Ինձ վաղուց արդեն դժվար է ինչ-որ հրապարակումներով զարմացնել. նախօրոք գիտեմ` ով, երբ, որտեղ եւ ինչ է գրելու: Գիտեմ, որովհետեւ հայրենական քաղաքական դաշտում ներկայացված հիմնական խաղացողների հետաքրքրությունները պարզունակ ու պրիմիտիվ են, իսկ լրատվամիջոցները հիմնականում լծված են այդ հետաքրքրությունների սպասարկման «սուրբ» գործին: Արդյունքում` մեզանում կան տասնյակ, հարյուրավոր, հազարավոր, մեկը մյուսին, ինչպես ինֆուզորիաներն են, նմանվող կուսակցություններ, կուսակցական լրատվամիջոցներ եւ կուսակցական գործիչներ:
Ինչու քաղաքականությունը վերածվեց «ախոռականության»
Ամենահետաքրքիրն այն է, որ լրատվական դաշտի եւ հասարակության գերկուսակցականացումը մեզանում չզուգորդվեց դրանց քաղաքականացմամբ: Ճիշտ հակառակը` լրատվական դաշտի եւ հասարակության կուսակցականացումը խորացրեց հասարակության ապաքաղաքականացումը կամ էլ մարդկանց մոտ առաջացրեց տեւական զզվանք «քաղաքական գործունեության» եւ «քաղաքական գործիչների» նկատմամբ:
Այս երկու դրսեւորումները փոխշաղկապված են եւ կարծես մեկը մյուսին սնուցում են: Այն մարդիկ, ովքեր անդամակցում են հայրենական կուսակցություններին, ժամանակի ընթացքում համոզվում են, որ դրանք չեն հետապնդում քաղաքական նպատակներ եւ ավելի շատ նման են սեփական տեղը արեւի տակ պաշտպանող ագրեսիվ ոհմակների: Ոմանց այդ բացահայտումը դրդում է ազնիվ քայլի. նրանք հեռանում են կուսակցությունից եւ դառնում են անկուսակցական: Ոմանք, լինելով թուլամորթ եւ իներտ, ենթարկվում են «քաղաքականություն» անվան տակ գոյություն ունեցող «ախոռականության» կանոններին ու շարունակում են սպասարկել կուսակցապետ-ախոռապանների մաֆիոզ շահերը:
Երկու դեպքերում էլ կարելի է հստակ ասել. հայրենական կուսակցությունները եւ հայրենական կուսակցական դաշտը ոչ միայն չեն նպաստում հասարակության քաղաքականացմանը, ոչ միայն չեն նպաստում քաղաքացիների սրտերում քաղաքացիական արժեքների արմատավորմանը, այլ, ընդհակառակը, լծված են այդ արժեքներն արմատախիլ անելու եւ պրիմիտիվ կենցաղային «որտեղ հաց` այնտեղ կաց» մոտիվացիայով փոխակերպելու գործին: Արդյունքում մեր հասարակությունն այսօր բաժանվել է երկու մասի. մի կողմում կուսակցական «ախոռներն» են` իրենց հացակեր կամ «մի կտոր հաց» տեսանելի ապագայում ակնկալող անդամներով, իսկ մյուս կողմում` անկուսակցական հասարակայնությունը, որը մերժում է ոչ միայն «ախոռաբնակներին», այլ «ախոռականությունն»՝ իր բոլոր դրսեւորումներով:
Այդպիսի մարդիկ կա՞ն
Ցավալին այն է, որ անկուսակցական զանգվածներն առայժմ հակված են ընդունել իշխող ուժերի կողմից հրամցվող այն տեսակետը, թե քաղաքականությունը հենց կերակրատաշտի շուրջ ընթացող «ախոռախաղն» է, որ Հայաստանում ոչ միայն այսօր չկա, այլ երբեք չի կարող լինել «այլ տիպի»` իսկական քաղաքականություն: Որպես դրա հետեւանք՝ կուսակցություններին «մի կտոր հացի» ակնկալիքով անդամագրվող ապաքաղաքական կուսակցականների կողքին մենք տեսնում ենք շատ ավելի մեծ` գարշահոտ «ախոռներից» խորշող եւ «ախոռականությունը» մերժող անկուսակցականների զանգված: Եթե գտնվեն մարդիկ, ում հաջողվի ապացուցել, որ այս գարշահոտ «ախոռները» քաղաքականության հետ որեւէ կապ չունեն, հաջողվի ցույց տալ, որ իրական քաղաքականությունը եւ իրական քաղաքական նպատակադրվածությունը Հայաստանում հնարավոր են եւ տեղ ունեն, հաջողվի քաղաքականացնել եւ քաղաքացիական ակտիվության կոչել անկուսակցական զանգվածին, ռեալ իշխանափոխությունը Հայաստանում կդառնա հնարավոր:
Չգիտեմ, կհասնե՞նք դրան, թե՞ իշխանությունն ու իշխանության շահերը սպասարկող կուսակցապետերին, նրանց լրատվամիջոցներին կհաջողվի վարկաբեկել մեր գաղափարը, սակայն համոզված եմ, որ Հայաստանում ռեալ համակարգային փոփոխությունների այլ ճանապարհ գոյություն չունի: Անհրաժեշտ է քաղաքականացնել եւ ակտիվության կոչել հասարակության ճնշող մեծամասնությանը, որի համար այսօր «քաղաքականությունն» ընտրությունից ընտրություն մի քանի հազար դրամ վաստակելու ընդունելի կամ մերժելի միջոց է ընդամենը:
Դափնիները պատկանում են անկուսակցականներին
Չնայած ինձ անակնկալի բերելն իսկապես դժվար է, զարմացրեցին «168 Ժամ» թերթի հոկտեմբերի 14-ի համարում Արմինե Ավետյանի պնդումները, թե իբր, ես, քննադատելով ՕԵԿ-ին եւ ՀՀԿ-ին, միաժամանակ «դիֆերամբներ եմ ձոնում» ԲՀԿ նախագահին, ինչպես նաեւ՝ նրա ենթադրությունը, թե իբր ես անկուսակցականների միավորում եմ ստեղծում Գ. Ծառուկյանի միջոցներով:
Թողնենք այն հարցը, որ մեկ այլ հայաստանյան օրաթերթում իմ գաղափարի իրականացման սպոնսորության դափնիները վերագրվել են Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին (տես` «Հրապարակ», 8 հոկտեմբերի): Չխոսենք նաեւ այն մասին, որ հայաստանյան մի քանի այլ պարբերականներ էլ իմ մեջքի հետեւում փորձում էին բացահայտել Բարսեղ Բեգլարյանի «հում ականջներն ու ծանր քսակը»: Չէ՞ որ կատարյալ անհեթեթություն է մտածել, որ որեւէ կուսակցապետ, լինի դա ԲՀԿ-ի նախագահը, կամ նոր կուսակցություն ձեւավորող «Ֆլեշի» սեփականատերը, կցանկանան ֆինանսավորել անկուսակցականների միավորման հիմնադրման աշխատանքները: Դա նույնն է, եթե որեւէ մեկը փորձի ապացուցել, որ Բ. Բեգլարյանը կամ Գ. Ծառուկյանը որոշել են ափ նետվող կետերի նման ինքնասպանություն գործել: Պետք չէ մոռանալ, որ նրանք, ինչպես նաեւ Արա Աբրահամյանը, մխրճվել են իրենց համար խորթ հրապարակային քաղաքականության մեջ ոչ թե այն բանի համար, որպեսզի օժանդակեն պրոֆեսիոնալ քաղաքագետներին, նրանց միջոցով ներկայացված լինեն հրապարակային քաղաքականության ասպարեզում, այլ ընդհակառակը, այսօր ձգտում են յուրացնել պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների հանրային գործառույթը եւ փոխարինել նրանց սեփական դեմքերով:
Նույնքան անտրամաբանական է ինձ վերագրել Ծառուկյանին «գովերգելու» նպատակադրվածությունը: Եթե ես չեմ համաձայնվում կատարել Վիկտոր Դալլաքյանի դերը եւ կրակից շագանակներ հանել ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի համար, դա ամենեւին էլ չի նշանակում, որ «դիֆերամբներ եմ ձոնում» Ծառուկյանին: Ուշադիր ընթերցողը «168 Ժամի» հոկտեմբերի 12-ի համարում հրապարակված` ինձ հետ լրագրողի հարցազրույցի հարցերում չէր կարող չնկատել Գագիկ Ծառուկյանին իմ միջոցով «քլնգելու» բացահայտ ցանկությունը: Այն, որ այդ ցանկությունն իրենց սրտերում փայփայում են նաեւ ՀՀԿ-ի պարագլուխները, գաղտնիք չէ: Արթուր Բաղդասարյանին «փչելը» կարող է արդյունավետ լինել, եթե զուգորդվի ԲՀԿ-ին «խժռելու» քայլերով, ինչի համար, իհարկե, հանրապետականների «աղիքները բարակ են»: Բայց վերջին հանգամանքը նրանց չի կարող արդարացնել, եւ եթե հանրապետականները ցանկանում են ապացուցել, որ ԲՀԿ-ի նախագահին թուլացնելը դժվար գործ չէ, թող այդ գործն անեն ապավինելով ոչ թե ուրիշների, այլ սեփական ուժերին: Մենք ուրիշի դափնիներին չենք հավակնում, ինչպես նաեւ մեր դափնիները ուրիշներին երբեք չենք զիջի:
Իմ բարոյաքաղաքական կրեդոն
Նրանք, ովքեր գիտեն ինչ ընտանիքում եմ ես դաստիարակություն ստացել եւ ում թոռն եմ, կարող են տրեխներից վերջերս ձերբազատված նորելուկ երեւանցիներին բացատրել, թե ինչու ես երբեք չեմ մասնակցել եւ չեմ մասնակցի ցանկացած տիպի «տրավլյաների», ցանկացած տիպի վերեւից նենգամտորեն թելադրված խմբակային հարձակումներին, ով էլ լինի այդ հարձակումների թիրախը: Մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ստիպված եմ «ախոռականներին» ապացուցել, որ ազնվական մարդուն հնարավոր չէ օգտագործել որեւէ մեկից նենգաբարո վրեժխնդիր լինելու գործում: Իմ թիրախներին ես ընտրում եմ ինքնուրույն` ելնելով բարու եւ չարի մասին իմ սեփական պատկերացումներից:
Ես լավ գիտեմ վերեւից արտոնված «սեւ» քարոզչության հետեւանքները, քանզի մինչեւ պապիս` «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Համո Հովհաննիսյանին 1937 թվականին ֆիզիկապես ոչնչացնելը, Լավրենտի Բերիան անձամբ «Պրավդայում» Աղասի Խանջյանի եւ նրա դեմ հոդված էր տպել` «Հողմացրիվ անել սոցիալիզմի թշնամիներին» խորագրով (տես «Պրավդա», 19 օգոստոսի, 1936 թ.): Անմիջապես դրանից հետո Հայաստանում գտնվեցին մարդուկներ, ովքեր փութաջանորեն «երկրորդեցին» վերեւից հնչեցրած մեղադրանքները: Գոնե ես իրավունք չունեմ նմանվելու այդ մարդուկներին եւ երբեք չեմ հարվածի նրան, ում վերեւից հանձնարարված է հարվածել, եթե նույնիսկ դա իմ ոխերիմ հակառակորդն է:
Սա, եթե կուզեք իմանալ, բարոյաքաղաքական այն կրեդոն է, որին ես մնալու եմ հավատարիմ մինչեւ օրերիս վերջը…
Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ