Իրավաբանի անկյուն

28/10/2010

Հարց

Հորս մահից հետ 6 ամսվա ընթացքում ես որպես առաջին հերթի ժառանգ դիմում եմ ներկայացրել նոտարական գրասենյակ ժառանգությունն ընդունելու մասին: Առողջական խնդիրների պատճառով, 6 ամսյա ժամկետն անցնելուց հետո ի վիճակի չեմ եղել ժամկետը լրանալուց անմիջապես հետո ներկայանալ գրասենյակ` ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալու նպատակով: Հետագայում դիմելով նոտարական գրասենյակ, նոտարն ինձ մերժում է տրամադրել ժառանգության իրավունքի վկայագիր` պատճառաբանելով, թե իմ չներկայանալու հետեւանքով՝ ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել է եղբորս: Ինչպե՞ս կարող եմ վարվել տվյալ դեպքում:

ք.Երեւան, Ռ. Ավագյան

Պատասխան

Ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի, որը կատարվում է նոտարական գրասենյակ ժառանգությունն ընդունելու մասին դիմում տալու ճանապարհով, ինչը ձեր կողմից արդեն իսկ կատարվել է: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման oրվանից վեց ամuվա ընթացքում: Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման: Ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր uտանալու մաuին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Այս դեպքում, եթե անգամ դուք օբյեկտիվ պատճառներից ելնելով չեք կարողացել ժառանգությունն ընդունելու օրվանից 6 ամիս հետո ներկայանալ նոտարական գրասենյակ, դա չի զրկում ձեզ ժառանգման իրավունքից: Հետեւապես, նոտարն օրենքով սահմանված կարգով իրավունք չուներ ժառանգական զանգվածը հանձնել ձեր եղբորը` որպես վերջինիս ժառանգություն: Այստեղ նաեւ հարկ է նշել, որ եթե անգամ նոտարը հրաժարվել է տալ ձեզ ժառանգության իրավունքի վկայական, նշելով, թե դուք հրաժարվել եք դրանից, այդ եւս հիմնավորված չէ, քանզի ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման oրվանից վեց ամuվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը, սակայն, ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով:

Տվյալ դեպքում, եթե ձեր եղբոր կողմից դեռեւս չի կատարվել իրավունքների պետական գրանցում, դուք կարող եք հայց ներկայացնել դատարան` ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Իսկ, եթե իրավունքների պետական գրանցում արդեն կատարվել է ձեր եղբոր կողմից, հետեւապես, պետք է ներկայացնեք հայց` ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

«168 Ժամ» – Հարգելի ընթերցող, «168 Ժամ»-ում այսօրվանից մեկնարկած «Իրավաբանի անկյուն» խորագրի նյութերը պատրաստում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ): Կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով անվճար իրավաբանական ծառայություններ ստանալու համար կարող եք դիմել ՀԵԻԱ-ի Երեւանի հակակոռուպցիոն կենտրոն հետեւյալ հասցեով` ք. Երեւան, Նալբանդյան 7, գրասենյակ 2 (մուտքը բակի կողմից), կամ զանգահարել անվճար թեժ գիծ` 0-8000-11-10 հեռախոսահամարով: Խորագիրն այսուհետ լույս կտեսնի յուրաքանչյուր հինգշաբթի: Կներկայացնենք նաեւ ՀԵԻԱ-ի շնորհիվ քաղաքացիների` ոտնահարված իրավունքների վերականգնման մասին հաջողված որոշ պատմությունները: ՀԵԻԱ-ն նաեւ անվճար իրավաբանական ծառայություն կմատուցի «168 Ժամին» դիմած քաղաքացիներին, որոնց իրավունքները ոտնահարվել են, եւ որոնց խնդիրներին թերթն անդրադարձել է: ՀԵԻԱ-ն գործարկում է թվով 9 Շահերի պաշտպանության եւ աջակցության (հակակոռուպցիոն) կենտրոններ եւ ընդունարաններ Երեւան, Վանաձոր, Կապան, Հրազդան, Աշտարակ, Արարատ, Թալին, Ապարան, Գյումրի, Իջեւան եւ Եղեգնաձոր քաղաքներում: