Գերմանական «Bild» պարբերականի թղթակիցը զրուցել է Օբերհաուզենի ակվարիումում սատկած ութոտնուկ Պաուլի «մտերիմ ընկերների» հետ: Ակվարիումի մարքետինգի գծով մենեջեր Տանյա Մունցիգը խոստովանել է, որ նման ելքը սպասելի էր. «Վերջին օրերին նա ակտիվ չէր, քիչ էր ուտում: Մեզ համար շատ տխուր է»,- ասել է նա: «Նա հասցրեց հետք թողնել մեր սրտերում, մենք շատ կտխրենք: Միակ մխիթարանքն այն է, որ կա այլ ութոտնուկ, որը կարող է փոխարինել Պաուլին: Սպասենք Եվրոպայի առաջնությանը, տեսնելու համար, թե արդյոք, նա ընդունակություններ ունի՞»,- ասել են ակվարիումի աշխատակիցները: Հիշեցնենք, որ արդեն «հանգուցյալ» ութոտնուկը ծնվել է անգլիական Վերմուտ քաղաքում, սակայն հետո տեղափոխվել էր Գերմանիա: Ակվարիումի աշխատակիցների խոսքով, նա մահացել է ծերությունից: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նա ճիշտ էր գուշակել Գերմանիայի մասնակցությամբ խաղերն ու եզրափակիչը: