Միացյալ Նահանգների նոյեմբերի 2-ի Կոնգրեսի ընտրությունները, հավանաբար, հսկայական ալեկոծումներ կառաջացնեն Ամերիկայի քաղաքական դաշտում: Քարոզչական գովազդներն ու քաղաքական մեկնաբանությունները ողողել են եթերը, եւ բոլորն անհամբերությամբ հետեւում են սոցիոլոգիական հարցումներին, տեսնելու՝ արդյո՞ք իրենց նախընտրած թեկնածուն կամ կուսակցությունը կհաղթի, թե՞ դուրս կմնա պայքարից: Բարաք Օբամայի ժողովրդականությունը երկու տարիների ընթացքում կտրուկ անկում է ապրել: Նախագահի վարչակազմի ձախողված աշխատանքից հիասթափված, ամերիկյան հասարակությունը երես է թեքել դեմոկրատ պաշտոնյաներից, որոնցից շատերն այժմ մտահոգված են Կոնգրեսում իրենց տեղերը կորցնելու վտանգով: Թեեւ դժվար է կռահել բոլոր թեկնածուների ընտրության արդյունքները, սակայն դիտորդներն ակնկալում են, որ հանրապետականները կվերցնեն Ներկայացուցիչների պալատը, բացառված չէ` նաեւ Սենատը: Եթե այս կանխատեսումներն իրականանան, ապա հավանաբար անելանելի իրավիճակ ստեղծվի Վաշինգտոնում մինչեւ հաջորդ նախագահական եւ Կոնգրեսի 2012 թվականի ընտրությունները: Իսկ մինչ այդ, Օբամայի վարչակազմի կողմից ձեռնարկված բոլոր նոր նախաձեռնությունները կսառեցվեն Կոնգրեսում, գրեթե անհնարին դարձնելով ազգային եւ պետական խնդիրների վերաբերյալ որեւէ կարեւոր օրենքի ընդունում: Ինչպե՞ս կքվեարկեն ամերիկահայերը նման խճճված իրավիճակում: Նրանց համար, ովքեր հավատարիմ դեմոկրատներ կամ հանրապետականներ են, հեշտ է ընտրություն կատարելը: Նրանք կընտրեն իրենց կուսակցության թեկնածուներին, անկախ` հիմնախնդիրների վերաբերյալ նրանց ունեցած դիրքորոշումից: Սակայն, հայկական հարցերով մտահոգված մարդիկ ավելի բարդ խնդրի առաջ են կանգնած: Նրանք կարող են ասել. քանի որ դեմոկրատները Ցեղասպանության բանաձեւի առնչությամբ իրենց խոստումը չհարգեցին, ուստի նրանց պետք է պատժել` քվեարկելով հանրապետական թեկնածուների օգտին: Սակայն խնդիրն այն է, որ Կոնգրեսի հանրապետական անդամները ավանդաբար ավելի քիչ են աջակցել Հայոց ցեղասպանության խնդրին, քան դեմոկրատները: Այսպիսով, քվեարկել բոլոր հանրապետականների օգտին` հագուրդ տալով զգացմունքներին, չի նպաստի Հայկական հարցին: Ընդհակառակը, հայերն ընտրած կլինեն թեկնածուների, որոնք ավելի քիչ աջակից են, քան Կոնգրեսի ներկայիս դեմոկրատ անդամների մեծամասնությունը: Գոյություն ունի եւս մեկ տարբերակ. ընդհանրապես չմասնակցել ընտրություններին, քանզի ո՛չ դեմոկրատները, ո՛չ էլ հանրապետականները իշխանության եղած ժամանակ հայկական հարցերի վերաբերյալ իրենց խոստումները չեն կատարել: Սակայն սա այնքան էլ լավ տարբերակ չէ, քանի որ դրանով կվատնվեն հայ համայնքի տասնամյակներ ի վեր կատարած քաղաքական ներդրումներն Ամերիկայի քաղաքացիական կյանքում: Ամերիկահայ ընտրողների քննարկմանը ներկայացվող իմ տարբերակը չի ներառում վերոնշյալ տարբերակներից եւ ոչ մեկը. կուրորեն մի՛ քվեարկեք ձեր կուսակցության թեկնածուների օգտին եւ մի՛ հրաժարվեք ընտրություններին մասնակցելուց: Լավագույն ընտրությունը հետեւյալն է. յուրաքանչյուր կուսակցությունից քվեարկել այն թեկնածուի օգտին, որն առավել ակտիվ աջակցություն է ցուցաբերել հայկական հարցերի հանդեպ: Նրանք, ովքեր չեն ցանկանա քվեարկել թեկնածուի հայկական հարցերի դիրքորոշման հիման վրա, պետք է հիշեն, որ ընտրողների մեծամասնությունն իր ընտրությունը կատարում է՝ ելնելով անձնական շահերից: Հրեաները, սեւամորթները, իսպանախոս ամերիկացիները, թուրքերը եւ այլ էթնիկ խմբեր քվեարկում են այն թեկնածուների օգտին, որոնք սատարում են իրենց հարցերին: Բարձր եկամուտ ունեցողները, որպես կանոն, քվեարկում են հօգուտ այն թեկնածուների, որոնք նրանց խոստանում են հարկերի կրճատում, մինչդեռ աղքատ ժողովուրդը սովորաբար աջակցում է սոցիալական ծառայությունների ֆինանսավորմանը կողմ արտահայտվողներին: Ինչո՞ւ պետք է հայերը բացառություն կազմեն եւ խուսափեն նեցուկ լինել այն թեկնածուներին, որոնք բարեհաճ են հայկական հարցերի նկատմամբ: Ընտրողներն իրենց ընտրությունը կատարում են՝ ելնելով սեփական շահերից: Իսկ հետագայում ընտրողների հակասական շահերը հավասարակշռելն արդեն ընտրված պաշտոնյաների խնդիրն է: Ամերիկահայերը կարող են իրենց աջակիցներին Կոնգրեսում պահել, վերընտրելով Ներկայացուցիչների պալատի 120 դեմոկրատ եւ 36 հանրապետական անդամների, եւ Սենատի 12 դեմոկրատ, երկու հանրապետական եւ մեկ անկախ անդամի, որոնք բարձր գնահատականի են արժանացել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից: Միաժամանակ, ամերիկահայերը կարող են Կոնգրեսում կրճատել իրենց հակառակորդների թիվը` սատարելով այն թեկնածուներին, որոնք պայքարում են Ներկայացուցիչների պալատի 18 դեմոկրատ եւ 22 հանրապետական անդամների դեմ, որոնք Հայ Դատի հանձնախմբի կողմից արժանացել են բացասական գնահատականի: Կոնգրեսի անդամների անհատական տվյալները ճշտելու համար խնդրում ենք նայել Հայ Դատի հանձնախմբի հաշվառման քարտերը հետեւյալ կայքում՝ www.anca.org: Ի վերջո, բոլորը պետք է տեղյակ լինեն, որ նոյեմբերի 2-ի ընտրությունների հաջորդ օրն իսկ ոչ պաշտոնապես մեկնարկում է 2012-ի նախագահական ընտրարշավը: Այս առումով խիստ մտահոգիչ է, որ անցյալ ուրբաթ նախագահ Օբաման ժամանել էր Լոս Անջելես եւ Գլենդել, եւ ոչ մի հայ բողոքի ձայն չբարձրացրեց նրա ներկայությամբ: Մի՞թե կարելի էր, որ հայերն անտեսեն այն փաստը, որ Նախագահն իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում չկատարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը: Ճիշտ այն պահին, երբ Օբաման հուսահատ ճիգերով փորձում էր ընտրողներին համոզել աջակցել դեմոկրատ թեկնածուներին, Հարավային Կալիֆոռնիայի հսկայական հայկական համայնքը ձեռքից բաց թողեց ամերիկյան լրատվամիջոցների առաջ Նախագահին իր դժգոհությունն արտահայտելու եզակի հնարավորությունը: Հայերն իրենց բացթողումներով չարագուշակ ուղերձ են հղում բոլոր թեկնածուներին. դուք կարող եք որեւէ բան խոստանալ հայերին, ստանալ նրանց փողերն ու ձայները, իսկ ընտրությունից հետո կարող եք խախտել ձեր խոստումը` մնալով անպատիժ: Հայերը պետք է արթնանան իրենց թմբիրից: Եթե նրանք ցանկանում են, որ ընտրված պաշտոնյաներն իրենց լրջորեն ընդունեն, ապա պետք է վարձահատույց լինեն քաղաքական աջակիցներին եւ պատժեն իրենց հակառակորդներին:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր