1999թ. «Հոկտեմբերի 27»-ից 11 տարի անց ոչ միայն չեն բացահայտվել այդ ողբերգության կազմակերպիչները, այլեւ չեն իմաստավորվել այդ ոճրագործության ու դրա նկատմամբ հասարակության անտարբերության պատճառները: Ավելին` «Հոկտեմբերի 27»-ն աստիճանաբար դառնում է տարվա մեջ եւս մեկ օր սգալու մի առիթ: Ինչո՞ւ, այնուամենայնիվ, չձեւակերպվեց այդ ոճրագործությունը բացահայտելու հասարակական պահանջ: «Հանրային պահանջի բացակայությունը թույլ չի տալիս հաղթահարել «Հոկտեմբերի 27»-ի բարդույթն ու հետեւանքները»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հ/կ նախագահ, 1999թ. վարչապետ Վազգեն Սարգսյանի մամլո-քարտուղար Տիգրան Հակոբյանը` դրան հաջորդած մեկ տարվա ընթացքում հասարակության ակտիվությունը պայմանավորելով զգացմունքային պատճառներով: «Դա ավելի շատ զգացական, հուզմունքային պահանջ էր. կատարվել էր սոսկալի, դաժան մի բան, որը 100-ապատկվեց հեռուստատեսության ազդեցության շնորհիվ… Սակայն ժամանակը, ինչպես տեսնում ենք, հանդարտեցրեց հուզմունքը, որին չեկավ փոխարինելու միասնական պահանջը` գնահատել այդ ողբերգությունն ու, ինչպես ասում են, դասեր քաղել: Կարծում եմ, չէր կարող ներքին խնդիրները լուծելու պահանջ ձեւավորվել մի երկրում, որտեղ միայն արտաքին գործոններն են ինչ-որ չափով կոնսոլիդացնում ազգը»: Իսկ ինչո՞ւ ադեկվատ չեղավ իշխանությունների արձագանքը: Ի վերջո, սպանել էին իրենց նմաններին, եւ գոնե տեսակի պահպանման բնազդը պետք է հուշեր` փորձել հասկանալ կատարվածի ողջ ողբերգությունը: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Տ. Հակոբյանը նկատել է. «Իսկ ո՞վ է ասում, թե իշխանությունները հետեւություններ չեն արել. մեծացնում են թիկնազորը, զրահապատ մեքենաների քանակը, բարձրացնում են շենքերի պարիսպները, խստացնում են սեփական անվտանգության համակարգը: Լավ, դա իշխանությունները, իսկ հարյուր-հազարավոր հասարակ քաղաքացիները: Նրա՞նք ինչով պետք է պաշտպանվեն: Այստեղ ստիպված եմ հետեւյալ «հերետիկ» միտքն արտահայտել: Մենք բնազդաբար մինչեւ այժմ բացարձակ չարիք ենք համարում թուրքական ջարդերը, թուրքի տակ ապրելը, թրքությունն` առհասարակ: Եվ դա տանում է մեզ հավերժ համեմատությունների, որից հետեւում է, որ այդ արհավիրքների, բացարձակ չարիքների դիմաց ցանկացած «մերը», «ազգայինը» (պետություն, իշխանություն, ռեպրեսիվ համակարգ) ավելի լավ է, տանելի, ապահով: Այսինքն` ի՞նչ էր «Հոկտեմբերի 27»-ը Եղեռնի համեմատ, ի՞նչ է «Հոկտեմբերի 27»-ը` մեր հարատեւ եւ տառապալի պատմության համեմատ: Եվ դրանով է բացատրվում, որ թուրքի թափած արյունը մենք համարում ենք որպես մեր ցեղակցի թափված արյուն, մե՛ր ձեռքով թափված մեր ցեղակցի արյունը` ոչ… Դա խանգարեց մեզ ընկալել, թե ինչպիսի հարված, ինչպիսի չարիք էր «Հոկտեմբերի 27»-ը: