Պահանջել է 8 տարի

26/10/2010

Վեց ամիս առաջ Ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով մեղադրող կողմը երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պահանջել է գործով գլխավոր մեղադրյալին` Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանին, 8 տարվա ազատազրկման դատապարտել: Հարությունյանը, ով չի ընդունում իր մեղքը, մեղադրվում է Վահան Խալաֆյանին ծեծի ենթարկելու մեջ, ինչը հանգեցրել է ինքնասպանության: Մեղադրող կողմը նաեւ պահանջել է նույն բաժնի քրեական հետախուզության օպեր-լիազորներ Մորես Հայրապետյանին, Գագիկ Ղազարյանին եւ Գարիկ Դավթյանին դատապարտել պայմանական ազատազրկման` 2-ից 1.5 տարի ժամկետով, եւ նշանակել մինչեւ 2 տարի փորձաշրջան: Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ Աշոտ Հարությունյանի գործողությունները չկանխելու համար: Ելույթ ունենալով դատարանում, տուժածի իրավահաջորդ Հմայակ Խալաֆյանն ասել է, թե դատարանում չի ապացուցվել ինքնասպանության վարկածը: