Թարգմանության մեջ մոլորվելով ու վերագտնելով

28/10/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ԱՊՀ, Բալթյան երկրների ու Վրաստանի թարգմանիչներն ու հրատարակիչները Երեւանում մասնակցում են համաժողովի, որը «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագիրն է կրում:

ԽՍՀՄ տարածքում այժմ փորձ է արվում մեկ ընդհանուր ռուսալեզու գրական տարածք ստեղծել, ինչը մշակութային երկխոսությունը խթանելուց բացի՝ նաեւ արտամշակութային նպատակներ է հետապնդում: Լեզուն գործիք է, որի օգնությամբ ոչ միայն հաղորդակցման դաշտ է ստեղծվում, այլեւ` քարոզվում է այդ դաշտի կենսունակությունն ու ուժը: Եվ պատահական չէ, որ այդ քարոզն իրագործելու համար գրական ֆորումը զուգակցվել է նաեւ մեդիա ոլորտի հետ: Երեւան են ժամանել մոտ 130 թարգմանիչներ, հրատարակիչներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք նիստերի ու կլոր սեղանների մասնակիցներ կդառնան, հանդիպումներ կունենան ՀՀ մարզային կառույցների ու ուսանողների հետ, ինչպես նաեւ` տուրիստական երթուղիներով կշրջեն Հայաստանի տեսարժան վայրերում: Հոկտեմբերի 27-ին՝ համաժողովի պաշտոնական բացման օրը, ակտիվ գործում էին ռուսական հեռուստաալիքների ու թերթերի լրագրողները, որոնք ռեպորտաժներ էին պատրաստում ռուսերեն լեզվի լայնածավալ կիրառման պահանջարկի մասին:

Թարգմանական գրականության պլատֆորմ ստեղծելն անհրաժեշտություն է, գրողները (ի տարբերություն նկարիչների կամ կոմպոզիտորների) դատապարտված են միայն լոկալ տարածքում «սպառում» գտնել, եթե ճիշտ ժամանակին ու որակյալ թարգմանիչ չեն գտնում: Թարգմանության խնդիրը միշտ էլ երկկողմանի է, անհրաժեշտ է թարգմանել ու թարգմանվել: Գրող Լեւոն Խեչոյանը նկատում է, որ լավ թարգմանիչներին պատրաստել է պետք. «Նրանք օդից հո չե՞ն հայտնվում»: Կարեւոր համարելով արեւմտաեվրոպական տարածումը, նա նշում է, որ եվրոպական լեզուներով հայ գրականությունը ներկայացնելը պետք է լինի Գրողների միության ու Մշակույթի նախարարության գործը: Այն դիտարկմանը, որ հայ գրողները լավ չեն ներկայացվում (թարգմանվում) աշխարհում, գրող Ռուբեն Հովսեփյանը պատասխանում է. «Խնդիրն ավելի խորն ու լայն է, եւ միայն լավ թարգմանության պակասով չի սահմանափակվում: Գրականության հանդեպ հետաքրքրություն պիտի ստեղծվի: Համոզված եմ, այս գործը պետք է թափ ունենա, որպեսզի մի քանի տասնյակ թարգմանվող գրքերից գոնե 2-3-ը հաջողություն ունենան: Հիմա շատացել են այն կառույցները, որոնք «բզբզում» են, փորձում են ինչ-որ քայլեր ձեռնարկել, միգուցե հետագայում նրանց մոտ կստացվի: Սակայն առայժմ այս 3-4 տարիների ընթացքում առաջխաղացման համար անհրաժեշտ կես քայլն անգամ չի արվել, բոլորը միայն խոսում են»: Թարգմանության գործում շատ բան կախված է բախտից: Եթե գրողի բախտը բերի, նա իր ստեղծագործության օտարալեզու տարբերակը կունենա, իսկ հանրությունն էլ` միջազգային գրականության նմուշներին կծանոթանա: Ընդ որում` դա պիտի անի իր մայրենի լեզվով, քանի որ Հայաստանի Հանրապետության հաղորդակցման լեզուն այդպես է պաշտպանվում ու զարգանում:

Գրող Դավիթ Մուրադյանը վստահ է, որ մեր սեփական գրականությունը պետք է հնարավորինս ճշգրիտ, շահեկան եւ հասցեավորված տեղեկատվությամբ ներկայացնել համացանցում: «Փոքր հատվածներով, կենսագրականներով, բնութագրերով ներկայացնելը համակարգային աշխատանք է պահանջում, որն էլ պետք է կաթիլ առ կաթիլ անել: Երբ կարողանանք հետաքրքրել, ճանաչելի դարձնել մեր գրականությունը, կսկսեն առաջարկներ գալ: Աշխարհը լցված է նման նախագծերով` անթոլոգիաներ են տպագրվում, հազար ու մի գրական համաժողովներ ու թարգմանական ծրագրեր են գործում: Պետք է օգտագործենք այդ բոլոր հնարավորությունները»: Նա համոզված է, որ վաղուց արդեն հասունացել է արդի հայ գրականության ինտերնետային հանրագիտարանի ստեղծման գաղափարը, քանի որ հենց այդ քայլով մենք կարող ենք ամրագրել մեր տեղը ժամանակակից քաղաքակրթական տարածքում: Իսկ հարցին` արդյոք ճիշտ չի՞ լինի մարդաշատ ու ծախսատար միջպետական հավաքների փոխարեն՝ կոնկրետ գրքերի թարգմանության պրոցես ձեռնարկել, Դ. Մուրադյանը պատասխանեց. «Թարգմանությունները շատ հաճախ հենց այս սեմինարների ու ֆորումների արդյունքն են դառնում, քանի որ այստեղ են գաղափարները շրջանառության մեջ դրվում, հասունանում ու ֆինանսավորվում»: Գրող Ռուբեն Հովսեփյանը նկատեց. «Ես շատ լավ գիտեմ (քանի որ աշխատել եմ խորհրդարանում), թե ի՞նչ են նշանակում՝ «բյուջե», «հոդված» բառերը: Եվ եթե այս հոդվածի համար գումար է հատկացված, ապա այն չի կարելի այլ բանի վրա ծախսել: Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ նման ֆորումների վրա ծախսվող գումարով կարելի է մի քանի լավ գիրք թարգմանել, բայց «աշխատանքային պլան» գոյություն ունի, որն էլ չի խախտվում: Այս աշխարհում ընդհանրապես այնքան հիմարություններ կան, որ նույնիսկ չեմ ուզում դրանց մասին խոսել: Համոզված եմ, որ թարգմանչի փեշակը, արհեստը պետք է լավ վարձատրվի, այլապես զարգացում տեղի չի ունենա: ԽՍՀՄ-ում թարգմանչական հստակ մեխանիզմներ էին գործում, որոնք այսօր չկան: Այսօր ինքդ ես որեւէ մեկին գտնում ու թարգմանության համար վճարում: Հավանաբար այս ֆորումը նման հարցեր բարձրացնելու վայր կարող է դառնալ: Մանավանդ, եթե լուրջ ընդունենք Արմեն Սմբատյանի այն խոսքերը, որ մենք ամեն ինչ էլ կարող ենք անել: Ես չգիտեմ, կապրենք` կհամոզվենք»: Երբ սեփական գրականությունը թարգմանելու կարիք է զգում պետությունը, երբեմն շատ հետաքրքիր համագործակցություններ են ծնվում: Դ. Մուրադյանը հիշատակում է Բորիս Պաստեռնակի ճակատագրական օրինակը. «Երբ Պաստեռնակը Ռուսաստանում լքված ու հալածված վիճակում էր, Վրաստանը նրան վրացական պոեզիան թարգմանելու հրավիրեց: Եվ վրացական պոեզիան Պաստեռնակի վարպետության շնորհիվ սովետական ողջ համակարգում մի գեղեցիկ երեւույթ դարձավ»: