Բանակին ինտելեկտուալներ են պետք

28/10/2010

Զինվորական ծառայությունը փորձություններով լի դպրոց է, որը բոլորն էլ անցնում են դժվարությամբ, մի մասը՝ նույնիսկ կյանքի գնով, ոմանք էլ չեն անցնում այդ դպրոցն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: ՀՀ-ում նոյեմբերի 1-ից սկսվում է աշնանային զորակոչը: Պատրա՞ստ են արդյոք երիտասարդներն անցնելու այդ փորձության միջով եւ ծառայության 2 տարիների ընթացքում հաղթահարելու իրենց առջեւ ծառացած դժվարությունները: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի հոգեբանության ամբիոնի վարիչ Մելս Մկրտումյանի հետ:

– Տարածաշրջանում ինչո՞վ է առանձնանում մեր բանակը:

– Մենք դեռեւս գտնվում ենք պատերազմական իրավիճակում, որովհետեւ հարեւան պետության հետ մենք խաղաղության պայմանագիր չունենք (ունենք զինադադարի պայմանագիր): Սիստեմատիկ դարձած սահմանային միջադեպերի, սպառնալիքների, ինֆորմացիոն պատերազմի պայմաններում նրանք շատ թանկ զինամթերքներ ու զինամիջոցներ են ներառում իրենց բանակ: Մենք, լինելով նոր, զարգացող պետություն, պետք է անընդհատ զորացնենք մեր բանակը տեխնիկայով, քանի որ այն շատ կարեւոր գործոն է բանակի հզորացման հարցում, սակայն բանակի հզորությունը, այնուամենայնիվ, մարտունակ զինվորի մեջ է: Շատ կարեւոր պահանջ է կարգապահությունը, իսկ մեր բանակի հրամկազմը բավական լուրջ վերաբերմունք ունի կարգապահության նկատմամբ, քանի որ ամենադաժան պայմաններում կարգապահ խումբը, կոլեկտիվը, առավել եւս՝ բանակը հեշտությամբ հաղթահարում է առաջադրված խնդիրները, իսկ անկարգապահության դեպքում հավանական են ամենադաժան ելքերը: Ես կարծում եմ, որ մեր բանակը այս տարածաշրջանում իսկապես ամենահզորն է, ամենաուժեղը, ամենամարտունակը եւ ամենակարգապահը:

– Որո՞նք են խաղաղ պայմաններում զոհեր ունենալու պատճառները:

– Զինվորների անպատրաստ լինելը, ցածր մոտիվացիոն (դրդապատճառային) համակարգը բանակային ծառայության նկատմամբ, թույլ ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածությունը, քաղաքացիական կյանքում «փափկասուն» մեծանալու գործոնը, բանակային նիստուկացի, կենցաղի վերաբերյալ գիտելիքների բացակայությունը, բանակային կյանքին հարմարման դժվարությունները, անհանդուրժողականությունը եւ այլն: Պատճառներից մեկը նաեւ մրցակցության գործոնն է, որը տվյալ դեպքում առկա է տղամարդկանց կոլեկտիվում, երբ թուլանում է նրանց պարտականությունների ոլորտը եւ արթնանում է լիդերության, իշխանության ձգտման ցանկությունը, որը բերում է կոնֆլիկտների եւ սուր երեւույթների:

– Ովքե՞ր են «լավ տղերքը»` թույլերին ճնշելով կեղծ հեղինակություն վայելողնե՞րը:

– Բանակային կյանքը ապրելակերպ է, որտեղ կան ամենատարբեր կենցաղային գործողություններ` սկսած ավել անելուց մինչեւ սեղան պատրաստելը կամ լվացք անելը, իսկ այդ բոլոր գործողությունները կատարում են զինվորականները: Նա, ով պատրաստ է այդ ամենին, նրա համար հեշտ է անցնում, ով պատրաստ չէ` դժվար է անցնում զինվորական ծառայությունը: Ըստ երեւույթին, թույլերն ավելի շատ ենթարկվողի դերում են, ուժեղներն աշխատում են քողարկված, դա պաշտոնական բնույթ չի կրում: Սպայական անձնակազմի բացակայության ժամանակ, երբ ներկա են միայն շարքայինները, այն անձնավորությունները, ովքեր ֆիզիկապես ուժեղ են, օգտագործում են հին ծառայող լինելու փաստը, ունեն ցածր բարոյական որակներ (քանի որ խելացի մարդը գիտակցում է, որ չնայած իր ֆիզիկական ուժին՝ իրավունք չունի ճնշում գործադրելու, ներխուժելու դիմացինի անձնային տարածքը), սկսում են ճնշում գործադրել նորակոչիկների վրա: Սրան նպաստում են նաեւ նորակոչիկների ֆրուստրացված (հիասթափված) վիճակը, նրանց դժկամությունը (բանակ մեծամասամբ գնում են պարտադրված, ոչ հաճույքով), որը կարող է վերաճել շրջապատի նկատմամբ թշնամական վերաբերմունքի, ինչի պատճառով առաջանում են կոնֆլիկտային իրավիճակներ, չենթարկվելու ակտեր, բանակից փախուստի դեպքեր: Այս դեպքերն այժմ հնարավորինս քիչ են, քանի որ ես գիտեմ` վերջին ժամանակներս Պաշտպանության նախարարության` Սեյրան Օհանյանի կողմից կարգապահական հարցերին մեծ ուշադրություն է դարձվում եւ այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում:

– Ի՞նչ արժեքներով են դաստիարակվում մեր զինվորները:

– Կարծում եմ` բանակային դաստիարակությունը սկսվում է օրորոցից, անգամ սաղմնային վիճակից, որն իրականացնում է մայրը: Սակայն մեր մշակույթում դա ձեւավորված չէ` քչերն են իրենց արու զավակներին նախապատրաստում բանակային կյանքին, ավելին` հնարավոր ամենատարբեր միջոցներով փորձում են խույս տալ, փախչել, խուսափել բանակային կյանքից: Արդյունքում՝ ծառայելու պարտականությունն ընկնում է խեղճուկրակ, թերզարգացած, ցածր արժեհամակարգ ունեցող, միջակ երիտասարդների վրա: Իսկ այսօր բանակին ինտելեկտուալներ են պետք:

– Իսկ բանակն արդյոք պատրա՞ստ է ստեղծել բարենպաստ պայմաններ եւ աջակցել ինտելեկտուալներին, որպեսզի վերջիններս իրենց կարողությունները ներդնեն բանակի հզորացման համար:

– Ես համոզված եմ, որ այսօրվա պետական կառույցներից ամենահզոր միջոցներ ունեցողը, ամենավարձատրվողը բանակն է: Այժմ արդեն զինվորական մասնագիտություն ունենալու միտում է նկատվում, քանի որ այն ավարտելուց հետո ունենում են ստաբիլ աշխատավարձ, պետությունը հոգում է կացարանի խնդիրը. սկզբից՝ ժամանակավոր, հետո՝ հիմնական, 40-50 տարեկանից դառնում են թոշակառու (բանակային կյանքը թողնելով` կարող են զբաղվել, օրինակ, բիզնեսով…), որը շատ մեծ առավելություններ է տալիս:

– Ձեր խոսքում նշեցիք, որ ծնողներից շատերը փորձում են իրենց արու զավակներին ետ պահել բանակային կյանքից: Չէ՞ որ դրա պատճառը բանակում տեղի ունեցող դաժանություններն են, նրանք ծանոթ են բանակի նիստուկացին, կենցաղային ծանր պայմաններին, սննդի որակին…

– Իսկ ի՞նչ են կարծում, բանակը հանգստյան տո՞ւն է: Չէ՞ որ մեր բանակը նոր է կառուցվում, հետեւաբար՝ կան նաեւ թերություններ եւ՛ մարդկային օղակում, եւ՛ նյութատեխնիկական բազայում: Եթե այս հարցին մի փոքր կողմնակալ վերաբերվեմ, ապա սա քարոզ է բանակային կյանքի դեմ: Հաճախ ծնողները բողոքում են, թե. «Էնտեղ երեխաս մրսում է, ստիպում են, որ ամանները, իր շորերը լվանա, սեղանը հավաքի»: Իսկ ինչո՞ւ են ուժեղները դիմանում, այդպիսի դժգոհություններ չեն ունենում, եւ բողոքում են այն ծնողները, ում երեխաները թույլ են: Բազմիցս լսած կլինենք նաեւ նմանատիպ արտահայտություն. «Թող բոլորը ծառայեն, բայց ոչ իմ տղան»: Իսկ ո՞վ պետք է ծառայի, ո՞վ է պարտք:

– Ինչո՞ւ հոգեբաններ չեն աշխատում զինակոչիկների հետ բանակային կյանքում նրանց հոգեբանական պատրաստվածությունն ապահովելու համար:

– Այսօր արդեն բանակում ներդրվում է հոգեբանի հաստիքը, թեեւ սա նոր գործընթաց է մեզանում, եւ կարծում եմ` հիմնարար փոփոխությունների կհանգեցնի` կապված բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետ: Իսկ ինչ վերաբերում է զինակոչիկներին, միանշանակ կարող եմ ասել, որ բանակում նրանց հոգեբանական պատրաստվածությունը ցածր է, դրա մասին վկայում են նաեւ իմ` ասպիրանտուրայի, մագիստրատուրայի բարձր կուրսեցիների հետազոտական աշխատանքները: Չնայած դրան` զինակոչիկների հետ հոգեբանական աշխատանքներ չեն տարվում, դրանք կապված են մեծ ծախսերի հետ: Հոգեբանն ինչպե՞ս աշխատի: Կամավոր սկզբունքո՞վ:

– Իսկ պետությունը չի՞ ֆինանսավորի:

– Պետության կողմից անպայման պետք է լինի ֆինանսավորում, քանի որ անվճար աշխատանքն արդյունավետ չէ, իսկ մյուս կողմից` աշխատանքը պետք է պարտադիր համակարգված լինի:

– Ձեր մաղթանքը մեր նորակոչիկներին:

– Ես նորակոչիկներին կմաղթեմ ուժ, ավյուն, դրական դիրքորոշում բանակային ծառայության նկատմամբ, որովհետեւ դա սեփական ծնողների, հարազատների, հայրենիքի, հայ ազգի համար 2 տարի պատրաստակամ եւ հոժարակամ ծառայելն է: Եթե այդ 2 տարվա հոժարակամ եւ պատրաստակամ ծառայությունը չլինի, մենք կկորցնենք մեր ձեռք բերածը եւ կնմանվենք ցեղերի:

Լիլիթ ՊԵՏԱՆՅԱՆ