«Չափազանց դատարկամիտ է ջանասիրությունը, որով քաղաքական որոշ շրջանակներ եւ վերջիններիս հարող լրատվամիջոցներ հետեւողականորեն պրոպագանդում են այն ցնորամտությունը, թե իբր ԱՄՆ-ում տարատեսակ հանցագործություններ կատարելու համար ձերբակալված ոմն «Պզո», նույն ինքը` Արմեն Ղազարյանը, ինչ-ինչ շփումներ է ունեցել մեր պետության բարձրաստիճան անձանց հետ»,- անդրադառնալով այն լուրերին, թե «Պզոն» սերտ առնչություններ է ունեցել ՀՀ իշխանությունների հետ, երեկ ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը: «Ձեռնպահ մնալով այդ տեսակ քաղաքական շրջանակների եւ լրատվամիջոցների վարքի գնահատումից` հարկ եմ համարում նշել, որ «Պզո» հորջորջվող Ա. Ղազարյանը ժամանակին իսկապես եղել է Ոստիկանության ուշադրության կենտրոնում եւ մի խումբ անձանց հետ միասին կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանություն: Որոշ ժամանակ անց Ղազարյանը բաց է թողնվել, քանի որ ՀՀ տարածքում վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չեն եղել»,- ասել է նա` հավելելով, թե վերոհիշյալ իրողության մեջ «ուշագրավ ոչինչ չկա, քանզի, «օրենքով գողերն» ու «հանցավոր այլ հեղինակությունները» մշտապես գտնվել են Ոստիկանության ուշադրության տիրույթում»: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից եւ ոչ մեկը հանդես չի եկել Ղազարյանին ազատ արձակելու միջնորդությամբ: Միաժամանակ, ավելորդ չեմ համարում հավելել, որ այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Արամ Սարգսյանը երբեւէ հանդես չի եկել որեւէ անձի ձերբակալելու նախաձեռնությամբ»,- հավելել է նախկին ոստիկանապետը: