Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն իր սեփական հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) համար օգտագործում է Շաքիի ջրվեժի ջուրը: Բնակիչները պատմում են, որ ջրվեժի գեղեցկությունը տեսնելու, վայելելու համար պետք է նախապես խնդրել-վճարել միջնորդներին, որպեսզի քաղաքապետին վճարեն-համոզեն ջրվեժի ջուրն ամբողջությամբ բաց թողնել: Քաղաքի պատկան մարմինները բնակիչներին պատճառաբանել են՝ իբր ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով, սակայն սիսիանցիների հավաստմամբ՝ ջուրը գնում է քաղաքապետին պատկանող ՀԷԿ: Հիշեցնենք, որ մինչ այդ Սիսիանի ներկա եւ նախկին քաղաքապետերի միջեւ լուրջ պայքար էր ծավալվել տեղական «Սյունի» կամ «Որոտանի ղողանջներ» հեռուստաընկերության շուրջ: Ներկա քաղաքապետն ընտրվելուց 1 տարի անց փաստացի դադարեցրեց «Սյունիի» գործունեությունը՝ փոխարենը բացելով «Սիսակն» սեփական հեռուստաալիքը, որին էլ ուղղվում են քաղաքապետարանի գումարները: Ընդ որում՝ «Սիսակն TV»-ն՝ շաբաթական մեկ անգամ մոտ 30 րոպե լրատվական թողարկմամբ եթեր է հեռարձակվում «Անգեղ TV» կաբելային հեռուստատեսությամբ: «Անգեղ TV»-ն խախտում է գործունեության կանոնադրությունը. այն կարող է ընդհատել, ասենք, «Շանթ» հ/ը հաղորդումը կամ գովազդը՝ տեղադրելով իր սեփական գովազդը, որը պատմում է, օրինակ, Սիսիանի կահույքի խանութի մասին: Կատարվող այս եւ բազմաթիվ անօրինականությունների մասին սիսիանցիները լռում են՝ հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ քաղաքապետի լծակները: