Հոկտեմբերի 20-23-ը Թբիլիսիում անցկացվող «Golden eye»` «Ոսկե աչք» փառատոնում հայաստանցի օպերատոր Մկրտիչ Մալխասյանը «Նոռա» ֆիլմի օպերատորական աշխատանքի համար գլխավոր` Գրան-պրի մրցանակի է արժանացել: Այս փառատոնը եզակի է իր տեսակի մեջ, քանի որ գնահատում է միայն կադր կառուցելու ու նկարահանելու արվեստը: Փառատոնը նեղ մասնագիտական ֆորմատ ունի, եւ դրանով իսկ մեծ հեղինակություն է վայելում աշխարհում ու հիմնվում է պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքի վրա: Ընդամենը 2 տարվա պատմություն ունեցող այս փառատոնին ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ոչ միայն Վրաստանի կառավարությունը, այլեւ` տեսախցիկներ արտադրող խոշորագույն ընկերությունները, որոնք մրցանակներ են նախատեսում բոլոր մրցանակակիրների համար (բացառությամբ` գլխավոր մրցանակակրի, որին «Ոսկե աչք» արձանիկն է հանձնվում): Վրաստանում հայ օպերատորի նկարահանած ֆիլմը մեծ արձագանք է ստացել, մրցանակաբաշխության արարողությունը հեռարձակվել է Հանրային հեռուստաալիքով: Շուտով կցուցադրվի նաեւ «Նոռան»: Թեեւ այս ֆիլմը ամերիկյան արտադրանք է համարվում (ռեժիսորները նյույորքցի Ալլա Դովգանն ու Դեյվիդ Հինթոնն են), սակայն մրցանակը հանձնվել է Հայաստանին, քանի որ օպերատոր Մկրտիչ Մալխասյանը միշտ շեշտում է իր քաղաքացիությունը, թեեւ ԱՄՆ քաղաքացի դառնալու բազմաթիվ հնարավորություններ է ունեցել: Ի դեպ, այս հաղթանակին ոչ Վրաստանում Հայաստանի դեսպանն է արձագանքել, ոչ էլ հայաստանցի պաշտոնյաները: Մինչդեռ նման մրցանակի արժանանալը իսկապես մեծ հաղթանակ է, ինչպես նաեւ` հպարտ կեցվածքով սեփական ստեղծագործական ներուժի մասին խոսելու մեծ շանս է: Հայտնի է, օրինակ, որ «Ոսկե աչք» փառատոնի ժյուրիի ադրբեջանցի անդամը չի ցանկացել մրցանակաբաշխությանը մասնակցել ու մրցանակ հանձնել հայ օպերատորին:
«Ինձ համար այս մրցանակը շատ կարեւոր է, քանի որ այն միակ պրոֆեսիոնալ մրցանակն է, որը օպերատորներին է տրվում: Եվ ուշագրավ է, որ նման մրցանակ սահմանել է հենց Վրաստանը, որը հզոր կինոդպրոց ունի եւ արագ տեմպերով զարգացնում է ազգային կինոարտադրությունը: Փառատոնին ներկայացված 111 ֆիլմերից մրցանակների արժանացան միայն եվրոպական օպերատորներն ու ես: Իսկ, օրինակ, վրացի օպերատորին ընդամենը խրախուսական մրցանակ տրվեց»,- ասում է Մ. Մալխասյանը: «Նոռա» ֆիլմն իր ժանրով «dance movie» է, որը պատմում է ծնունդով զիմբաբվեուհի պարուհի Նոռա Չինամիրեի մասին: Ֆիլմը նկարահանվել է Մոզամբիկում, որտեղ ստեղծագործական խումբը մի քանի ամիս է անցկացրել: Ժամանակակից պարի լավագույն կատարողներից մեկը լինելով` Նոռան դրամատիկ կենսագրություն ունի: Եվ նրա կյանքը պատկերվում է հենց պարի միջոցով: Պարն է ծնում էմոցիաներ ու կյանքի դրվագները ներկայացնում: Ֆիլմը նկարահանվել է 2008 թվականին ու արդեն հասցրել է 30-ից ավելի մրցանակների արժանանալ, ընդ որում` դրանց մի մասը հենց օպերատորինն են: Ֆիլմի ցուցադրման իրավունքները գնել են «ARTE» եւ «Մեցցո» եվրոպական մշակութային հեռուստաալիքները, իսկ մոտ ժամանակներս այն կցուցադրվի «MOMA» պատկերասրահների համաշխարհային ցանցում: Մկրտիչ Մալխասյանը վաղուց արդեն տարբեր միջազգային կինոնախագծերի է մասնակցում: Վերջերս նա ավարտել է Մարիա Սահակյանի «Ալավերդի» ֆիլմի նկարահանումները եւ այժմ ստեղծագործական խմբի հետ պատրաստվում է Դանիա մեկնել, որտեղ պետք է կատարվի ֆիլմի գունային մշակումը: «Այս ֆիլմն իր ձեւի մեջ շատ տարօրինակ ու հետաքրքիր է: Մենք միանգամից մի քանի տեսախցիկներով ենք նկարահանել` օգտագործելով հին ու նոր կինոժապավենը, թվային տեխնիկան, նույնիսկ մի քանի հատվածներ բջջային հեռախոսով ենք նկարել: Կարծես յուրաքանչյուր հերոսի համար իր հոգեվիճակին հարազատ տեխնիկա ենք ընտրել: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր արդյունք կստանանք»,- ասում է օպերատորը: