Երեկ ԱԺ-ն իր հերթական քառօրյա նիստերը սկսեց վերանորոգված ու նոր տեխնիկայով համալրված շքեղ դահլիճում: Արդյո՞ք այդ պայմանները կստիպեն, որ բարձրանա ԱԺ-ի օրենսդրական գործունեության արդյունավետությունը, որ պատգամավորները քվեարկությունից անմիջապես հետո չհեռանան դահլիճից: «Բոլորովին էլ պարտադիր չէ, որ բոլոր պատգամավորները ներկա լինեն նիստերին: Պատգամավորները ներկա են լինում միայն իրենց հետաքրքրող օրինագծի քննարկմանը»,- հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի խոսքով՝ սա այն դեպքն է, որ կոստյումը չպետք է զարդարի մարդուն: «Օրենսդրական գործունեությամբ զբաղվող ցանկացած մարդ ցանկացած պայմաններում կարող է աշխատել: ՀՀ առաջին խորհրդարանը` Գերագույն խորհուրդը, գործում էր էքստրեմալ պայմաններում, պատերազմական իրավիճակում, եւ շատ օրենքներ ընդունվում էին պատերազմի ընթացքում: Իմ գնահատականով եւ պրոֆեսիոնալ եւ քաղաքական որակներով մինչ օրս այդ պառլամենտն անգերազանցելի է: Թեեւ տրամաբանորեն պետք է լիներ հակառակը, բայց, ցավոք սրտի, տարեցտարի պառլամենտի այդ որակները սկսել են զիջել իրենց նախորդներին»,- ավելացրել է նա: