Ընթերցում ես, ուրեմն՝ մտովի բեմադրում ես

28/10/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երեւանում անցկացվում են «Ներկայի ռեանիմացիա» դրամատուրգիական ընթերցումները, որոնք ստացել են «միջազգային բաց փառատոն» անվանումը: Պիեսների հեղինակային ընթերցման ձեւաչափը, որն առաջին անգամ է օգտագործվելու Երեւանում, շատ ակտուալ է թատրոնի համար: Դրամատուրգիական նյութի հանրային ներկայացումը (առանց դեկորացիայի ու բեմականացման) շատ հաճախ նպաստում է բեմում արդի թեմաների հայտնվելուն: Այսօր շատ բարդ է բեմականացման համար պատրաստի պիես գտնելը, քանի որ մասնագիտական հանդեսները շատ քիչ են, իսկ ինտերնետային ցանցում կողմնորոշվելը` գրեթե անհնար (հեղինակները չեն կարեւորում տեքստերի հսկայական «աղբանոցում» իրենց գործերը տեղադրել, մանավանդ, որ հոնորար ստանալու հույսը չեն կորցնում): Եվ թատրոնների ղեկավարները շատ լավ հասկանում են, որ թատրոնի թարմացումը հենց իրենց` թատրոնների ձեռքերում է: Նոր դրամատուրգիայի որոնումներին մեծ նշանակություն է տրվում Ռուսաստանում, որտեղ անցկացվող «Նոր դրամա» եւ «Լյուբիմովկա» փառատոները ռեժիսորի, դրամատուրգի ու դերասանների անմիջական շփում են ենթադրում: «Ներկայի ռեանիմացիա» փառատոնի նախաձեռնողներն են դերասանուհի Նարինե Գրիգորյանն ու դրամատուրգ Վլադիմիր Բադասյանը, ով դեռ 1990-ականների վերջում այս կարգախոսով մանիֆեստ է գրել: Այժմ այդ գաղափարը (արդեն առանց Վ. Բադասյանի) կյանքի է կոչում Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, որի ղեկավար Արա Խզմալյանը նկատում է, որ այսօրվա հայ թատրոնում դրամատուրգիան ամայի վիճակում է հայտնվել: «Նույնիսկ զուտ ինֆորմացիոն առումով, մենք չգիտենք` թե ի՞նչ է կատարվում աշխարհում: Ինտերնետը երբեք չի կարող ամբողջովին փոխարինել կենդանի շփումը: Եվ ուրախալի է, որ դրամատուրգներից բացի՝ Երեւան են ժամանել նաեւ ռեժիսորներն ու պրոդյուսերները: Այնպես որ, մեր հետագա ծրագրերում համատեղ նախագծեր անելն է: Հրաշալի կլինի, եթե հայ ռեժիսորները մոլդովացի կամ ռուս հեղինակների գործերը բեմադրեն»,- ասում է նա: Ընթերցումների լեզուն ռուսերենն է, քանի որ փառատոնը հովանավորվում է ԱՊՀ եւ Բալթյան երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը: Ըստ Ա. Խզմալյանի` այսօր աշխարհի բոլոր թատրոնները նույն խնդիրներն ունեն. «Կարդում ես որեւէ թատերագիտական վերլուծություն ու համոզվում, որ թատրոնում եղած քաղաքական, ստեղծագործական, բարոյական խնդիրները զարմանալիորեն նույնն են»: «Ներկայի ռեանիմացիա» դրամատուրգիական փառատոնի մասնակիցներից է Լատվիայի դրամատուրգների գիլդիայի ղեկավար Դայնիս Գինվալդը, ով վստահ է, որ պիեսների ազատ ընթերցումը գործնական քայլ է` թատրոնի վերակենդանացման համար. «Կարեւորն այն է, որ նման փառատոներում հիմնականում երիտասարդներ են մասնակցում, որոնք միայն այստեղ կարող են արդի թատրոնի «բաց» էությունը հասկանալ, քանի որ արվեստի բուհերում նոր թատրոն չեն սովորեցնում: Ընթերցումները նաեւ որոշակի քաջալերման դեր են կատարում: Ռեժիսորներից շատերը վախենում են նոր դրամատուրգիայից, իսկ երբ գործնականորեն են շփվում հեղինակների հետ, ոգեւորվում ու գործի են անցնում»: Դ. Գինվալդը նկատում է, որ լատվիացի դրամատուրգները գիլդիայի ստեղծման անհրաժեշտությունը զգացել են ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո: «Մեր Գրողների միությունը (ինչպեսեւ ձերը) դրամատուրգիայի սեկցիա ուներ, որը բարեհաջող քայքայվեց այն ժամանակ, երբ դադարեց պետական ֆինանսավորումը: Դրամատուրգիան վակուումի մեջ հայտնվեց, եւ պիեսներ սկսեցին գրել դերասաններն ու ռեժիսորները: Կամ էլ շեշտը դրվեց կլասիկայի վրա, քանի որ մահացած հեղինակներին հոնորար վճարել պետք չէր»,- պատմում է նա: Ի դեպ` Լատվիայում Մշակութային կապիտալի հիմնադրամ է գործում, որն էլ իր փորձագիտական հանձնաժողովի միջոցով` գումար է տրամադրում հեղինակներին: «Մշակույթի նախարարությունը այս կամ այն նախագիծը ֆինանսավորելու իրավունք չունի: Ամեն բան այդ ֆոնդի ձեռքում է»,- ասում է Դ. Գինվալդը:

Զարմանալին այն է, որ Հայաստանում մի կողմից՝ աջակցություն է ցուցաբերվում թատերական փառատոներին, մյուս կողմից` սահմանափակվում է նոր գաղափարների մուտքը: Եվ հարց է ծագում` նույնիսկ, եթե ֆանտաստիկ հետաքրքիր պիեսներ գտնվեն, արդյո՞ք դրանք կբեմադրվեն: Չէ՞ որ պետության հովանու տակ գտնվող գրեթե բոլոր թատրոնները ուղղակի սարսափում են այդ նորից ու գերադասում են դատարկ դահլիճներում ներկայացումներ խաղալ, բայց որեւէ էքսպերիմենտ չանել: