «Գուգ, այ Գուգ ջան, բայց ինչի՞ ըտենց արեցիր: Ո՞վ քեզ ստիպեց, տղես…»,- հին թախտի վրա կծկված, վարդագույն գծավոր ծածկոցով փաթաթված, աչքերը անորոշ կետերի հառած՝ հեւոցներով, ասես ինքն իր հետ խոսում էր տիկին Մարիամը՝ Գուրգենի մայրը: Տղայի ինքնասպանության պատճառը մինչ օրս հետաքրքրում է շատերին: Դեպքը կրկին ցնցեց շատերին, դարձավ թիվ 1 լուրերից մեկը: ԶԼՄ-ներից մեկը գրել էր, իբրեւ թե տղան գրություն էր թողել, որում գրել էր, թե «զզվել է դասերից, հատկապես անգլերեն սովորելու եւ անգլերենի պարապմունքներին գնալու տնեցիների անդադար հորդորներից ու սպառնալիքներից»: Այս վարկածն ի սկզբանե տարօրինակ թվաց:
Մեկնեցինք Հրազդան` պատանու ինքնասպանության պատճառները պարզելու: Պարզվեց, որ վերոնշյալ վարկածը բացարձակ սուտ է: Ինչո՞ւ, ի վերջո, 15-ամյա տղան ինքնասպան եղավ: Այն դեպքում, երբ ինքնասպանության օրը նա դպրոց էր գնացել բարձր տրամադրությամբ, ընտանիքի որեւէ անդամի հետ եւ որեւէ տարաձայնություն չէր ունեցել, ավելին, ավագ քրոջ հարսանեկան արարողության համար պատրաստվում էր նոր կոստյում գնել: «Ոչ մեկիս ուղեղի մեջ չի տեղավորվում…», «Ո՞նց կարար մեր թաղի ամենալավ էրեխեն էդպես վերջ տար էս լուսավոր կյանքին…», «Ախր, դուք չեք ճանաչում մեր Գուրգենչիկին: Գիտե՞ք՝ ի՜նչ էրեխա էր…», «Գուգ, գոնե մեզ հետ կիսվեիր, ի՞նչ կլիներ…»,- երբեմն սառած, երբեմն կոպերի ակնհայտ թրթռոցով հարցնում են Գուրգենի ուսուցիչները, հարեւաններն ու քույրերը, հետո, պատասխան չգտնելով, ձեռքերով փակում են բերաններն ու խուլ արտասվում: Հրազդանում մեր գտնվելու 1-օրյա հետաքննության ընթացքում կարողացանք պարզել այն, ինչ տեղի ուժային կառույցներն առայժմ փորձում են քննել, պարզել, հետազոտել: Սարսափելին այն է, որ Գուրգենի ինքնասպանությունն այն հսկայական աղետի նախերգանքն է, որը սպասվում է ամբողջ Հրազդան քաղաքին: «Դու պրծիր, որովհետեւ քեզնից հետո մեծ հերթ ա, հերթագրվածները շատ են»,- ինքնասպանությունից առաջ ինտերնետային կայքերից մեկով նման հաղորդագրություն էր ստացել Գուրգենը: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեցին հարեւանները: Իրականում սա մի մարդկային էմոցիոնալ ու հրեշավոր պատմություն է, որի մեջ կարող են ներքաշվել շատ-շատերը:
Բակը տխուր է առանց Գուրգենի
Հրազդանի Միկրո թաղամասի կաղամբավաճառ կինը մատնացույց արեց 122 շենքը, որտեղ բնակվում է Գուրգենի ընտանիքը: Բակում լուռ էր: Եկող-գնացողները, հասնելով շենքի մուտքի մոտ, մի տեսակ զգաստանում էին, հետո փութկոտ ներս մտնում: Ուղիղ 10 օր առաջ՝ ժամը 19:00-20:15-ի սահմաններում այս շենքի բնակիչները մեծ ցնցում ապրեցին: Մինչ շենք մտնելը փորձում եմ պարզապես քայլել բակում՝ պատկերացնելով Գուրգենի ծնողների հետ սպասվելիք զրույցի ողջ ծանրությունը: Այդ ընթացքում ուշադրությունս գրավեց շենքի դիմաց գտնվող չգործող կաթսայատունը: Կաթսայատան պատուհանները ջարդված էին, ապակիները` թափված գետնին, իսկ պատերին դաջված էին Մորիս եւ Տիկո անունները եւ «Միասին մենք ուժ ենք» նախադասությունը, որից անմիջապես վերեւ դրված էր էմոների հայտնի սիմվոլներից մեկը: Տարակուսած մտնում եմ շենք՝ մուտքի մոտ հանդիպելով Գուրգենենց տան հարթակի բնակչուհի Մարգո տատիկին, ով կորացած մեջքով փորձում էր բարձրացնել գետնին ընկած թիթեռը: «Գուրգենչի՞կը….Է՜, բալա ջան: Ճիշտ ա՝ ես շփում չունեի էդ ընտանիքի հետ, բայց նրանք ամբողջ շենքում հարգված են, ինտելիգենտ ընտանիքներից մեկն են: Էդ տնից էսքան տարի հլա մի ծպտուն, մի բարձր ձայն լսած չկամ, պատ-պատի հարեւաններ ենք»,- ասաց նա` ինձ ուղեկցելով դեպի 2-րդ հարկ, ուր բնակվում է Գուրգենի ընտանիքը: Պարզվեց՝ ընտանիքը որդու կորստից հետո այլեւս չի ապրում այդ տանը: Ինչպես նշեցին հարեւանները` Գուրգենի ողբերգական դեպքից հետո նրանք անմիջապես տեղափոխվել են գյուղ` Մեղրաձոր: «Չեք պատկերացնում` ինչպիսի ընտանիք է: Գուրգենի հայրն ու մայրը կրթված մարդիկ են: Երկուսն էլ աշխատում են ՋԷԿ-ում՝ հայրը հերթափոխի պետ ա, մայրը՝ քիմիական ցեխում լաբորանտկա է: Էնպես էին արել, որ գիշերվա հերթափոխին հայրը գնա աշխատանքի, ցերեկային հերթափոխին` մայրը: Էդ տան էրեխեքն առանց հայր-մայր չեն եղել: Աշխատասեր մարդիկ են: Գուրգենը տան 4-րդ երեխան էր՝ 3 աղջիկը, ու էդ մինուճար տղան էր: 3 աղջիկներն էլ բարձրագույն կրթություն ունեն»,- ասաց հարեւանուհի տիկին Սվետլանան՝ զարմանալով, որ որոշ լրատվամիջոցներ Գուրգենի ինքնասպանության մեջ մեղադրում են նրա ծնողներին: Ըստ հարեւանների՝ Գուրգենի ծնողները՝ Մարիամն ու Գագիկը, պարզապես ուզում էին իրենց որդուն կրթված տեսնել, եւ դրա համար ամեն հնարավոր բան անում էին: Երեխաները երբեւէ որեւէ բանի կարիք չեն զգացել: «Գուրգենն էնքան բարի, միամիտ երեխա էր: Շատ աշխատասեր տղա էր: Ամառները գնում էր գյուղ, էնտեղ աշխատում: Լավ էլ սովորում էր: Գուրգենից մի վատ բան չենք տեսել: Եթե հանկարծ փողոցում տեսներ մի հարեւան ծանր-ծանր սետկաներով գալիս ա` կգնար-կվերցներ: Բոլորին օգնում էր: Էս վերջերս էլ էնքան էր սիրունացել, բոյովացել: Կյանքում էդ մարդիկ իրենց էրեխեքի վրա իսկի ձայն չէին բարձրացրել: Ու նրանք միշտ երազում էին տղա ունենալ»,- ասաց տիկին Սվետլանան: Հարեւանների պատմելով՝ Գուրգենի ինքնասպանության օրը պապիկը վատառողջ էր, եւ ծնողներն ու քույրերը գնացել էին պապիկին տեսակցության՝ Գուրգենին թողնելով տանը: Այդ օրը Գուրգենը պետք է գնար անգլերենի պարապմունքի, եւ ծնողները միտումնավոր իրենց հետ չէին վերցրել տղային: «Մեկ էլ իրիկունը ժամը 7-8-ի կողմերը գոռգոռոցներ լսեցինք: Հայրն էլ տանը չէր: Ասում են՝ քույրերը գրկել-բարձրացրել էին Գուրգենին, որ կարողանային ազատել նրան: Փոքր քույրն էլ կտրել էր պարանը: Հիվանդանոցը մեզ մոտ ա: Որ պարանից հանեցին` խռխռում էր, մինչեւ տարան հիվանդանոց` արդեն մահացել էր»,- ասացին հարեւանները՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչո՞ւ 15-ամյա տղան՝ կյանքով լի, աշխույժ, բարի, վերջ տվեց իր կյանքին: «Հոկտեմբերի 31-ին քրոջ հարսանիքը պիտի լիներ: Ամբողջ ընտանիքը ուրախության մեջ էր: Դաժե հարսի շորն էին բերել, ու արդեն ցուցակն էին կազմում՝ ում են հրավիրելու, էն էլ… ո՞վ կպատկերացներ, որ…»,- նշում էին հարեւանները: Նրանց լուրերի համաձայն` թաղման հաջորդ օրը Գուրգենի հորեղբայրը համակարգչային հակեր-մասնագետի միջոցով ջարդել էր համակարգիչը: «Դե, ասում են՝ ինչ-որ էմո ա, ինչ ա, դրանց հետ ա կապված եղել: Թե էդ էրեխեն ո՞նց ա կապվել դրանց հետ` չգիտենք: Ասում են` նամակներ էին գրում Գուրգենին, թե «Ինչո՞ւ չես մեր ասածն անում: Ինչո՞ւ ես ուշացնում: Հերթը քոնն ա: Քեզնից հետո էլի մարդիկ կան, իրենք էլ պիտի անեն», եւ այլն»,- պատմում էին հարեւանները: Նրանց փոխանցմամբ՝ Գուրգենի թաղման անմիջապես հաջորդ օրն ամբողջ թաղամասն արդեն գիտեր այս նամակների գոյության մասին, բայց որեւէ մեկը չի կարող դրանց բովանդակությունը ճշգրիտ փոխանցել: Հարեւանները որեւէ կերպ չեն կարող փաստել դա, քանի որ պարզապես լսել են տարբեր աղբյուրներից. «Ասում են՝ էդ ընդամենը 2 ամսվա պատմության ա եղել»: Հարեւաններին հրաժեշտ տալով՝ ճանապարհ ընկա դեպի դպրոց:
Գուրգեն Հարությունյանի մասին բոլորը հիացմունքով էին խոսում: Ողբերգական դեպքից մինչ օրս ուշքի չի գալիս դպրոցի մանկավարժական կոլեկտիվը: «Ծնողները միշտ ակտիվ են եղել: Միշտ հետաքրքրվել են տղայի դասերով, եկել են դպրոց: Գուրգենը չափված-ձեւված տղա էր: Նա շատ ընդունակ տղա էր, ուղղակի մի քիչ ծուլություն էր անում: Շատ աշխույժ, ուրախ երեխա էր»,- ասացին դպրոցի ուսմասվարներ Սվետլանա Դանիելյանն ու Էլմիրա Դաշյանը: «Երկուշաբթի օրը՝ ամսի 18-ին, դպրոց եկավ շատ ուրախ տրամադրությամբ: Միջանցքում ընկերների հետ կատակում էր: Բարձր տրամադրությամբ էլ տուն էր գնացել»,- նկատեց Ս. Դանիելյանը: «Այդ օրը մենք դասղեկի ժամ ունեինք: Վոլեյբոլ խաղացինք: Գուրգենն, իսկապես, շատ ուրախ էր, տրամադրությունն էլ՝ բարձր»,- նշեց Գուրգենի դասղեկ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Տիգրան Հարությունյանը: «Մարդամոտ, ուրախ տղա էր: Սովորելու նկատմամբ այդքան էլ ձգտում չուներ: Ուսումնական տարվա վերջին նա ինքը մոտեցավ ինձ հոսքը փոխելու համար՝ մաթեմատիկայի հոսքից տեղափոխվեց տնտեսագիտական հոսք»,- նշեց դպրոցի տնօրեն Վլադիմիր Բարսեղյանը: Այժմ դպրոցում արձակուրդ է, եւ ուսուցիչները չեն պատկերացնում, թե ինչպես են մտնելու Գուրգենի դասարան. «Ամբողջ դպրոցը սգի մեջ է: Երեխաները հոգեբանորեն շատ ծանր վիճակում են»:
Մեղրաձորում
«Նախորդ օրը հայրս վատացել էր: Զանգեցի էրեխեքին, որ գնանք տեսնենք հորս: Աշխատանքից իջա: Էդ ժամանակ անգլերենի ուսուցչուհին զանգեց, թե՝ Գուրգենչիկը չի եկել պարապմունքի: Հետո զանգեցի Գուգոյին, ասացի՝ Գուգ, բա ուսուցչուհիդ քեզ ա սպասում, եթե անգամ կիսատ ես գրել տնայինդ` գնա: Ասաց՝ մամ, էսօր չեմ գնալու: Մենք միշտ ոգեւորում-ոգեշնչում էինք Գուգոյին: Քույրերն էլ` վկա: Հենց մտնում էր տուն՝ ասում էինք՝ գիտնականս եկավ, պրոֆեսորս եկավ: Հատկապես էս վերջին շրջանում արդեն հունի մեջ էր ընկել: Ասաց` «մամ, Գագո ձյաձյան ասել է՝ 14-15 բալ կստանամ»: Ուրախացել էինք: Երկրորդ շաբաթն էր, ինչ սկսել էր անգլերենի գնալ, որոշ ժամանակ առաջ էլ սկսել էր մաթեմատիկա պարապել»,- գյուղի տանը պատմում էր Գուրգենի մայրը՝ տիկին Մարիամը: Որդու ողբերգական դեպքից հետո ծնողներն ու քույրերը քաղաք դեռ չեն գնացել: Ապրում են Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում, որը համարում էին Գուգոյի տունը: Մեկ տարվա ընթացքում մահացան Գուրգենի պապն ու տատը, որոնց հետ տղան շատ մտերիմ էր: Գուրգենը կենդանիների նկատմամբ մեծ սեր ուներ: «Ընդհանրապես ծանր էր տանում ամեն ինչի մահը: Մի ամառ հորթը սարից գլորվել էր, վիզը ջարդել: Էդ ժամանակ զանգեցին-ասացին՝ արի, Գուրգենին տար, շատ ծանր ա տանում հորթի մահը: Մի անգամ էլ կատվի բերանից մկանը հանել էր ու բաց թողել: Ասել էր՝ մեղք ա, ի՞նչի պիտի մեռնի: Ախր, շատ միամիտ, խղճով, բարի էրեխա էր»,- արցունքներն աչքերին` պատմում էր տիկին Մարիամը: «Քանի օր ա՝ ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչը կարար տղայիս վրա ազդեր, ի՞նչը: Հարց եմ տալիս՝ ո՞ր մեղքիս համար, տղես, ո՞ր մեղքիս համար: Ես կյանքում իրեն ինչ-որ բան չեմ ստիպել: Նույնիսկ պարապմունքների գնալն իր նախաձեռնությամբ էր:
Մի օր աշխատանքից հենց տուն մտա, Գուգոն, թե՝ «մամ, շուտ արա, գնանք Գագո ձյաձյայի հետ խոսիր, որ գնամ պարապմունքի: Ինքը բնավորությամբ վախկոտ էր, թեեւ ֆիզիկապես կոփված էր: Շաբաթ-կիրակի մենակ էր: Շաբաթ օրն իջավ մերոնց տուն, նույնիսկ ինձ զանգեց, ասաց՝ մամ, զանգի տատիկենց տուն, ասա, որ ուզում եմ գնալ իրենց տուն: Ես էլ զանգում եմ մերոնց տուն, ասում եմ՝ իմ տղեն Ձեզնից թույլտվություն ա վերցնում: Հետո զանգեցի-ասացի՝ Գուգ, տատին ասում ա՝ իջիր: Այ տենց տղա էր»,- պատմեց տիկին Մարիամը: Որդու վարքագծում մայրը կասկածելի որեւէ բան չի նկատել: «Մի անգամ, գարնանն էր, կանչեց-ասաց՝ դագաղ եմ նկարել, մամ, արի նայիր, տես սիրուն ա՞… Գնացի, տեսա՝ սեւ դագաղ ա նկարել՝ կարմիր գծերով: Ես էլ ասացի՝ տղես, փոխարենը ծաղիկ նկարես, աղջիկ նկարես, դագաղ ես նկարում: Տենց բարկացա: Էդպիսի դեպք 2 անգամ ա եղել: Երկրորդ անգամ էլի դագաղ էր նկարել, ընդ որում՝ կոմպյուտերի վրա սեւ լցված դագաղ: Հետո էդ դագաղի մեջ սեւ գույնով լցնում էր, վրեն էլ կարմիր գծեր դնում: Էդ ժամանակ մտածեցի, որ գուցե տատիկի ու պապիկի մահը էրեխու վրեն ազդել ա, տպավորությունների տակ ա, ես ի՞նչ իմանայի, թե ինչեր կան»,- ասաց տիկին Մարիամը: «Գուգոն իր բոլոր տետրերի վրա դագաղներ էր նկարում, սատանայի գլուխներ, ինչ-որ սիմվոլներ: Մի տեղ 5 դագաղ էր նկարել ճոպաններով կապված, որոնց միջեւ ոնց որ լույս լիներ նկարած»,- հիշեցին Գուրգենի քույրերը, որոնց փոխանցմամբ՝ վերջին շրջանում իրենց բարեկամները բջջային հեռախոսներով սպառնագին հաղորդագրություններ են ստացել հետեւյալ բովանդակությամբ` «Եթե դու քեզ 2 օրվա ընթացքում չսպանես, մենք կսպանենք քեզ: Այս sms-ն ուղարկիր 15 հոգու»: Գուրգենը հեռախոս չուներ: Օգտվում էր քրոջ ՝ Սիրարփիի հեռախոսից: «Ինքը միշտ ջնջում էր sms-ները, կամ երբ անծանոթ համարներից զանգում էին, դրանք նույնպես ջնջում էր»,- նշեց Սիրարփին: Քույրը նաեւ պատմեց, որ Գուրգենի` odnoklassniki.ru սոցիալական կայքի անձնական էջում եւս տարօրինակ սիմվոլներ կային: «Մի անգամ ամռանը հարեւան էրեխեքից մեկի հետ Գուգոն մնաց տանը: Էդ էրեխեն ա պատմել: Ասում ա՝ արդեն պառկել էին անկողնու մեջ, թուղթը վերցրեց, արագ-արագ երկու դագաղ նկարեց ու երկու կախաղան՝ ասաց, Արմեն, տես, մեկը ես եմ, մեկը՝ դու: Դրանից հետո Գուրգենը թուղթը ճմրթել էր, գցել վերմակի տակ ու ինքն էլ մտել վերմակի տակ: Ասում է՝ երկուսն էլ վախեցել էին: Էս դեպքը նոր են պատմում: Եթե իմանայի էդ մասին, կտանեի հոգեբանի մոտ»,- հուզված հիշում էր տիկին Մարիամը՝ փորձելով մեկնաբանել որդու արարքը: Որդու կորստից հետո ծնողները սկսել են հետաքրքրվել էմոների գործունեությամբ, թեեւ ինքնասպանության գործը դեռ քննության փուլում է: Ինքնասպանության լուրը լսելով՝ Հայաստան էր եկել Գուրգենի հոր ազգականներից մեկը, ով զբաղվում է էմոների գործունեության կանխարգելմամբ: Նա մասնագիտությամբ փաստաբան է, եւ ընտանիքի անդամներին փոխանցել էր, որ միայն Ռուսաստանում 1400-1500 էմո կա, որոնցից ամեն անգամ 140-150 հոգի ինքնասպան են լինում: Ինքնասպանների թվում էր նաեւ այդ փաստաբանի ծանոթներից մեկը՝ 16-ամյա հայ տղա: «Ասում են՝ էդ էմո-ները սարսափելի խաղեր են հորինում: Ռուսաստանում կա «Սոբաչիյ կայֆ» խաղը, որ հորինել են էմոները: Սրանք բոլորին ասում են՝ մի հատ փորձիր կախվելու կայֆը: Գիտե՞ս՝ էդ լրիվ ուրիշ կայֆ ա»,- նշեցին Գուրգենի քույրերը: «Ամուսնուս միշտ ասում էի՝ Գագո ջան, մենք ամենահարուստ մարդիկ ենք՝ 4 երեխա ունենք: Իսկ հիմա… Ուղղակի խնդրում եմ՝ գտեք էդ էմո-ներին, տեսեք՝ ովքե՞ր են, գոնե իմ գլխին եկած պատիժը մյուս մայրերի գլխին էլ չգա: Ուղղակի խնդրում եմ..»,- հրաժեշտ տալուց առաջ՝ ուժգին հեւոցներով ասում էր տիկին Մարիամը:
Էմո-ների հավաքատեղի՝ Հրազդանում
Մենք Հրազդանում անցկացրեցինք ընդամենը մի քանի ժամ, բայց այդքանն էլ բավական էր՝ պարզելու ոչ միայն հրազդանցի էմոների հավաքատեղին, այլեւ՝ էմոների առաջնորդների` Սյուզիի, Վիգենի եւ Հենզոյի անունները: Ի դեպ, նշում են, որ Սյուզին բնակվում է Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի հարեւանությամբ: Ինչեւէ, Հրազդանի Շահումյան փողոցում գտնվող «Հոգեհանգստի տուն» կոչվող տարածքը, որ նախկինում, ըստ տեղաբնակների, ծառայում էր իբրեւ մշակույթի տուն, այնուհետեւ` որպես դիսկոտեկ-ակումբ, դարձել է էմոների հավաքատեղի: Շենքի պատերին` ծածկված էմո-ների սիմվոլներով, նկարներով, կարելի է կարդալ հետեւյալ գրությունները՝ «Կյանքը սեւ է, մահը վարդագույն», կամ`«Մահն ինձ համար նույնն է, ինչ կյանքը քեզ համար»: Մահվան գաղափարի հերոսացումը կարելի է տեսնել այս գրություններում, որտեղ էմոցիոնալ այս սատանայական շարժման պարագլուխներն անգամ հեռախոսահամար են թողել, որի մի նիշը դիտավորյալ լղոզել են՝ 091. 202. *62: Հարակից շենքի բնակիչներից փորձեցինք պարզել, թե գիշերային ժամերին որեւէ աղմուկ կամ շարժ չե՞ն նկատել այս վայրում: Նրանք վախվորած պատասխանեցին, որ ոչ տեսել են, ոչ էլ լսել՝ գուցե չպատկերացնելով, որ, Աստված մի արասցե, բայց օրերից մի օր միգուցե հենց իրենց երեխաները odnoklassniki.ru կամ այլ կայքէջերի միջոցով կամ հեռախոսով ստանան նույն հաղորդագրությունը. «Ինչո՞ւ չես մեր ասածն անում: Ինչո՞ւ ես ուշացնում: Հերթը քոնն ա…»: Սպասենք Ոստիկանության Կոտայքի մարզի վարչության քննության արդյունքներին. նրանք իրենց հետ էին տարել նաեւ Գուրգենի համակարգիչը: